Սոթքի ոսկու հանքի մեծ մասը ադրբեջանցիների վերահսկողության տակ է հիմա, մայիսից նոր պետք է սահմանների հարցը որոշվի. Սոթքի համայնքապետ

2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունից մի քանի շաբաթ անց ադրբեջանական զինուժը հայտնվել էր Սոթքի հանքավայրի տարածքում՝ ժամանակ տալով աշխատակիցներին դուրս գալ հանքավայրից: Հայտարարության ստորագրումից անցել է ավելի քան 2 ամիս, սակայն սահմանների որոշման աշխատանքներն ամեն անգամ անակնալի են բերում հանրությանը: Մեխանիկորեն՝ GPS կամ GOOGLE քարտեզներով իրականացվող սահմանների որոշումը, մարդկանց կենսական իրավունքները լրջորեն վտանգելու, ապրուստը հոգալու խնդրի առաջ է կանգնեցրել: Այս արձանագրումն արել էր ՄԻՊ Արման Թաթոյանը՝ Գեղարքունիքի մարզ այցից հետո: Երեկ էլ Արման Թաթոյանը հայտնեց, որ խնդիրներ կան Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կուտ, Նորաբակ, Շատվան, Տրետուկ համայնքներում:

Այսօր 168.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի (կենտրոնը՝ Սոթք) ղեկավար Հակոբ Ավետյանը ասաց, որ այս պահին համայնքի բնակիչների մոտ ամեն բան կարծես նորմալ է, բոլորը զբաղված են իրենց աշխատանքով:

Խոսելով Սոթքի հանքավայրի շահագործման մասին, որը, ադրբեջանցիների՝ հանքատարածք մտնելուց հետո որոշ ժամանակ չէր շահագործվում, համայնքի ղեկավարը նշեց.

«Ոսկու հանքի հետ կապված՝ ասեմ, որ մասնակի է աշխատում, որովհետև հիմա մեծ մասն ադրբեջանցիների վերահսկողության տակ է այս պահին: Դա դեռ ժամանակավոր, դեռ վերջնական սահմանները չէ, բայց այս պահին մասնակի է աշխատում դրա պատճառով:

Աշխատակիցների ինչ-որ մասը հիմա չեն գնում աշխատանքի, բայց ազատված էլ չեն, հիմնարկը պահում է իրենց, մինչև երևի հասկանան՝ ինչ է լինում, ինչ մասշտաբի կարող են աշխատել: Բայց այս պահին աշխատողները մնում են դեռ գործի մեջ»:

Հարցին, թե արդյո՞ք համայնքի ղեկավարը տեղյակ է՝ երբ և ինչպես են իրականացվելու սահմանների հստակեցման աշխատանքները, Հակոբ Ավետյանը պատասխանեց.

«Շատ հստակ չեմ կարող ասել, բայց իմ իմացած տեղեկություններով՝ մայիսից պետք է ինչ-որ հանձնաժողովներ լինեն՝ եռակողմ, նաև Ռուսաստանի միջամտությամբ, նոր այդ սահմանների հարցը պետք է որոշվի: Դա՝ իմ իմացածով»:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ մեր զինված ուժերը սահմանին են, «ձիգ» են: Հակոբ Ավետյանի փոխանցմամբ՝ այս ընթացքում միջադեպեր չեն եղել:

Անդրադառնալով բնակիչների՝ ապրուստը հոգալու հարցին՝ Ավետյանն ասաց, որ խնդիրը հիմնականում անասնապահությանն է վերաբերում, որովհետև արոտավայրերը հիմա չեն կարողանում օգտագործել:

«Մեր վարչական տարածքներից ոչ մի մետր հող էլ չի անցել իրենց: Մեր բոլոր սահմանները պահպանվում են: Ուղղակի այն ժամանակ, որ Քարվաճառի ու մեր հետ սահման չկա, անասնապահությունը կարողանում էին անցկացնել այն կողմ, ազատ էր էլի տարածքը, իսկ հիմա գնում են, էդտեղ կանգնած են ադրբեջանցիները, այդ մասերը հլը որ անօգտագործելի է: Բայց դա մեր վարչական տարածքից դուրս է: Մեր հողերից ոչ մի մետր չի անցել իրենց:

Այն ժամանակ, որ կարողացել են ազատ անցնել այդ սահմանը, դա եղել է ընդհանուր տարածք, հիմա չեն կարողանա արդեն անցնել: Անասնապահության հետ կապված լուրջ խնդիր կունենանք»,- ասաց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավարը:

Տեսանյութեր

Լրահոս