
Արցախում անհայտ անձը մտել է դպրոցի շենք. ԱՀ քննչական կոմիտե

2021թ. հոկտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նպատակով, մեխանիկական ներգործության միջոցով ջարդելով մուտքի դռան փականը, ապօրինի մուտք է գործել ԱՀ Մարտունի քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի շենք և գաղտնի հափշտակել խոշոր չափերի՝ ընդհանուր 1.273.600 ՀՀ դրամ արժողությամբ,տարբեր տեսակի ապրանքներ:
Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: