Համակարգը ճաքեր է տալիս

Նիկոլ Փաշինյանին ընդամենը 2 տարի 8 ամիս էր պետք՝ Հայաստանի էներգետիկ համակարգը քանդելու և կոլապսի առաջ կանգնեցնելու համար։ Իշխանության գալուց առաջ նա խոստանում էր կարգի բերել այս համակարգը։ Մինչդեռ՝ 2 տարի 8 ամսում հասել ենք մի վիճակի, երբ Հայաստանը սնուցող գազատարի վրա մեկօրյա տեխնիկական աշխատանքներ կատարելու պատճառով ստիպված ենք սպառողներին զրկել գազից և անջատել հոսանքը։

Օրերս «Գազպրոմ Արմենիան» տեղեկացրեց, որ Հայաստանի բնական գազի առաքումն ապահովող «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» 1020 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել դադարեցնել ԱԳԼՃԿ-ների և Երևանի ՋԷԿ-ի գազամատակարարումը:

Իր հերթին՝ մի հայտարարություն էլ տարածեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ գուժելով ոչ միայն գազի, այլև էլեկտրաէներգիայի մատակարարումների դադարեցման մասին։

Թե ինչո՞ւ է առաջացել նման խնդիր, դեռ կանդրադառնանք։ Բայց մինչ այդ պատկերացրեք՝ ի՞նչ կլինի, եթե Հայաստանի գազամատակարարումը մի քիչ ավելի երկար ժամանակով դադարեցվի։

Վերջին տարիներին առաջին անգամ չէ, որ տեխնիկական աշխատանքներ են կատարվում Հայաստանը սնուցող գազատարի վրա։ Այդպիսի աշխատանքներ միշտ էլ կատարվել են, այն էլ՝ շատ ավելի երկար ժամանակով։ Բայց ներքին սպառողների գազի ու հոսանքի անջատման կարիք չի եղել։ Չի եղել, որովհետև մենք ունենք գազի ստորգետնյա պահեստարան, որտեղ կարող է ոչ թե մի քանի օրվա, այլ մի քանի ամսվա համար անհրաժեշտ գազ պահուստավորվել։ Եթե ստիպված ենք անջատել սպառողների գազը, նշանակում է՝ այդ պահեստարանում կամ անհրաժեշտ քանակությամբ գազ չկա, կամ այլ խնդիրներ կան։

Սպառողների գազամատակարարման դադարեցումն այս անգամ կապված էր այլ խնդիրների, մասնավորապես, պահեստարանից գազի առաքման տեխնիկական սահմանափակ հնարավորությունների հետ։ Պահեստարանից կարող է առաքվել օրական առավելագույնը 6 մլն խորանարդ մետր գազ։

Իսկ ինչո՞ւ է առաքման հնարավորությունը 6 և ոչ թե, ասենք, 10 միլիոն խորանարդ մետր։

Պետք է ենթադրել, որ այս հարցի պատասխանը ներդրումների մեջ է։ Տեխնիկական խնդիրը լուծելու համար ներդրումներ են պետք։ Իսկ իշխանությունները վերջին 2-3 տարիներին ընկերությանը զրկել են ներդրումներ կատարելու հնարավորությունից, ինչ է թե՝ սպառողներին ցույց տան, որ սակագները չեն բարձրացնում։

Սակագները չբարձրացնելու դիմաց համակարգը կանգնեցրել են ահա այսպիսի խնդիրների առաջ։ Նման խնդիրների առաջիկայում դեռ շատ ենք հանդիպելու։

Բայց դա չէ միայն։ Նախկինում էլ գազատարի վրա տեխնիկական աշխատանքներ կատարելու պատճառով բազմիցս դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը։ Ու որպես փոխարինող հնարավորություն՝ օգտագործվել է իրանական գազը։ Ճիշտ է, Իրանից մենք գազ ենք ստանում էլեկտրաէներգիա արտադրելու և վերադարձնելու համար, ու այդ գազի ծավալը սահմանափակ է, բայց անհրաժեշտության դեպքում՝ Իրանը միշտ էլ պատրաստ է եղել ավելացնել գազի մատակարարումը Հայաստան։ Հետագայում, երբ այդ անհրաժեշտությունը վերացել է, մատակարարումների համապատասխանեցման միջոցով տարբերությունները վերականգնվել են։

