Հերթը շրջհարկինն է. կառավարությունը մտադիր է շեմը նվազեցնել, բեռը՝ բարձրացնել

Անցած տարվա վերջին աշխատանքային օրը վարչապետը ստորագրեց մի որոշում, որը վերաբերում էր հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանը։ Ըստ այդմ՝ հաստատվեցին այն միջոցառումները, որոնք պետք է իրականացվեն այդ ճեղքը նվազեցնելու համար։

Հարկային քաղաքականության ճեղք ասածը գուցե շատերին շատ բան չի ասում։ Դա գոյանում է, ասենք՝ տնտեսության այս կամ այն ոլորտում տրված արտոնությունների կամ օրենսդրորեն սահմանված ավելի մեղմ հարկային հարաբերությունների հետևանքով։ Այն հայտնի է նաև հարկային ծախս անվանմամբ։

Բիզնեսին տրվող նման արտոնությունների պատճառով պետական բյուջեն, անշուշտ, եկամտային կորուստներ է կրում։ Բայց դա ինքնանպատակ չէ։

Հարկային արտոնությունները սովորաբար տրամադրվում են ոլորտի համար զարգացման ավելի արդյունավետ պայմաններ ապահովելու ակնկալիքով։ Այնպես, ինչպես շրջանառության հարկի պարագայում է։

Ինչպես հայտնի է, շրջանառության հարկը նախատեսում է ավելի մեղմ հարկային հարաբերություններ՝ փոքր և միջին բիզնեսի գործունեությունը խթանելու ակնկալիքով։ Այլ հարց, որ օրենսդրական բացերի ու վարչարարության բացթողումների պատճառով երբեմն այս դաշտում հայտնվում է նաև խոշոր բիզնեսը։ Բայց դա ոչ թե փոքր և միջին բիզնեսի, այլ քաղաքականություն և վարչարարություն իրականացնող մարմինների խնդիրն է։

Շրջանառության հարկն առևտրի ոլորտում այժմ 5 տոկոս է՝ մինչև 1,5 տոկոս նվազեցման հնարավորությամբ, կախված փաստաթղթավորումից։ Արտադրության ոլորտի համար նախատեսված է ավելի ցածր հարկային բեռ՝ 3,5 տոկոս։

Կառավարությունը համարում է, որ դրանք ցածր են և անհրաժեշտ է վերանայել։

«Եթե միկրոձեռնարկության հարկման արտոնյալ համակարգի ներդրումը հիմնավորվում է գերփոքր կամ սկսնակ ձեռնարկությանն օժանդակելու, հարկային վարչարարության համար ռեսուրսներ տնտեսելու, ինչպես նաև զբաղվածության ու սոցիալական պաշտպանության խնդիրներ լուծելու նպատակադրումներով, ապա շրջանառության հարկի համակարգում ընդգծված ցածր հարկային բեռի սահմանումը որևէ տնտեսագիտական հիմնավորում չունի։ Այս կապակցությամբ, թերևս, հիմնավորված կլինի շրջանառության հարկի համակարգում հարկման ընդհանուր համակարգի համեմատությամբ փոքր-ինչ ավելի բարձր բեռի սահմանումը, քանի որ շրջանառության հարկ վճարողներն անհամեմատ ավելի քիչ ռեսուրսներ են ծախսում հարկային հաշվառման և հարկային օրենսդրությամբ սահմանված պահանջների ապահովման համար։ Քաղաքականության այսպիսի ուղղությունը նաև հնարավորություն կընձեռի «ճշգրտել» շրջանառության հարկի համակարգի կիրառության շրջանակը՝ որոշակորեն կրճատելով այն»,- ասվում է հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումների հավելվածում։

Կառավարությունն անհրաժեշտ է համարում նվազեցնել նաև հարկի շեմը։

Ներկայումս այս դաշտում գործում են այն տնտեսվարողները, որոնց տարեկան շրջանառությունը հասնում է 115 մլն դրամի։

Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ից նախատեսված էր, որ շրջանառության հարկի շեմը պետք է իջեցվի մինչև 58,3 մլն դրամը։ Բայց իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, փոքր և միջին բիզնեսի աչքին լավամարդ երևալու համար, ինչպես շատ դեպքերում, հրաժարվեց դրանից։

Հիմա պարզվում է՝ այն ժամանակ սխալ են վարվել։ Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Հայաստանում կիրառվում է շրջանառության հարկի անհամեմատ բարձր շեմ։

Թեև այնպես չէ, որ ժամանակին, երբ կառավարությունը հրաժարվեց շեմը նվազեցնելու պահանջից և մի բան էլ այն բարձրացրեց, այդ մասին չգիտեր։ Գիտեր, բայց գնաց դրան։ Այժմ, երբ բախվել ենք բյուջեի եկամուտների ապահովման խնդիրների հետ, կրկին հիշել են փոքր և միջին բիզնեսին։

Շրջանառության հարկը ավելի բարենպաստ հարկային դաշտ է փոքր և միջին բիզնեսի համար։ Այն որոշակի հնարավորություն է՝ խոշորների ճնշմանը դիմանալու համար։ Չնայած շատ դեպքերում դա էլ չի փրկում՝ փոքրերն աստիճանաբար դուրս են մղվում շուկայից, իսկ խոշորները շարունակում են խոշորանալ։

Այսպիսի պայմաններում գնալ շրջանառության հարկի խստացման՝ նշանակում է՝ ավելի ծանրացնել փոքր և միջին բիզնեսի վիճակը։ Դա ենթադրում է այդ հարկման դաշտում գործող բիզնեսի վրա հարկային բեռի ավելացում։

Դժվար չէ պատկերացնել, թե այս նախաձեռնությունն ինչ է խոստանում փոքր և միջին բիզնեսին։

Մեր տնտեսությունը ճգնաժամի մեջ է, ու դա ենթադրում է բիզնեսի համար ավելի արտոնյալ գործելու միջավայրի ապահովում, որպեսզի հնարավոր լինի քիչ կորուստներով դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Սակայն արտոնյալ միջավայր ստեղծելու փոխարեն՝ կառավարությունը մտածում է փոքր և միջին բիզնեսի վրա հարկային բեռն ավելացնելու մասին։

Պլանավորված է շրջանառության հարկի դրույքաչափի բարձրացում և շեմի իջեցում նախատեսող օրենքի նախագիծը մշակել և կառավարության քննարկմանը ներկայացնել մինչև այս տարվա մայիսի վերջ։ Նախագծի մշակումը հանձնարարված է Ֆինանսների, Էկոնոմիկայի նախարարություններին և Պետական եկամուտների կոմիտեին։

Առայժմ հստակեցված չէ, թե երբվանից է կառավարությունը մտադիր կիրառել այս մոտեցումները։ Բայց ենթադրվում է, որ դա կարող է լինել արդեն տարվա երկրորդ կեսից։ Հատկապես որ, կառավարությունը խնդիր ունի բյուջեի եկամուտների հետ կապված։ Այդ պատճառով անցած տարի 2 անգամ վերանայվեց և բավական լուրջ նվազեցում կատարվեց բյուջեում։

Ճիշտ է, հերթական բյուջետային տարին նոր է սկսվել, բայց տնտեսական ճգնաժամը Հայաստանում շարունակվում է, ու դա լուրջ ռիսկեր է ստեղծում նաև այս տարվա եկամուտների ապահովման համար։

Կառավարությունը փորձելու է այն լրացնել՝ հավանաբար նաև հարկային քաղաքականության ճեղքը նվազեցնելու միջոցով։ Բայց միշտ չէ, որ այդ ճեղքի նվազեցումը կարող է ցանկալի արդյունք տալ։ Հատկապես, երբ տնտեսությունը ճգնաժամի մեջ է, և շատ տնտեսվարողներ գոյատևելու խնդիր ունեն։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս