«Այսօր Արցախի հատվածում են թիրախավորում, վաղը Տավուշի հատվածում սրացումներ կմտցնեն, մյուս օրը՝ Սյունիքի». Վիտալի Մանգասարյան
«Եթե երեկ ադրբեջանական կողմը օդ էր կրակում», ինչի մասին ասում էին Արցախի պաշտոնյաները, մեղմ ասած, իրենց անտրամաբանական պարզաբանումներում՝ նշելով, որ այդ կրակոցները «վտանգ չեն ներկայացնում», ապա այսօր, ցավոք սրտի, ականատես ենք լինում, որ օդ կրակելուն հաջորդում է թիրախային կրակոցը, ինչն Ադրբեջանի դեպքում առավել քան տրամաբանական գործողություն է։
168.am-ի հետ զրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը:
Նշենք, որ հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը:
Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ և բարեհաջող վիրահատվել: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:
«Վերջին 30 տարիների ընթացքում Ադրբեջանը բազմիցս ապացուցել է, որ ցանկացած պայմանավորվածություն խախտելու մեծ վարպետ է , և նոյեմբերի 9 ին ստորագրած փաստաթուղթն այս դեպքում բացառություն չէ»,- նշեց Մանգասարյանը:
Թե որքանով է հնարավոր, որ արցախյան վերը նշված սադրանքները վերաճեն ավելի մեծ գործողությունների, ինչո՞ւ չէ՝ սադրանքներ լինեն ՀՀ սահմանային հատվածներում՝ նախիջևանյան թև, Տավուշ:
«Հասկանում եմ, որ բանակն այս փուլում չափազանց շատ խնդիրներ ունի, բայց պետք է հստակ գիտակցել բոլոր ռիսկերը և քայլեր իրականացնել: Այսօր Արցախի հատվածում են թիրախավորում, վաղը Տավուշի հատվածում սրացումներ կմտցնեն, մյուս օրը՝ Սյունիքի, և այդպես շարունակ, այդ մասով նրանց ձեռագրում բան չի փոխվել»,- մեր հարցադրմանն արձագանքեց ռազմական փորձագետը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը 168.am-ի հետ զրույցում նախազգուշացրել էր, որ արցախաադրբեջանական զորքերի շփման գծում տարաբնույթ միջադեպերը՝ անկանոն կրակոցներ, քաղաքացիական մեքենաների ուղղությամբ սադրանքներ, որոնք առաջին հայացքից լոկալ բնույթի փոքր դեպքեր են, սակայն հստակ ցուցիչ՝ անվտանգային խնդիրների սրվելու մեծ ռիսկեր կան, և սցենարային տարբեր զարգացումներ կարող են ունենալ։
«Սցենարային առումով սրանք կարող են լոկալից լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերածվել, հատկապես, եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում անվտանգության ապահովման լիարժեք երաշխիքներ չկան։
Ճիշտ է՝ Արցախում խաղաղապահ զորախումբ է տեղակայվել, ռուսական կողմը աշխատանքներ է տանում՝ ինչպես անվտանգային, այնպես էլ՝ սոցիալ-տնտեսական ուղղություններում, սակայն դրանք արցախցիների համար ցանկալի անվտանգություն դեռևս չեն ապահովում։
Հենց միայն այն հանգամանքը, որ պատերազմից հետո խրամատների տարբեր կողմերում՝ բավականին կարճ միջդիրքային տարածության մեջ, հայերն ու ադրբեջանցիներն են, արդեն իսկ խոսում է այն մասին, որ տարբեր բնույթի միջադեպերը վատ առումով երաշխավորված են։
Նման կոնֆլիկտների պարագայում սահմանագծվում է ապառազմականացված գոտի, հակամարտ կողմերի միջև տեղակայվում խաղաղապահ ստորաբաժանումները, անվտանգության լրացուցիչ երաշխիքներ ստեղծվում, սակայն ներկայումս նման պատկեր չունենք։
Այս ավերիչ պատերազմից հետո հայկական ու ադրբեջանական կողմերը շփման գծի տարբեր հատվածներում ծառայություն են իրականացնում 30-40 մետրի վրա, ինչը տարբեր գործոններով պայմանավորված՝ արդեն իսկ ռիսկ է»,- մանրամասնել էր նա: