
«Մեր դիրքերի ուղղությամբ որևէ կրակոց չի եղել». Վահրամ Պողոսյան

Երեկ Wargonzo-ի Ստեփանակերտի աղբյուրները հայտնել էին, որ Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձագային զենքից կրակ է աձակել Ղարաբաղում.
«Անկանոն կրակոցներ են արձակվել Շուշիի շրջանում: Մեծ մասը կրակոցներ են օդում, սակայն կրակում են նաև Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ»:
168.am-ը հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով դիմել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանին: Նա վստահեցրեց, թե որևէ արտառոց բան տեղի չի ունեցել:
«Այդպիսի իրավիճակ մենք ունեցել ենք նաև դեկտեմբերի 31-ին՝ Նոր տարվա գիշերը, երբ ադրբեջանցիներն օդ էին կրակել: Այս անգամվա կրակոցները, ես՝ գոնե Ստեփանակերտի բնակիչ, չեմ լսել, բայց ՊԲ-ից արդեն տեղեկացրել են, որ եղել են մի քանի կրակոցներ՝ այն էլ օդ, այսինքն՝ մեր դիրքերի ուղղությամբ որևէ կրակոց չի եղել: Ասեմ ավելին՝ այս պահի դրությամբ Ադրբեջանի օկուպացված տարածքներում, բնականոն հունով ընթանում են որոնողական աշխատանքները՝ դիակների հայտնաբերման ուղղությամբ: Արցախում իրավիճակը նորմալ է, մեզ համար մտահոգիչ են հենց այդպիսի տեղեկատվություն տարածող աղբյուրները, որոնք անիմաստ և անտեղի խուճապ են առաջացնում խաղաղ բնակչության շրջանում, որևէ մտահոգիչ խնդիր չկա և ռուսական խաղաղապահ զորքերը լիովին իրականացնում են իրենց աշխատանքը ՊԲ զինվորների հետ միասին»,- ասաց Վահրամ Պողոսյանը: