Տարեվերջն ու մենք
Տնտեսական վիճակագրության «ամենադանդաղ» ոլորտը, հավանաբար, ժողովրդագրությունն է: Երևի այդ պատճառով մեր իշխանությունները խոստացան 2050-ին 5 մլն բնակչություն «ապահովել»: Խոստացան պատերազմից մեկ շաբաթ առաջ: Կապիտուլյացիայի խայտառակությունից հետո ինքնասիրություն ունեցող իշխանությունը, հարկավ, այդ թեմային չի անդրադառնա: Որովհետև պատերազմի ժամանակ զոհվում է հենց այն սերունդը, որ առաջիկա տարիներին պիտի երեխաներ ունենար: Այսինքն՝ ժողովրդագիրների բառապաշարով ասած, վերարտադրություն ապահովեր: Հասկանալի է, որ պատերազմի ժողավրդագրական բացասական հետևանքները նկատելի կդառնան 3-5 տարի հետո:
Իսկ հիմա հրապարակվել է «Հայաստանի ժողովրդագրական ժողովածու, 2020» պաշտոբնական հաշվետվությունը: Հասկանալի է, որ 2020-ի միակ թիվն այս ժողովածուի մեջ մեր մշտական բնակչության թվաքանակն է այս տարվա հունվարի 1-ի դրությամբ: Մնացած բոլոր թվերը ցույց են տալիս 2019-ի պատկերը և համեմատում դրանք նախորդ տարիների տվյալների հետ: Ուստի առաջինը նշենք, որ 2020-ի հունվարի 1-ի դրությամբ մեր երկրի բնակչությունը շարունակել է նվազել: Ընդհանուր հավելաճը կազմել է -5.6 հազար մարդ: Այսինքն՝ բնակչությունը հենց այդքանով էլ պակասել է: Բնակչության թվաքանակով արդեն արձանագրում ենք 1970-ականների ցուցանիշներ:
Պատճառը նաև ծնունդների նվազումն է: 2019թ․ արձանագրվել է 36 հազար 41 երեխայի ծնունդ: Սա առնվազն վերջին 12 տարում արձանագրված ամենափոքր ցուցանիշն է: Այս ցուցանիշին համահունչ պատկեր են արձանագրում ժողովրդագրական բոլոր թվերը: Օրինակ, այն, որ տարեցտարի աճում է մայրանալու միջին տարիքը: 2017-ին մայրանալու միջին տարիքը 27 տարեկանն էր, 2018-ին՝ 27.3, իսկ 2019-ին՝ արդեն 27.6: Հաջորդ ոչ մխիթարական ժողովրդագրական ցուցանիշը երկրի բնակչության միջին տարիքի աճն է: 2015թ․ մեր երկրի բնակչության միջին տարիքն առաջին անգամ գերազանցեց 36 տարեկանի ցուցանիշն ու շարունակում է աճել: 2017թ․ երկրի բնակչության մեջին տարիքը 36.4 տարեկանն էր, 2018-ին՝ 36.7, իսկ 2019-ին՝ արդեն 36.9: Ժողովրդագրական այս բացասական ցուցանիշներն ուղեկցվում (ու պայմանավորվում) են միգրացիայի ցուցանիշներով:
Օրինակ, հայտարարվում է, որ երկրից մեկնողների 30 տոկոսը բացակայում է մինչև 3 ամիս: Իսկ մեկնածների 48 տոկոսի բացակայությունը ձգվում է մինչև մեկ տարի: Մեկ տարուց ավելի բացակայողների տեսակարար կշիռը 22 տոկոս է: Վիճակագրությունն արձանագրում է, որ մեր երկրից ամենաշատը մեկնում են Ռուսաստան (մեկնողների 28.7 տոկոսը): Երկրորդ երկիրն Արցախն է՝ 12 տոկոս: Ենթադրվում է, որ խայտառակ պարտությունից հետո միգրացիայի այս ուղղությունը կփակվի: Երրորդը երկիրն ԱՄՆ-ն է՝ 11.5 տոկոս: Չորրորդը՝ Ֆրանսիան՝ 10.4 տոկոս: Հինգերորդը՝ Գերմանիան՝ 7 տոկոս: Այս թվերի հետ հրապարակվում է փաստ, որի համաձայն՝ ԱՄՆ և Կանադա մեկնողների մեծ մասին, մեղմ ասած, կարելի է համարել Հայաստանն ընդմիշտ «լքածներ»: ԱՄՆ և Կանադա մեկնածների մոտ 62 տոկոսը 5 տարվա ընթացքում ոչ մի անգամ հայրենիք չի վերադառնում: Իսկ եվրոպական երկրներ մեկնածների 56 տոկոսը չի վերադառնում: Ռուսաստան մեկնածների պարագային չվերադարձողների կշիռը 16 տոկոս է:
Հաջորդ ժողովրդագրական տվյալները, որ ուշադրության են արժանի, սրանք են: Մեր երկրի 49 քաղաքներից ընդամենը 3 քաղաքի բնակչություն է աճել: 22 քաղաքային համայնքի բնակչություն նույն ցուցանիշն է արձանագրել, ինչ մեկ տարի առաջ: Իսկ 24 քաղաքների բնակչության քանակը նվազել է: Այնպես որ, ներքին միգրացիայի գործընթացները ևս լուրջ վերլուծությունների կարիք ունեն: Արձանագրենք նաև, որ ժողովրդագարական այս մտահոգիչ սպասումների կողքին մասնագետները խոսում են արտագաղթի լուրջ սպասելիքների մասին: Պատճառն այն իրավիճակն է, որում հայտնվել ենք իշխանությունների, մեղմ ասած, ապաշնորհ կառավարման պատճառով: Շատ մեղմ ասած: