
Մեծ Բրիտանիայում սկսել են փորձարկել COVID-19-ի դեմ Valneva ընկերության պատվաստանյութը

Մեծ Բրիտանիայում մեկնարկել են COVID-19 կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, որը մշակվել է Շոտլանդիայի Valneva SE ընկերության կողմից: Այդ մասին հաղորդել է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով բիզնեսի բրիտանացի նախարար Ալոք Շարմային: «Մենք այսօր շատ նորություններ ունենք այն մասին, որ կենսականորեն կարեւոր կլինիկական փորձարկումներն անցկացվելու են ամբողջ երկրում՝ նպատակ ունենալով թեստավորել Valneva ընկերության պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունը. այն կլինիկական փորձարկումների փուլ է անցնում այստեղ՝ Մեծ Բրիտանիայում»,- Sky News-ը մեջբերում է Շարմայի խոսքը:
Հեռուստաալիքի խոսքով՝ ներկայում պատվաստանյութի թեստավորմանը մասնակցում է 150 կամավոր՝ Բիրմինգհեմի, Բրիսթոլի, Նյուքասլի եւ Սաութհեմփթոնի բժշկական հետազոտությունների չորս ազգային ինստիտուտներից: Կլինիկական փորձարկումների տվյալները ցույց կտան, թե պատվաստանյութն առաջացնում է արդյոք անվտանգ եւ արդյունավետ իմունային պատասխան COVID-19-ով վարակվելու դեպքում: Շարման հավելել է, որ ամռանն այցելել է Valneva-ի ձեռնարկություն եւ անձամբ է տեսել այն անհավատալի աշխատանքը, որը կատարում են գիտնականները: Այսպիսով, այն դեպքում, եթե առաջին փորձարկումները հաջողութամբ անցնեն, ապա պատրաստուկի հետագա թեստավորումը կպլանավորեն 2021 թվականի ապրիլին. դրանց կմասնակցի արդեն 4 հազար մարդ, որոնք կստանան պատվաստանյութի երկուական չափաբաժին: Շարմայի խոսքով՝ անհրաժեշտ է, որ Մեծ Բրիտանիան ունենա հասանելի պատվաստանյութերի հավաքածու, որպեսզի ներկայում ապահովի COVID-19-ի դեմ երկրի բնակիչների երկարաժամկետ պաշտպանությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: