Քանի որ դոլարի փոխարժեքը բավականին բարձրացել է, չեմ բացառում, որ մոտ ապագայում «Գազպրոմ Արմենիան» կրկին հայտ կներկայացնի՝ սակագները վերանայելու նպատակով. Փորձագետ

Էներգետիկ անվտանգության փորձագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանը կարծում է, որ «Գազպրոմ Արմենիան» կրկին հայտ կներկայացնի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագները վերանայելու նպատակով:

«Ելնելով դրամի արժեզրկումից՝ բավականին ռիսկային գոտում է հայտնվում նաև գազատրանսպորտային ոլորտը, որովհետև մենք բնական գազը  Ռուսաստանից ձեռք ենք բերում դոլարով՝ 165 դոլար՝ 1000խմ-ի դիմաց: Հիմա, քանի որ դոլարի փոխարժեքը բավականին բարձրացել է և շարունակում է բարձրանալ, չեմ բացառում, որ  մոտ ապագայում գազատրանսպորտային օպերատորը, այսինքն՝ «Գազպրոմ Արմենիան», կրկին հայտ կներկայացնի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագները վերանայելու նպատակով: Առանց այն էլ ընկերությունն այսօր բավականին բարդ վիճակում է, որովհետև այն հայտը, որը ներկայացվել էր ընկերության կողմից ապրիլի 1-ին, միայն մասնակիորեն է բավարարվել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց փորձագետը:

Նրա խոսքով՝ ընկերությունն այսօր ստիպված է վերանայել իր ներդրումային քաղաքականությունը, ինչն իր հերթին՝ շատ լուրջ ռիսկեր է ստեղծում էներգետիկ անվտանգության համար, և հետո սկսել է աշխատակիցների կրճատում:

«Ըստ որոշ տվյալների՝ արդեն մոտ 600 աշխատակցի կրճատել են: Ստեղծված իրավիճակում «Գազպրոմ Արմենիան» կրկին գնալու է սակագների վերանայման ճանապարհով՝ կարգավորող հանձնաժողովին առաջարկելով  հաստատել, սահմանել ընկերության համար ավելի  նկատակահարմար սակագներ՝ գազատրանսպորտային  համակարգում խորքային ճգնաժամ թույլ չտալու նպատակով:

Մի քանի օր առաջ բաց նամակով դիմեցի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ով դեկտեմբերի 17-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպել է «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ, օրակարգում ՀՀ մատակարարվող բնական գազի գնի հարցն էր: Կառավարությունը որևէ պաշտոնական տեղեկատվություն այս բանակցությունների մասին դեռևս չի հայտնում, մինչդեռ ժամանակն է, որ հայկական կողմը ներկայացնի հասարակությանը, թե ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում սահմանին.սպասվո՞ւմ են, թե՞ ոչ: Հայկական կողմն ունի՞ արդյոք իր համար սահմանված քիչ թե շատ նպատակահարմար գին,  որի շուրջ վարվում են բանակցությունները, որո՞նք են հայկական կողմի կարմիր գծերը, և արդյո՞ք քննարկվել է նաև երկրի ներսում սակագների  բարձրացման հարցը՝  պայմանավորված դոլարի փոխարժեքի  կտրուկ աճով»,- նշեց Վահե Դավթյանը՝ հայտնելով, որ ՌԴ-ից բնական գազ ներկրող բազմաթիվ պետություններ՝ Բելառուսը, Մոլդովան, արդեն հայտարարում են, որ ձեռք են բերել պայմանավորվածություններ:

«Մինսկը սկզբից նշել էր իր կարմիր գծերը՝ ասելով, որ127 դոլարից բարձր  պատրաստ չէ վճարել: Ո՞րն է հայկական կողմի դիրքորոշումը, թե՞ մենք, ինչպես միշտ, չունենք դիրքորոշում»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Տեսանյութեր

Լրահոս