«Այսօր մեզ չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը». Նիկոլ Փաշինյան
Այսօր Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ բանակցություններից հետո կողմերը հանդես եկան հայտարարություններով:
Վլադիմիր Պուտինի խոսքով՝ այսօրվա հանդիպումն ինքը բացառապես կարևոր է համարում:
«Մենք ստորագրել ենք համատեղ հայտարարություն՝ տարածաշրջանում իրավիճակի զարգացման վերաբերյալ: Նկատի ունեմ ենթակառուցվածքային նախագծերի զարգացումը, տնտեսական կապերի ստեղծումը: Այս նպատակով աշխատանքային խումբ կստեղծվի, որը կգլխավորեն 3 կառավարությունների փոխվարչապետները»,- ասաց Վլադիմիր Պուտինը:
Ալիևը նշեց, որ պատերազմի ավարտից 2 ամիս անց այս հանդիպումը վկայում է այն մասին, որ կողմերը մտադիր են գիծ քաշել հոկտեմբեր-նոյեմբերին տեղի ունեցածից հետո:
«Այն հայտարարությունը, որն այսօր ստորագրվեց, խոսում է մեր մտադրությունների մասին, որովհետև կրակի դադարեցման հայտարարության կետերից մեկը տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակումն էր, և սա այն ոլորտն էր, որը տարածաշրջանին դինամիզմ կհաղորդեր»,- ասաց Իլհամ Ալիևը՝ ևս մեկ անգամ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը մնացել է անցյալում:
Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, սակայն, նշեց, որ, ցավոք, թեպետ կրակի դադարեցման ռեժիմը գործում է, բայց Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խնդիրը լուծված չէ, և, ցավոք, շատ հարցեր են մնացել, որոնք պետք է լուծում ստանան:
«Այդ հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է: Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Այսօր մեզ չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը: Սա ամենազգայուն ու ցավոտ հարցն է, քանի որ սա մարդասիրական հարց է: Եվ մենք պայմանավորվել ենք շարունակել մեր աշխատանքն այս ուղղությամբ: Ցավոք, մեր համատեղ հայտարարության 8-րդ կետը լիովին չի կատարվել: Պետք է ասեմ, որ այսօր մեր ստորագրած հայտարարությունը շատ կարևոր է, և այն կարող է փոխել մեր տարածաշրջանի տնտեսական դիմագիծը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ, ցավոք, մեկ հանդիպման ընթացքում հնարավոր չէ լուծել բոլոր խնդիրները:
Մանրամասները՝ տեսանյութում