Ինչո՞ւ հիմա հնարավոր չէր նույն կերպ վարվել։ Ու հասել ենք այնտեղ, որ անջատում ենք ոչ միայն գազալցակայանների, այլև Երևանի ՋԷԿ-ի գազամատակարարումը։ Այն դեպքում, երբ Երևանի ՋԷԿ-ն աշխատում է գազ-էլեկտրաէներգիա ծրագրի շրջանակներում և ստացված իրանական գազի դիմաց էլեկտրաէներգիա է մատակարարում այդ երկիր։

Սա լրջորեն մտածելու տեղիք է տալիս։

Ակնհայտ է, որ վերջին շրջանում Իրանի հետ մեր՝ ինչպես քաղաքական, այնպես էլ՝ տնտեսական հարաբերությունները մի տեսակ ավելի սառն են։

Դա նկատելի է նաև էներգետիկ համագործակցության ոլորտում։ Նախատեսված բազմաթիվ ծրագրեր հայտնվել են հարցականի տակ։ Իշխանափոխությունից հետո դրանք աշխուժացնելու ուղղությամբ այդպես էլ չհաջողվեց ոչ մի առաջընթաց արձանագրել։

Դանդաղ են ընթանում երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման աշխատանքները։ Այդ աշխատանքները վաղուց պետք է ավարտված լինեին, բայց մինչև հիմա ձգձգվում են։

Դժվար է հիշել, թե վերջին անգամ երբ է խոսվել Մեղրի ՀԷԿ-ի կառուցման ծրագրի մասին։ Փոխարենը՝ ղարաբաղյան պատերազմից հետո էներգետիկ ոլորտում ակտիվացել են Իրանի և Ադրբեջանի շփումները։ Արդեն կա պայմանավորվածություն Խուդաֆերինի ջրամբարի վրա էլեկտրակայան կառուցելու մասին։

Իսկ մենք տարիներ շարունակ դոփում ենք տեղում։ Ու մինչ Իրանի հետ էներգետիկ ծրագրերը կարող էին ավելացնել Հայաստանի էներգետիկ համակարգի կարողությունները՝ մենք հիմա ավելի շատ խնդիրներ ենք կուտակում, քան փորձում ենք դրանք լուծել։

Ընդ որում, խնդիրները միայն գազամատակարարման համակարգում չեն։ Ամբողջ էներգետիկ համակարգն է հայտնվել խնդիրների մեջ։

Ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համար նախատեսված աշխատանքներն ուշացնելու հետևանքով ստիպված եղանք բարձրացնել հոսանքի սակագինը։ Մինչդեռ, այդ աշխատանքները ժամանակին կատարելու պարագայում՝ նման փաստի առաջ չէինք կանգնի։ Այսօր ստիպված չէինք լինի նաև Երևանի ՋԷԿ-ը կանգնեցնելու պատճառով բախվել էլեկտրաէներգիայի պահանջարկը բավարարելու խնդրի հետ։

Եթե գործող ատոմակայանի հետ կապված աշխատանքներն են այս վիճակում, դժվար չէ պատկերացնել, թե ինչ «առաջընթաց« ունենք նոր ատոմակայանի կառուցման ծրագրի իրականացման ուղղությամբ։ Իշխանությունները վաղուց մոռացել են այդ մասին։

Ձախողվել է նաև Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծի կառուցումը, որով նախատեսվում էր մեր էներգետիկ համակարգը կապել Ռուսաստանի հետ՝ վերածելով տարածաշրջանային հաբի։ Նոր-նոր հիշել են էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ձևավորման մասին, երբ այդ աշխատանքները տարիներ առաջ էին սկսվել, իսկ վերջին տարիներին ուղղակի մտել էին փակուղի։

Հայաստանի էներգետիկ համակարգում խնդիրներն օր օրի շատանում են։ Գազամատակարարման ոլորտում արդեն սկսել ենք պարտքեր կուտակել, չնայած ընդամենը 6 ամիս առաջ է վերանայվել և բարձրացվել սակագինը։ Էլեկտրաէներգիայի նոր սակագները գործողության մեջ կմտնեն փետրվարի 1-ից, բայց արդեն հիմա խոսվում է սակագների վրա ճնշման մեծացման մասին։

Այլ կերպ, թերևս, չէր կարող լինել։ Երբ սակագները զսպելու համար համակարգին զրկում ենք ժամանակին ներդրումներ կատարելու և տեխնիկական վերազինում իրականացնելու հնարավորությունից, դա հետո ինչ-որ տեղից դուրս է գալու։ Ու հիմա ստիպված ենք լինելու ավելի թանկ վճարել ոչ միայն՝ այդ ծառայություններից օգտվելու, այլև՝ կորցրածը հետ բերելու համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս