«Հայաստանը կապիտուլյացիոն պայմաններով է գնացել այդ փաստաթղթի ստորագրմանը, ինչը շատ նման է Ալեքսանդրապոլի պայմանագրին՝ Հայաստանի և քեմալական Թուրքիայի միջև». Էդգար Էլբակյան
Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն:
Ըստ հայտարարության, երեք երկրների փոխվարչապետների գլխավորությամբ ստեղծվելու է եռակողմ աշխատանքային խումբ՝ նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետի իրականացման նպատակով։
«Աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կանցկացնի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը, որի արդյունքների հիման վրա կկազմի Հայտարարության 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության (այսուհետ՝ Կողմեր) միջև համաձայնեցված այլ ուղղություններ: Գործունեության հիմնական ուղղություններն իրականացնելու նպատակով Աշխատանքային խմբի համանախագահները կհաստատեն այդ ոլորտներում փորձագիտական ենթախմբերի կազմը, որում կներառվեն Կողմերի իրավասու մարմինների ներկայացուցիչներ և կազմակերպությունների պաշտոնատար անձինք։ Փորձագիտական ենթախմբերը աշխատանքային խմբի նիստից հետո մեկամսյա ժամկետում կներկայացնեն նախագծերի ցանկ, որում կներկայացնեն անհրաժեշտ ռեսուրսներն ու միջոցառումները` դրանց իրականացման և Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատելու համար»,- նշված է եռակողմ հայտարարության մեջ:
Չնայած արդեն ստորագրվել է երկրորդ եռակողմ փաստաթուղթը, սակայն ռազմագերիների հետ կապված խնդիրը դեռ չի լուծվել, այս մասին հայտարարեց նաև Նիկոլ Փաշինյանը։
168.am-ի խնդրանքով անդրադառնալով ստորագրված երկրորդ փաստաթղթին և ռազմագերիների խնդրին, քաղաքագետ Էդգար Էլբակյանն ասաց, որ իրավիճակը հետևյալն է՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը հայկական կողմի համար կապիտուլյացիոն պայմաններով է։ Չնայած «կապիտուլյացիա» տերմինի շուրջ նեղ գիտական բանավեճ կա, և ընդդիմախոսները պնդում են, թե այն կապիտուլյացիա չէ, քանի որ դասական իմաստով չի համապատասխանում այդ երևույթին, օրինակ՝ բանակը չի կազմալուծվել, և այլն։
«Ինքս այդ մոտեցման հետ համաձայն չեմ, որովհետև պարտադիր չէ՝ մեկ առ մեկ պատմական նմանությունները կրկնվեն։ 21-րդ դարի պայմաններում կարող են 21-րդ դարի կապիտուլյացիոն պայմաններ լինել, հատկապես որ, մենք փաստացի Պաշտպանության բանակի դեպքում այս պահին, ըստ էության, ունենք կազմալուծված վիճակ, քանզի հարցականի տակ է վերջինիս համալրման հարցը։ Այսինքն՝ Հայաստանը կապիտուլյացիոն պայմաններով է գնացել այդ փաստաթղթի ստորագրմանը, ինչը շատ նման է Ալեքսանդրապոլի պայմանագրին՝ Հայաստանի և քեմալական Թուրքիայի միջև»,- ասաց Էդգար Էլբակյանը։
Ըստ նրա, կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրած երկրի դեպքում հարցնել, թե ինչու է այս կամ այն փաստաթուղթը ստորագրում՝ տեղին չէ, քանի որ կապիտուլյացիան «պոզով-պոչով չի լինում»։ Այսինքն՝ այս պահին Հայաստանը չունի ներքին ու արտաքին դիվանագիտական, քաղաքական, առավել ևս՝ ռազմական որևէ ներուժ՝ ընդդիմանալու տեղի ունեցողին։
«Գուցե առաջին հայացքից զարմանալի թվա, բայց միայն այն, որ ՀՀ ղեկավարը կարողացավ հայտարարել, որ Արցախի հարցը փակված չէ և կա կարգավիճակի հարց, այն դեպքում, երբ փաստացի իր մյուս երկու զրուցակիցները հակառակն էին ասում, որ այդ էջը փակված է՝ բավականին մեծ քաղաքական քաջություն էր պահանջում։ Հատուկ շեշտում եմ՝ քաղաքական, քանի որ այստեղ «անձի դուխի» մասին չէ խոսքը։ Բայց ավելին սպասել, որ, օրինակ, ռազմագերիների, անհետ կորածների հարցը կարգավորված չէ, ուրեմն՝ ՀՀ ղեկավարը պետք է ոչինչ չստորագրեր, այդքան էլ լուրջ չէ, քանի որ գործ ունենք երկիրը կապիտուլյացիայի հասցրած իշխանությունների հետ»,- հավելեց Էդգար Էլբակյանը։
Ինչ վերաբերում է իշխանության հայտարարություններին, որ Սյունիքի մարզից մեկ սանտիմետր անգամ թշնամուն չեն զիջել, բայց դրան զուգահեռ՝ Սյունիքով ցամաքային ճանապարհ են տրամադրում Ադրբեջանին դեպի Նախիջևան, Էդգար Էլբակյանը նկատեց՝ երբ հայտարարում են, որ ՀՀ տարածքից որևէ տարածք չեն զիջել թշնամուն՝ մի քանի առումով ստում են։
Նախ, կա 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը՝ ՀՀ օրենսդիր մարմնի և ԼՂ ներկայացուցչական մարմնի կողմից, որը հռչակում է Հայաստանի և Արցախի վերամիավորումը։ Այսինքն՝ ՀՀ ներպետական իրավունքի տեսանկյունից Արցախի տարածքը, օրինակ, Շուշին, Հադրութը Հայաստանի մաս են։
«Իհարկե, իրենք կարող են առարկել, որ ՀՀ որևէ իշխանություն այդ փաստաթղթին հավատարիմ չի մնացել և ասել, որ այն սոսկ փաստաթուղթ է, բայց եթե անգամ մի պահ Արցախը մի կողմ ենք դնում, կրկին այդ հայտարարությունները կեղծ պնդումներ են։ Իսկ ո՞վ սահմանեց Հայաստանը, ինչպե՞ս է այն սահմանվել։ Այսինքն՝ ստացվում է, որ իրենք լռելյայն ընդունում են այն ներքին վարչական սահմանները, որոնք եղել են Խորհրդային Միության օրո՞ք, իսկ ինչո՞ւ, եթե անգամ Ռուսաստանն է դրանից հրաժարվել Ղրիմի միացմամբ՝ հայտարարելով, որ չի ճանաչում Խորհրդային Միության ներքին վարչական սահմանները, որով Ղրիմը պատկանում էր Ուկրաինային։ Եթե իշխանություններն այդքան սրտացավ էին երկրի հանդեպ, ինչո՞ւ 2,5 տարվա ընթացքում չէին փոխել 2010 թվականի վարչատարածքային բաժանման մասին արդեն հայտնի դարձած օրենքը, հանգիստ կարող էին փոխել՝ 88 պատգամավոր ունեին։ Ներպետական փաստաթուղթը, ինչպես, օրինակ, դեկտեմբերի 1-ի այդ որոշումը վերամիավորման վերաբերյալ, կամ 2010 թ․ օրենքը, չի կարող ուղղակիորեն հանդիսանալ միջազգային իրավունքի ու սահմանազատման աղբյուր։ Կա պրակտիկա և ըստ դրա՝ սահմանազատումը՝ դելիմիտացիան, դեմարկացիան կատարվում է հիմնականում միջպետական հանձնաժողովներով։ Ավելին՝ դա իրականացնում են, երբ կա բարիդրացիական ոգի։ Անգամ Վրաստանի ու Ադրբեջանի սահմանները մինչև այսօր հստակեցված չեն, Հայաստանի ու Վրաստանի դեպքում վեճ չկա, բայց իմ ունեցած տեղեկություններով՝ ամբողջությամբ դեմարկացիա չի արվել։ Մեր մեծերի խոսքով ասած՝ հայ-ադրբեջանական սահմանի հարցում «աջա՞լ էր էկել», այսինքն՝ այդ շտապողականության պատճառը ո՞րն էր, որ որոշեցին լռելյայն ճանաչել Արցախի Շահումյանի ու Քաշաթաղի շրջանները՝ որպես ադրբեջանական տարածք՝ քիչ չէ, դեռ մի հատ էլ դրանք սահմանել GPS-ով»,- շեշտեց Էդգար Էլբակյանը։
Քաղաքագետն անձամբ ամբողջովին վստահ չէ, որ բոլոր կումունիկացիաները բացվելու են՝ չնայած ավելի շատ հավանական է, որ կբացվեն, քանի որ տարածաշրջանային ընդհանուր վիճակը հենց դա է հուշում։ Այդուհանդերձ՝ կոմունիկացիաների բացվելը Հայաստանի ու Ադրբեջանի համար տարբեր նշանակություն ունի։ Ադրբեջանի դեպքում դրանց բացվելն անվտանգային սպառնալիքներ չի հարուցում, իսկ Հայաստանի դեպքում՝ հակառակը։
«Ըստ նոյեմբերի 9-ի փաստաթղթի՝ Հայաստանի տարածքով անցնող միջանցքը լինելու է ռուսական ուժերի վերահսկողության տակ, այսինքն՝ այստեղ մենք ոչ միայն ինքնիշխանության մասով մտահոգություններ ունենք, այլև երկարաժամկետ հեռանկարում անվտանգության խնդիրների։ Ռուսական մանդատը 5 տարով է, որը կարող է երկարաձգվել ևս 5 տարով, բայց մենք ուզում ենք, որ Հայաստանը 10 տարի հետո էլ գոյություն ունենա, և առհասարակ՝ հավերժ գոյություն ունենա։ Բնականաբար, իշխանական քարոզչամեքենան այդ ամենը պետք է ներկայացնի՝ որպես դարի հաղթանակ, սրա համար պարարտ հող է ժողովրդի հյուծվածությունը, որն առաջ է եկել պարտությունից ու կապիտուլյացիայից հետո»,- ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հեռահար նպատակներին, որոնց հասնելու համար հայ ռազմագերիներին պահում է իր երկրում ու նրանց անվանում դիվերսանտներ, Էդգար Էլբակյանն ասաց, որ Ադրբեջանի նպատակներից մեկն է Հայաստանին ճնշելն ու նվաստացնելը, բարոյապես խեղճացնելը։ Իսկ մյուս նպատակների հետ կապված՝ մեր զրուցակիցը միայն ենթադրություններ արեց, օրինակ՝ հայտնի անկլավների հետ կապված։
«Երեք-չորս անկլավ Տավուշում է և մեկը՝ Արարատում։ Օրինակ՝ շատ հնարավոր է, որ բանակցություններում հայկական կողմը փորձի ասել, որ, եթե անկլավներն էլ ենք փոխանակում, ուրեմն՝ Արծվաշենն էլ պետք է անցնի Հայաստանին, ադրբեջանցիներն էլ բացառեն։ Ռուսներն էլ զուտ հավասարակշռությունը պահելու համար հայտարարեն, որ համաձայն են հայկական կողմի մոտեցմանը։ Բայց Ադրբեջանը գնա, նոր գերի վերցնի, ձևակերպի՝ որպես դիվերսանտ, ու օգտագործի անկլավների վերադարձի համար, իհարկե՝ միակողմանի, առանց Արծվաշենը տալու»,- եզրափակեց Էդգար Էլբակյանը։