«Նիկոլ Փաշինյանը փորձում է ամրագրել ստանձնած բոլոր պարտավորությունները. դրանց մի մասը դեռ չի իրականացվել, մյուս մասը տեղի է ունեցել բանավոր պայմանավորվածության հիման վրա». Տիգրան Աբրահամյան

168.am-ի հարցազրույցը «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:

 Վերջին շրջանում արցախաադրբեջանական զորքերի շփման գծում տարաբնույթ միջադեպեր են գրանցվում՝ անկանոն կրակոցներ, քաղաքացիական մեքենաների ուղղությամբ սադրանքներ։ Դուք ֆեյսբուքյան ձեր գրառման մեջ նշել եք՝ առաջին հայացքից դրանք լոկալ բնույթի փոքր դեպքեր են, սակայն հստակ ցուցիչ են, որ անվտանգային խնդիրները սրվելու մեծ ռիսկեր  կան և սցենարային տարբեր զարգացումներ կարող են ունենալ։ Ի՞նչ հնարավոր սցենարների և զարգացումների մասին է խոսքը:

– Սցենարային առումով սրանք կարող են լոկալից լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերածվել, հատկապես, եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում անվտանգության ապահովման լիարժեք երաշխիքներ չկան։

Ճիշտ է՝ Արցախում խաղաղապահ զորախումբ է տեղակայվել, ռուսական կողմը աշխատանքներ է տանում՝ ինչպես անվտանգային, այնպես էլ՝ սոցիալ-տնտեսական ուղղություններում, սակայն դրանք արցախցիների համար ցանկալի անվտանգություն դեռևս չեն ապահովում։

Հենց միայն այն հանգամանքը, որ պատերազմից հետո խրամատների տարբեր կողմերում՝ բավականին կարճ միջդիրքային տարածության մեջ, հայերն ու ադրբեջանցիներն են, արդեն իսկ խոսում է այն մասին, որ տարբեր բնույթի միջադեպերը վատ առումով երաշխավորված են։

Նման կոնֆլիկտների պարագայում սահմանագծվում է ապառազմականացված գոտի, հակամարտ կողմերի միջև տեղակայվում խաղաղապահ ստորաբաժանումները, անվտանգության լրացուցիչ երաշխիքներ ստեղծվում, սակայն ներկայումս նման պատկեր չունենք։

Այս ավերիչ պատերազմից հետո հայկական ու ադրբեջանական կողմերը շփման գծի տարբեր հատվածներում ծառայություն են իրականացնում 30-40 մետրի վրա, ինչը տարբեր գործոններով պայմանավորված՝ արդեն իսկ ռիսկ է։

Երկրորդ՝ տեսանելի է, որ մեր տարածաշրջանում հետաքրքրություններ ունեցող մի շարք արտաքին ուժեր ազդեցության մեծ պայքար են մղում, ինչը ևս լրջորեն վտանգում է Հարավային Կովկասի խաղաղությունն ու կայունությունը։

Արցախը չպետք է պոլիգոնի կամ աշխարհաքաղաքական կենտրոնների բախման կետի վերածվի, իսկ դրա վտանգը, ցավոք, կա։

– Ի՞նչ ապագա եք տեսնում ՊԲ-ի համար, և ՀՀ ԶՈւ-ի դեպքում՝ ի՞նչ փոփոխությունների անհրաժեշտություն: Ի դեպ, ՊԲ-ՀՀ ԶՈւ կապի խզումն ի՞նչ վտանգներ և ռիսկեր է իր մեջ պարունակում:

– Մեծ թվով անորոշություններ կան, որոնք դեռևս թույլ չեն տալիս հստակ ձևակերպել խնդիրներն ու անելիքները։

Հայաստանը պետք է շարունակի իր՝ անվտանգության երաշխավորի գործառույթները, և անհրաժեշտության դեպքում իրադրությունից բխող միջոցառումներ իրականացնի։

