Ռուսաստանյան տանկերը կհանդերձվեն մարտական լազերներով
Ռուսաստանյան զրահատանկային տեխնիկան կհանդերձեն նոր մարտական լազերներով, այդ թվում՝ անօդաչուների դեմ պայքարելու համար: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվոռուչկոն:
«Ներկայում կատարվում են անօդաչու թռչող սարքերին, ինչպես նաեւ հակառակորդի օպտիկական եւ օպտիկա-էլեեկտրոնային միջոցներին հակազդելու համար այլ լազերային համալիրների ստեղծման աշխատանքներ»,-հայտարարել է Կրիվոռուչկոն ՌԴ պաշտպանության նախարարության «Կրասնայա զվեզդա» թերթին տված հարցազրույցում: «Իրականացվում է դրանց համալրում զրահատանկային տեխնիկայի կրակային միջոցներով՝ գերճշգրիտ զենքի գրոհող միջոցների դեմ պայքարելու համար»,-ասել է ՌԴ պաշտպանության նախարարության փոխնախարարը:
Նա հիշեցրել է, որ «Պերեսվետ» բոլոր լազերային համալիրները, որոնք 2018 թվականին ՌԴ նախագահի կողմից նշվել են որպես ռուսաստանյան նոր զենք, արդեն գտնվում են մարտական հերթապահության մեջ:
«Պերեսվետ» մարտական լազերներն օգտագործվում են ռազմավարական հրթիռային համալիրների տեղաշարժը քողարկելու համար: ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ «Պերեսվետ»-ը նաեւ կարող Է ետ մղել օդային գրոհները եւ արբանյակների դեմ պայքարել ուղեծրում: 2019 թվականի դեկտեմբերին Կրիվոռուչկոն հայտարարել է, որ առաջիկայում «Պերեսվետ» մարտական լազերը կհարմարեցնեն ավիացիոն կրիչի վրա տեղադրելու համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: