«Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստանը» կողմ են քվեարկելու վարչապետի պաշտոնում Էդմոն Մարուքյանի թեկնածությանը. Գևորգ Գորգիսյան

Նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնի համար։

Թեկնածուն երեկ հանդիպել էր «Իմ քայլը» խմբակցության անդամներին, այսօր խորհրդարան էր գնացել՝ հանդիպելու ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ։

Հանդիպումից հետո ինքը՝ Ջհանգիրյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ կարծում է, որ կարողացել է փարատել «Լուսավոր Հայաստան» խմբակցության կասկածները՝ կապված իր թեկնածության հետ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց՝ քանի որ իրենց խմբակցությունը երբեք չի տառապել քաղաքական ռասիզմով, ուստի բարեհամբույր մթնոլորտում ընդունել են Ջհանգիրյանին ու տվել իրենց հուզող հարցերը, իսկ թեկնածության քվեարկության մասին դեռ խմբակցությունը նիստ չի գումարել, քննարկում դեռ  տեղի չի ունեցել։

«Հարցեր շատ կային՝ հատկապես նրա անցյալի հետ կապված։ Ինձ համար տարօրինակ էր նրա առաջադրումը, որովհետև եթե Փաշինյանը խոսում է բանակը կեղեքելու և թալանելու մասին, ապա նրա նշած այդ ժամանակահատվածում Ջհանգիրյանը եղել է զինվորական դատախազ, ուստի եթե ինչ-որ բաներ կային, որոնք պետք է բացահայտվեին, ապա հենց Ջհանգիրյանը պետք է դրանք բացահայտեր։ Ինձ մոտ հարց է առաջանում՝ հների և նորերի բաժանումներ արած, հներին մերժած Նիկոլ Փաշինյանի համար արդյոք չկա՞ր որևէ այլ մարդ, որը կարող էր այդ պաշտոնին հավակնել»,- ասաց Գորգիսյանը՝ նշելով, որ քանի դեռ իրենց խմբակցությունը նիստ չի գումարել այս հարցով, չի կարող հստակ դիրքորոշում հայտնել, սակայն այդ դիրքորոշումը հայտնելուց առաջ իրենց ուշադրության կենտրոնում  են լինելու Գագիկ Ջհանգիրյանի անվան հետ կապված քննադատությունները՝ սկսած նրա պաշտոնավարման ընթացքում զինվորական սպանություններն ինքասպանություններ դարձնելու մասին ահազանգերից ու դժգոհություններից, վերջացրած այն հարցով, թե ինչպես զինդատախազ Ջհանգիրյանը կարողացավ առանց պաշտոնից հրաժարվելու 2008 թվականին գնալ և մասնակցել քաղաքական միտինգների, ինչի համար նա դա արեց, ինչի հետևանքով էլ զրկվեց  իր դասային աստիճանից ու պաշտոնից։

Ընդդիմադիր խմբակցության անդամ պատգամավորի հետ քննարկեցինք նաև այս օրերին ընդդիմության կատարած քայլերի արդյունավետության հարցը։  Ըստ Գորգիսյանի՝ այն, որ նոյեմբերի 9-ին կապիտուլյացիայի ակտ ստորագրած  Նիկոլ Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել՝ պատճառն  իշխանափոխության հասնելու համար 17 ընդդիմադիր կուսակցությունների որդեգրած սխալ հռետորաբանությունն ու գործիքակազմն է։

Պատգամավորը վստահ է՝ սխալ մեթոդները, հարթակում ոչ ճիշտ մարդկանց հայտվելն էր, դավաճանության և ատելության մթնոլորտի խորացումն էլ  նպաստեց, որ  «Իմ քայլը» համախմբվի, ավելի ուժեղանա, ինչպիսին չէր նոյեմբերի 9-ից հետո՝ մինչև 17 կուսակցությունների համատեղ հայտարարությունները։

Փոխարենը, ըստ Գորգիսյանի, իրենք որպես ընդդիմադիրներ՝ արդյունավետ են գործել ու հասել են նրան, որ «Իմ քայլը» խմբակցությունում արդեն կան պատգամավորներ, որոնք կողմ կքվեարկեն, երբ իրենք վարչապետի թեկնածու առաջադրեն Էդմոն Մարուքյանին։

«Մենք հասել ենք նրան, որ «Իմ քայլը» խմբակցությունում կան մարդիկ, որոնք պատեհ պահի կողմ կքվեարկեն, և մեր թեկնածուն կդառնա վարչապետ։ Հենց Նիկոլ Փաշինյանը տա հրաժարական, առաջարկելու ենք Էդմոն Մարուքյանին վարչապետի պաշտոնում. կրկնում եմ՝ «Իմ քայլում» կգտնվեն 24 պատգամավոր, որոնք կողմ կքվեարկեն Էդմոն Մարուքյանին, ժամանակը կգա՝ կտեսնեք։ «Բարգավաճ Հայաստանը» ևս կողմ կքվեարկի, կրկին՝ կգա ժամանակը՝ դա էլ տեսնենք»,- ասաց Գորգիսյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս