Հայաստանի 4-րդ խոշոր հարկատուն այսօր աշխատում է սահմանափակ ծավալներով

2020 թվականի նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից հետո իշխանության որոշ քարոզիչներ սկսեցին կարծիք հայտնել, թե այլևս բոլոր հնարավոր վատ երևույթներն ավարտված են, ու Հայաստանին սպասվում է պայծառ ապագա: Սակայն, ի թիվս այլ հարցերի՝ նման պնդումներին հիասթափեցնելու եկավ Սոթքի ոսկու հանքի հարցը:

Նոյեմբերի 26-ին Սոթքի հանքի տարածքում հայտնվեցին Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները, ովքեր, աշխատակիցների պնդմամբ, իրենցից պահանջել էին հեռանալ տարածքից: Ու թեև այս տեղեկությունն անմիջապես փորձեց հերքել Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը, տեղեկությունը հաստատվեց:

Նոյեմբերի 27-ին արդեն Սոթքի հանքավայրի տարածքում դե ֆակտո տեղակայվեցին հայկական ու ադրբեջանական զինված ուժեր, ովքեր, հանքի տարածք այցելած պատգամավորների ու հանքի աշխատակիցների պնդմամբ, կանգնած են իրարից 1 մետր հեռավորության վրա:

Արդեն այսօր, ադրբեջանցիների՝ հանքի տարածք մտնելուց մոտ 1.5 ամիս անց, Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի (կենտրոնը՝ Սոթք) ղեկավար Հակոբ Ավետյանի փոխանցմամբ, հանքի մեծ մասը ադրբեջանցիների վերահսկողության տակ է, աշխատակիցների մի մասն էլ՝ դեռևս անորոշ իրավիճակում:

«Ոսկու հանքի հետ կապված՝ ասեմ, որ մասնակի է աշխատում, որովհետև մեծ մասն ադրբեջանցիների վերահսկողության տակ է այս պահին: Դա դեռ ժամանակավոր, վերջնական սահմանները չէ, բայց այս պահին մասնակի է աշխատում դրա պատճառով:

Աշխատակիցների ինչ-որ մասը հիմա չեն գնում աշխատանքի, բայց ազատված էլ չեն, հիմնարկը պահում է իրենց, մինչև երևի հասկանան՝ ինչ է լինում, ինչ մասշտաբի կարող են աշխատել: Բայց այս պահին աշխատողները մնում են դեռ գործի մեջ»,- 168.am-ի հետ զրույցում երեկ ասել էր Գեղամասար համայնքի (կենտրոնը՝ Սոթք) ղեկավար Հակոբ Ավետյանը՝ նշելով, որ իր տեղեկություններով՝ մայիսից պետք է ձևավորվի միջկառավարական հանձնաժողով, որը պետք է որոշի սահմանների հարցը:

Նշենք, որ Սոթքի հանքի շահագործումն իրականացնում է ռուսական կապիտալով «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը: Ընկերությունը շահագործում է Հայաստանի ոսկու ամենամեծ հանքավայրը՝ ստանալով տարեկան շուրջ 4 տոննա ոսկի։ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը Հայաստանի 4-րդ խոշոր հարկատուն է:

2019 թ․ ընկերությունը պետական բյուջե էր վճարել ավելի քան 13,6 մլրդ դրամ:

2020 թվականի առաջին 9 ամիսներին «Գեոպրոմայինգ Գոլդի» կատարած հարկային պարտավորություններն արդեն անցնում են 16,2 միլիարդից, որը համարժեք է 33 մլն դոլարին։

«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունից 168.am-ին հայտնեցին, որ ոսկու հանքն այս պահին աշխատում է սահմանափակ ծավալներով:

«Հանքավայրն իր գործունեությունն իրականացնում է սահմանափակ ծավալներով, այսինքն՝ այն ծավալների սահմաններում, որը մնացել է Հայաստանի Հանրապետության տարածքում»,- 168.amին փոխանցեցին «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունից:

Սոթքի հանքավայրի հետ կապված շատ հարցեր դեռ անորոշ են: Քննարկման ենթակա դեռ շատ հարցեր կան, քանի որ, ինչպես իշխանություններն են նշում, նույնիսկ պետությունների մեջ պաշտոնապես դելիմիտացիա, դեմարկացիա, այլ կերպ ասած, սահմանների հստակեցում չի եղել: Շատ հարցերի պատասխաններ կտրվեն դելիմիտացիայից ու դեմարկացիայից հետո: Իսկ դելիմիտացիան ու դեմարկացիան ենթադրում են բավականին ժամանակատար գործընթաց: Որպես օրինակ՝ կարող ենք նշել Վրաստանի հետ մեր սահմանը:

Դելիմիտացիան՝ առաջնային աշխատանքն արված է, բայց դեմարկացիան դեռևս ավարտված չէ:

Իսկ թե ի՞նչ է անում ՀՀ կառավարությունն այս ու սահմանների անվտանգության հետ առնչվող մյուս հարցերը կարգավորելու համար՝ դեռևս տեսանելի չէ:

Տեսանյութեր

Լրահոս