
«Անթույլատրելի է, որ պաշտոնաթող նախագահի ծախսը տարեկան կազմի 20 միլիոն դոլար». Արթուր Թովմասյան

Արցախի ԱԺ նիստում պատգամավորներից մեկն ԱՀ հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու Միքայել Մուսայելյանին հարց ուղղեց՝ Արցախի թոշակառու նախագահներին յուրաքանչյուր տարվա կտրվածքով տրամադրվում է մոտավորապես 20 միլիոն դոլար, արդյոք մտադի՞ր եք պաշտոնավարման անցնելուց հետո քննության առնել, թե այդ գումարն ինչի վրա է ծախսվում։
Միքայել Մուսայելյանն էլ պատասխանեց, որ պաշտոնաթող թե՛ նախագահների, թե՛ այլ պաշտոնյաների թոշակների հարցը պետք է կարգավորվի այնպիսի մի տեսլականով, որն իրական է Արցախի պայմանների համար։
«Շատ հարցեր կան, որոնք ենթակա են վերամշակման: Նման հարցերը պետք է իրավականացվեն իրավական դաշտի սահմաններում»,- նշեց նա:
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն էլ իր հերթին՝ արձագանքեց .«Եթե 20 միլիոն է, ես հայտարարում եմ և՛ պարոն Քոչարյանին, և՛ պարոն Ղուկասյանին, և՛ պարոն Սահակյանին՝ վերադարձնել։ 20 միլիոն դոլար անհնարին է պաշտոնաթող նախագահի վրա ծախսել, այդ թվում՝ թոշակը»:
Դահլիճից դիտարկմանը, որ դա պահպանման ծախսերի համար է՝ գրասենյակ, տրանսպորտային միջոցներ, Արցախի ԱԺ նախագահը կրկնեց՝ անթույլատրելի է, որ պաշտոնաթող նախագահի ծախսը կազմի 20 միլիոն դոլար:
«Դա մեր բյուջեի մոտավորապես 9-10 տոկոսն է»,- շեշտեց Արթուր Թովմասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։