Ադրբեջանն այս առումով բավականին վտանգավոր թեզեր է առաջ քաշում, ինչը, սակայն, Հայաստանի կառավարության համարժեք արձագանքին չի հանգեցնում, որն ավելի է սրում առանց այդ էլ փխրուն իրավիճակը։

Արցախի ու Հայաստանի պաշտպանության նախարարությունների ներդաշնակ գործողությունները հնարավոր բոլոր հարթություններում պետք է դրսևորվեն՝ ոլորտային բարեփոխումներից մինչ համատեղ գործողությունների կազմակերպում։

Այդ կապի խզումը, թուլացումը հարված է ընդհանուր անվտանգային համակարգին։

– Պատերազմի ելքով պայմանավորված այսօրվա անվտանգային պայմաններում և հնարավորությունների դեպքում ինչպե՞ս եք գնահատում ՀՀ ՊՆ-ի, ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի աշխատանքը՝ իրենց լիազորությունների շրջանակում:

– Չեմ ցանկանում Արցախում և Հայաստանում ստեղծված ծանր իրավիճակում գնահատական տալ այդ կառույցների աշխատանքին, որովհետև դրանք բավականին ծանր գծերով են արտահայտվելու։

– Բանակային թեմայից շեղվենք. մամուլը գրում է, որ Փաշինյանը հունվարի 11-ին մեկնելու է ՌԴ, որտեղ մասնակցելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը: Ի՞նչ սպասել այս հանդիպումից, եթե Փաշինյանը գնա և վերջին պահին չմտափոխվի:

– Իմ տպավորությամբ՝ Հայաստանի վարչապետը փորձում է ամրագրել բոլոր այն պարտավորությունները, որոնք իրականում ստանձնել է, սակայն դրանց մի մասը դեռ չի իրականացվել, իսկ մյուս մասը տեղի է ունեցել բանավոր պայմանավորվածության հիման վրա։

Այն հանգամանքը, որ Հայաստանի կառավարությունը մինչ այս պահը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է այդ այցի կամ հանդիպման հնարավորությունը, արդեն իսկ վտանգավոր է։ Նման այցը ենթադրում է որոշակի փակագծերի բացում, իրազեկում, հանրության հետ երկխոսություն։

– Վերջերս Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարել էր, որ Հադրութի, Ասկերանի և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքները վերադարձվելու են: Ավելին, մեզ տեղեկություններ էին հասել, որ Ասկերանի և Հադրութի շուրջ Արցախը բանակցություններ է վարելու, որքանո՞վ եք սա հնարավոր համարում մոտ ժամանակահատվածում:

– Ես միայն ուրախ կլինեմ, եթե նման հնարավորություն կա, սակայն այս պահին այդքան էլ լավատես չեմ։ Հույս ունեմ՝ կարճ ժամանակ հետո այս մասին գեներալը կամ փակագծեր կբացի, կամ մենք ուղղակի այդ գործընթացը կտեսնենք՝ գոնե մասամբ։

Արցախում կադրային և կառավարության կազմի փոփոխություններն ինչպե՞ս եք գնահատում, դրանք ֆոնայի՞ն են, թե՞…

– Արցախում խորը քաղաքական ճգնաժամ է, իսկ տեղի ունեցող կադրային փոփոխությունները՝ անկախ անձանցից, դեռևս ընկալելի չեն արցախցու համար։ Ո՞րն է սկզբունքը, գաղափարը, ծրագիրը, ինչի՞ շուրջ է տեղի ունենում այդ ամենը, որևէ մեկը չգիտի:

Անկեղծ ասած, այդ տրամաբանությունը չկար նաև 2020 թվականի նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո, սակայն, եթե այդ դեպքում սխալները շտկելու հնարավորություն կար, ապա այս ծանր պայմաններում սխալվելու իրավունք Արցախի նախագահը չունի։

Ես հույս ունեմ, որ այսքան տապալումներից հետո Արայիկ Հարությունյանն իր մեջ ուժ կգտնի, ողջամտություն կդրսևորի և գործուն քայլեր կգործադրի իրավիճակը գոնե մեղմելու համար։

Տեսանյութեր

Լրահոս