«Զորավարժությունն ուղերձ է Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի իշխանություններին․ այն անցկացվում է հայ-թուրքական սահմանին մոտ, իսկ այդ սահմանը պաշտպանում է Ռուսաստանը». Թուրքագետ
Փետրվարի 1-12-ը Թուրքիան Կարսի նահանգում մեծ զորավարժություն կանցկացնի, որին կմասնակցեն նաև Ադրբեջանի մեծ թվով զինվորականներ։ Ինչպես տարածում են թուրքական լրատվամիջոցները, այդ զորավարժությունների ընթացքում Թուրքիան փորձարկելու է նոր սպառազինություն։
168.am-ի հետ զրույցում անդրադառնալով զորավարժություններին և դրա հնարավոր վտանգներին՝ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը նշեց, որ զորավարժության նպատակներից է հայ հանրության շրջանում վախի ու խուճապի մթնոլորտ ստեղծելը, ադրբեջանական զինուժի մկանների ցուցադրությունը, Թուրքիայի ռազմարդյունաբերության վերջին շրջանի նորությունների փորձարկումը։
«Բացի այդ, զորավարժությունը նաև ուղերձ է Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի իշխանություններին, քանի որ զորավարժություններն անցկացվում են հայ-թուրքական սահմանին մոտ, իսկ այդ սահմանը պաշտպանում է Ռուսաստանը։
Մենք ի՞նչ պետք է անենք, պետք է հաշվի առնենք այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում, այսինքն՝ ոչ թե երևակայական ասենք՝ ամեն ինչ լավ է, նոյեմբերի 9-ից հետո արդեն խաղաղություն է, այլ ադեկվատ պետք է գնահատենք մեր հակառակորդի գործողությունները՝ դրանց պատասխանելով համարժեք ձևով։ Իհարկե, կողմնակից եմ, որ պետք է լավ հարաբերություններ ունենանք, սակայն չպետք է կորցնել ողջախոհությունը, Ադրբեջանը նոյեմբերի 9-ից հետո էլ է շարունակում հայ մարդկանց գերեվարել՝ ցույց տալով իր ռազմատենչ հռետորաբանությունը և շարունակելով իր հակահայկական գործողությունները։ Թուրքիայի պաշտպանության նախարարն այս զորավարժությունների հետ կապված հիշատակում է Հայաստանը, այսինքն՝ տարածվում է պաշտոնական հայտարարություն, որտեղ հիշատակվում է Հայաստանի անունը։
Նա ասել է, որ ողջունում է Հայաստանի բանակի դեմ Արցախում փայլուն հաղթանակ տարած ադրբեջանցի եղբայրներին։ Կարծում եմ՝ սա մեր իշխանությունների կողմից անպայման պատասխանելու առիթ է տալիս, քանի որ, եթե այդ զորավարժությունները խաղաղ բնույթ են կրում, դրանք ուղղված են Ադրբեջան-Թուրքիա փոխհամագործակցությանը, ապա ինչո՞ւ են այսպիսի ենթատեքստով հրապարակում զորավարժության վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը»,- հավելեց Անդրանիկ Իսպիրյանը։
Ինչ վերաբերում է ռազմատենչ հայտարարությունների համատեքստում ճանապարհների ապաշրջափակմանը և դրա վտանգներին, թուրքագետը նշեց, որ կան բազմաթիվ դեպքեր, երբ երկու հարևաններն արյունահեղ պատերազմից հետո կարողացել են ընդհանուր հայտարարի գալ, բացել ճանապարհները, բարեկամանալ, սակայն դա չի կարող միակողմանի լինել։ Այսինքն՝ հայկական կողմը հայտարարում է խաղաղության մասին, սակայն հակառակ կողմից չկա պատասխան, սա նշանակում է, որ հաշվարկները ճիշտ չեն արված։
«Հունվարի 11-ին Մոսկվայում եռակողմ՝ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ, երբ խոսեցին ճանապարհների ապաշրջափակման մասին, հայկական կողմը շտապեց հայտարարել, որ առևտուր են անելու նրանց հետ։ Սա ոչ միայն ժամանակավրեպ էր, այլև իրավիճակը ոչ սթափ գնահատելու արդյունք էր։ Իհարկե, ամեն ինչ էլ հնարավոր է, բայց պետք է այդ ամենը երկկողմանի լինի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ կապված։ Նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի կողմից շարունակվել է հայերի գերեվարությունը, որոնք դեռևս գտնվում են Ադրբեջանում, խոսել այն մասին, որ հայերը կամ հայկական բեռները կարող են Ադրբեջանով հասնել Ռուսաստան՝ անիրատեսական է։ Այդ ո՞ր հայը կարող է Ադրբեջանով գնալ ՌԴ, երբ գիտի, որ Ադրբեջանը պատերազմից հետո մարդկանց է գերեվարում, նաև քաղաքացիական անձանց»,- շեշտեց թուրքագետը։
Հարցին՝ հնարավո՞ր է՝ զորավարժությունների ավարտին, Թուրքիան օգտվելով Հայաստանում ստեղծված իրավիճակից՝ դիմի ռազմական ագրեսիայի, Անդրանիկ Իսպիրյանը պատասխանեց, որ չպետք է մոռանալ ռուսական գործոնի մասին, և եթե միայն Հայաստանը լիներ, ապա Թուրքիան վաղուց այդ ագրեսիան իրականացրել էր, սակայն հայ-թուրքական սահմանին տեղակայված է ռուսական ռազմաբազան։
«Այս պահին, երբ Ռուսաստանն այնքան էլ թույլ չէ և միանշանակ կպաշտպանի Հայաստանին, իրատեսական չէ, որ Թուրքիան կհարձակվի Հայաստանի վրա»,- եզրափակեց Անդրանիկ Իսպիրյանը։