Իրանը խախտում է չեզոքությունը.  ինչպե՞ս կարձագանքի Երևանը

Արցախյան պատերազմից հետո ստեղծված  նոր իրողությունների ֆոնին մեկնարկել է  Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆի բազմականգառ այցը տարածաշրջան: Ավելի վաղ Զարիֆը նշել էր, որ մտադիր է այցելել այն երկրներ, որոնք կօգնեն ղարաբաղյան ճգնաժամից դուրս գալ և տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատել:

Ըստ ԱԳՆ-ի՝ իրանական պատվիրակությունը տարածաշրջան է մեկնում խաղաղության և կայունության գաղափարներն առաջ տանելու համար: Ռուսաստանի մայրաքաղաքում Զարիֆը կլինի  հունվարի 26-ին, որտեղ նրան կընդունի  պաշտոնակից Սերգեյ Լավրովը: Ըստ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության՝ քննարկվելու են միջազգային և տարածաշրջանային օրակարգի առանցքային թեմաները, այդ թվում՝ իրավիճակը ԼՂ հարցում, միջուկային ծրագրի, սիրիական կարգավորման, Աֆղանստանի և Պարսից ծոցի գոտում իրավիճակի շուրջ: Ըստ վերոնշյալ հաղորդագրության՝ փոխշահավետ համագործակցության զարգացումը և Ռուսաստանի ու Իրանի էական ներուժների միավորումը կարող է ոչ միայն բարենպաստորեն անդրադառնալ երկու երկրների վրա, այլև բարելավել իրավիճակն Անդրկովկասի, Մերձավոր և Միջին Արևելքի տարածաշրջաններում՝ ստեղծելով լրացուցիչ պայմաններ այնտեղ կայուն խաղաղության ու կայունության ապահովման համար:

ԻԻՀ ԱԳ ղեկավարն իր այցը սկսել է Բաքվից, որտեղից կմեկնի Ռուսաստան, Վրաստան, Հայաստան և վերջում էլ՝ Թուրքիա: Իրանցի պաշտոնյան  Բաքվում  մի շարք բարձրաստիճան  հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում քննարկվել է Հյուսիս-Հարավ ծրագիրը, Խոդաֆերինի ջրամբարի և Օրդուբադի ու Մարազադի ՀԵԿ-երի շահագործման ուղղությամբ համագործակցությունը, տարածաշրջանում տնտեսական համագործակցության հեռանկարը, ղարաբաղյան խնդիրը և Իրանի համագործակցությունը տարածաշրջանի վեց երկրների ձևաչափով ստեղծվելիք պլատֆորմի շրջանակներում: Ադրբեջանում Զարիֆի հանդիպումներում քննարկվել է  նաև  Ադրբեջանի հսկողության տակ հայտնված տարածքների տնտեսական վերականգնման աշխատանքներին իրանական ընկերությունների մասնակցության հնարավորությունը: Զարիֆն Ալիևի հետ քննարկել և վեցակողմ տարածաշրջանային համագործակցությանը մասնակցելու ցանկություն է հայտնել:

Ուշագրավ է, որ ԻԻՀ ԱԳ նախարար Զարիֆը հայկական կողմի համար տհաճ հայտարարություններ է արել Բաքու այցի մեկնարկին: Իրանական Irna գործակալության փոխանցմամբ՝ Զարիֆն ասել է, որ Իրանն ուրախ է՝ Ադրբեջանի տարածքներն ազատագրվել են օկուպացիայից և այդ հողերը վերստին ադրբեջանցի ժողովրդի հսկողության ներքո են, միևնույն ժամանակ նշելով, որ Իրանի համար կարևոր են Ղարաբաղի հետ կապված հարցերը, այնտեղ կայունությունը, այդ տարածքների վերականգնումը, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությունն ու Հյուսիս-Հարավ, ինչպես նաև Հարավ-Արևմուտք միջանցքները:

Հարկ է հիշեցնել, որ մոտ մեկ ամիս է անցել Իրան-Ադրբեջան-Թուրքիա դիվանագիտական փոխհրաձգությունից, որի պատճառը դեկտեմբերի սկզբին Ադրբեջանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ելույթն էր, որի ընթացքում վերջինս  հատված էր արտասանել Բախտիար Վահաբզադեի պոեմից՝ Արաքս գետի մասին հիշատակմամբ, որն Իրանում ընկալել էին՝ որպես հավակնություններ Իրանի հյուսիսային շրջանների՝ Ատրպատականի հանդեպ: Ինչպես հայտնի է, պանթյուրքական ծրագրով նախատեսվում է  Արաքս գետով կիսված երկու Ադրբեջանների միավորում: Իրանի ԱԳ նախարարն իր թվիթերյան էջում նույնիսկ արձեագանքել էր ելույթին՝ ասելով. «Էրդողանին չեն տեղեկացրել, որ այն, ինչն ինքն աղավաղված մեջբերել է Բաքվում, վերաբերում է Արաքսից հյուսիս գտնվող Իրանի հողերի՝ իրանական հայրենիքից բռնի կերպով տարանջատելուն: Նա չգիտե՞ր, որ դրանով խարխլում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը: ՈՉ ՈՔ չի կարող խոսել ՄԵՐ սիրելի Ադրբեջանի մասին»։

«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ պատերազմից սկսած Իրանը նկատում է, որ Թուրքիայի դիրքերն ամրանում են այն տարածաշրջանում, որտեղ արդեն իսկ մեծ ազդեցություն ունի Ռուսաստանի Դաշնությունը, և որին հարևան է Իրանը, և չունի նույնչափ ազդեցություն, ինչ ՌԴ-ն ու Թուրքիան: Ըստ նրա, պատերազմի ընթացքում Իրանի ԱԳ փոխնախարարի այցը գրեթե նույն կանգառներով տարածաշրջան և կարգավորման ծրագրի ներկայացումը փորձ էր տեղավորվել տարածաշրջանային զարգացումներում՝ ստանալով այնպիսի ազդեցություն, ինչ Ռուսաստանն ու Թուրքիան:

«Սակայն Իրանը հակամարտող երկրներից ոչ մեկի հետ չունի այնպիսի սերտ  կապեր, ինչ Հայաստանն ու Ադրբեջանը՝ Ռուսաստանի և Թուրքիայի հետ: Կանխատեսելի ու հասկանալի է այն, որ եռակողմ հայտարարություններից հետո Իրանը փորձում է ներգրավվել տարածաշրջանային զարգացումներում, հատկապես, որ իրավիճակ է փոխվել իրանական սահմաններին, որտեղ Իրանի ԶՈՒ-ն կենտրոնացել էր պատերազմի ընթացքում՝ հաշվի առնելով հնարավոր սպառնալիքները, ինչպես նաև ահաբեկչական վտանգը, որի մասին չափազանց շատ էր խոսվում: Ուստի, կարող եմ ասել, որ սա առաջին հերթին՝  անվտանգության հարց է Իրանի համար: ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ սառը, խնդրահարույց հարաբերությունների պայմաններում Իրանը չի կարող իրեն շռայլություն թույլ տալ՝ անտեսելու տարածաշրջանում իր համար հնարավոր վտանգավոր զարգացումները և փոփոխությունները: Սերտ շփումները և համագործակցությունն իրանական ընկալմամբ կարող են շատ վտանգներ չեզոքացնել: Ընդհանուր առմամբ այս գլխավոր նպատակից է ելնում Զարիֆի այցը տարածաշրջան»,- ասաց Լուկիանովը:

Ըստ նրա՝ Իրանի կողմից վեցակողմ պլատֆորմին համաձայնությունը փոքր-ինչ արհեստական է հնչում, քանի որ այն  դեռ խնդրահարույց է դիտարկվում դրան մասնակցող որոշ երկրների տեսանկյունից: Վերլուծաբանի խոսքով, Իրանի պահվածքը վերջին ամիսներին, հայտարարությունները, պաշտոնական հանդիպումների ընթացքում արված դիտարկումները բոլորը թույլ են տալիս եզրակացնել, որ կան անվտանգության խնդիրներ, և Իրանը փորձում  է դիրքավորվել, դուրս չմնալ զարգացումների կիզակետից, ավելին, ներկայանալ՝ որպես տարածաշրջանային տերություն՝ ինչպես Սիրիական հակամարտությունում Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը: «Թե այս դեպքում որքանո՞վ կհաջողվի՝ կդժվարանամ ասել, քանի որ սա այլ հակամարտություն է, այստեղ այլ կապեր են աշխատում»,- ասաց Լուկիանովը:

Ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ևս կարծում է, որ Իրանը դիրքավորման խնդիր ունի ներկայումս իր հարևան տարածաշրջանում, որտեղ պատերազմի հետևանքով ամրապնդվել են Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական դիրքերը:  Ավելին, նրա խոսքով՝ շարունակվում են  ամրապնդվել, խորանալ, սպասվում են նոր զորավարժություններ համատեղ,  և յուրաքանչյուր երկիր հատկապես ահաբեկչական վտանգից անհանգստացող՝ անհանգստանում է սեփական անվտանգության համար:

«Նկատում ենք, որ պատերազմը լրջորեն անհանգստացրել է Իրանին, մոտեցրել վտանգները: Իսկ դիվանագիտական լեզուն շատ երանգներ ունի, և ամեն ինչ չէ, որ պետք է ընկալել ուղիղ: Կարծում եմ՝ Իրանի համար Հայաստանը ռազմավարական կարևորություն ունեցող գործընկեր է, այդ ճակատն Իրանը պահելու է, սակայն կան զարգացումներ, որոնք Իրանն իր ոճով փորձելու է վերահսկել: Իրանը հասկանում է նաև, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվում նոր ճանապարհների և ուղիների շուրջ, Իրանը ևս շահեր ունի այդ հարցում: Այցը ճիշտ ժամանակահատվածում է տեղի ունենում: Իրանական կողմն ունի այդ իրավունքը, կսպասենք դրա արդյունքներին»,- ասաց վերլուծաբանը:

Ամփոփելով  Զարիֆի ադրբեջանական կանգառին ու հակահայկական ձևակերպումներին հաջորդած հայկական որոշ արձագանքները՝ մնում է սպասել հունվարի 27-ին Զարիֆի այցին Երևան՝ հասկանալու համար՝ ինչպե՞ս է հայկական կողմն արձագանքելու Զարիֆին, և ինչպե՞ս է իրանական կողմը մեղմելու այդ արդարացված արձագանքները կամ հնարավոր խնդիրները, որոնք տրամաբանորեն կարող են ծագել հայ-իրանական հարաբերություններում Իրանի ԱԳ նախարարի ադրբեջանահաճո ձևակերպումների հետևանքով:

Տեսանյութեր

Լրահոս