Ամբողջ ԱԱԾ-ն աշխատում է խեղճ դատավորների դեմ, և հիմա ուզում են իրենց սրտի դատավորներին բերել. Իսագուլյան

«Խայտառակ պարտությունից, դավաճանությունից հետո, հիմա անհասկանալի երևույթներ են տեղի ունենում Հայաստանում»,- «Հայելի» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

«Գոնե ինչ-որ տեղ դատարանները որոշեցին, որ չեն միանալու Նիկոլ Փաշինյանի հանցավոր խմբին և նրա կատարած հանցանքների հանցակիցն ու մասնակիցը չեն դառնա: Եվ ահա այստեղ է, որ Նիկոլը փրփրել է և ամեն ինչ անում է, որպեսզի դատարանները, դատական համակարգը նույնպես ենթարկի իրեն: Այսօր իշխանական բուրգերից առայժմ, ըստ էության, աշխատում են միայն դատարանները: Եվ, եթե երրորդ ոտքն էլ է կարողանում կոտրել, ՀՀ-ն այլևս համարել պետականություն՝ անհնար է լինելու»,- հավելեց նա:

Խոսելով Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանի ձերբակալության մասին՝ Իսագուլյանն ասաց, որ նա ամեն ինչ կորցրել է և գիտի, թե ով է դրա մեղավորը:

«Մեղավորը Նիկոլն ու իր ոհմակն է: Ասում են՝ թուրքական, ադրբեջանական գործակալներ, դրանք այլևս ապացուցման կարիք չունեն: Վահան Բադասյանը հայտարարեց, որ ուզում է ֆիզիկապես էլ Նիկոլին ոչնչացնել: Ոչ ոք չի ուզում մտնել այդ մարդու հոգեվիճակի մեջ, անմիջապես կալանավորում, մեղադրանք են առաջադրում: Նա կորցրել է ծնողների գերեզմանը: Պատկերացնո՞ւմ եք, Նիկոլը կորցներ ամեն ինչ: Հիմա այն դատավորը, որը պետք է նայի Բադասյանի աչքերին ու ասի՝ Վահան Բադասյան, քեզ կալանավորում եմ, ինչի՞ համար: Նույնը՝ Արագած Ախոյանի, Հակոբկոխյանի դեպքում: Պատկերացնո՞ւմ եք դատավորին, որ պետք է Բադասյանին կալանավորի»,- նշեց Գ.Իսագուլյանը:

Խոսելով ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի մասին՝ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահն ասաց, որ արդեն դատավորների վրա սարսափելի ճնշում կա:

«Ամբողջ ԱԱԾ-ն աշխատում է խեղճ դատավորների դեմ, և հիմա ուզում են իրենց սրտի դատավորներին բերել, որոնք իրենց կամքի համաձայն, երբ ասեն՝ գնացեք Իսագուլյանին կալանավորեք, գնան կալանավորեն»,- եզրափակեց նա:

Տեսանյութեր

Լրահոս