Տոնոյանը, եթե ոչ հավասար, ապա ոչ պակաս պատասխանատու է այս դավաճանական ողջ գործընթացի համար. Նարեկ Մանթաշյան

«Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցի վերաբերյալ, կարծում եմ՝ շատ ասելիք չկա, որովհետև փորձեց ևս մեկ անգամ մաքրվել և հաստատել, որ ամեն դեպքում առաջնային մեղավորը վարչապետ Փաշինյանն է: Հաստատվեց Գլխավոր շտաբի կողմից, որ իրենք զգուշացրել են Փաշինյանին, որ բանակն անկարող է շարունակել՝ այս տեմպերով պատերազմ իրականացնել»,- «Հայելի» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ ասաց «Երիտասարդի ձայնը» ՀԿ նախագահ Հովհաննես Հարությունյանը՝ ընդգծելով, որ 2.5 տարվա ընթացքում շատ սխալներ են արվել:

«Պատահականության սկզբունքով չեն կարող այդքան սխալներ լինել: Անհնար է՝ Դ.Տոնոյանը չհասկանա, որ պատերազմից առաջ, եթե դուք տեղյակ եք, որ հավանական է՝ պատերազմ սկսի, գոնե առաջնային կարևորության ռազմական տեխնիկայի մշտական տեղակայման վայրերը պետք է փոփոխվի: Ու այդ չփոխելու հետևանքով հենց առաջին օրն Արցախում տեղակայված հակաօդային պաշտպանության կեսից ավելին ոչնչացվել է»,- հավելեց նա:

Շարունակելով գործընկերոջը՝ «Այլընտրանք» ՀԿ նախագահ Նարեկ Մանթաշյանը նշեց.

«Մի ասացվածք կա՝ «Զատիկից հետո ձու չեն ներկում»: Եթե պարոն Տոնոյանն ուներ ասելիք, նա անմիջական պատասխանատուներից մեկն էր, որ պետք է պատերազմական օրերին պատերազմ վարեր: Նա այն կեղծ թեզը, փափուկ բարձը դնողն էր՝ «Նոր տարածքներ, նոր պատերազմ» և այսօր օրակարգը և փաշինյանական ջրաղացին ջուր լցնելու համար կարծես թե թենիս խաղան՝ ամեն մեկը գնդակը մյուսի դաշտ գցելով: Իրար պասեր տալով՝ փորձում են հանրային օրակարգը շեղել՝ դավաճանական իշխանությանը հեռացնելու գործընթացից: Տոնոյանը, եթե ոչ հավասար, ապա ոչ պակաս պատասխանատու է այս դավաճանական ողջ գործընթացի համար: Եվ կարծում եմ՝ առաջիկայում, երբ կունենանք լեգիտիմ և Հայաստանի ժողովրդին մոտ կանգնած, նրա բնավորությանը, հայի տեսակին հարիր իշխանություններ, ապա Տոնոյանը ևս կունենա իր պատասխանատվության բաժինը: Որովհետև, եթե կային մեղավորներ՝ որպես ՊՆ՝ պետք է քրեական գործի շրջանակներում դա ներկայացներ ցուցմունքի, ոչ թե հարցազրույցի տեսքով: Այդ նույն Տոնոյանն էր, որ ասում էր՝ անօդաչուների անհրաժեշտությունը չունենք: Այդ նույն Տոնոյանն է, ով պետք է պատասխանի հարցերի մեծ տրցակի, թե, օրինակ, ընդդիմադիր գործիչների ինչպիսի ցուցակներ էին կազմվում և ուղարկվում առաջնագիծ: Շատ հարցերի պատասխաններ ակնկալում ենք ստանալ Դավիթ Տոնոյանից, Օնիկ Գասպարյանից և ռազմաքաղաքական այլ ղեկավարներից: Նրանք պետք է հարցաքննվեն քրեական գործի շրջանակներում: Նրանք փաստացի համապատասխանատուներն են 5000-ից ավելի կյանքերի»:

Խոսելով Լիլիթ Մակունցի ԱՄՆ դեսպան նշանակվելու լուրերի մասին՝ Նարեկ Մանթաշյանն ասաց.

«Նիկոլ փաշինյանական խունտայում չկան անցյալ ունեցող, իրենց գործի գիտակ մարդիկ: Այնտեղ բոլորը պատահական, քայլելու, ինչ-ինչ բարեկամական կապերի, անգլերեն սովորեցնելու արդյունքում են հայտնվել: Դեսպանի թեկնածուն, ի դեպ, շատ վատ է անգլերեն սովորեցրել Փաշինյանին: Հենց լսում ես՝ հիասթափվում ես լատինական տառախմբից: Եվ այդ գիտելիքների բազա ունեցող աղջկան նշանակել աշխարհի խոշորագույն երկրներից մեկում Հայաստանի ներկայացուցիչ՝ ես նորմալ եմ վերաբերվում, որովհետև աշխարհն ի վերջո պետք է տեսնի, թե ո՞վ է Նիկոլ Փաշինյանը: Վերջին շրջանի բոլոր նշանակումները չեն ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը: Տիկին Մակունցը լա՞վ Մշակույթի նախարար էր՝ ոչ, լա՞վ պատգամավոր է, ոչ: Իսկ ինչո՞ւ պետք է լավ դեսպան լինի»:

Հովհաննես Հարությունյանն էլ նկատեց՝ այս 2.5 տարվա ընթացքում ձախողվել է դիվանագիտությունը: «Դա ոչ միայն տգիտության, անփորձության, այլև դիտավորության հետևանք էր: Երկրորդը ռազմական բալանսի տոտալ խախտումն էր, ինչպես նաև երկրի ներսում հաղթանակի, հերոսների արժևորման գաղափարի պղծումն էր: Այս երեք փուլերը միաժամանակ դեռևս շարունակվում են»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս