Երկու անեկդոտ` մեկ թեմայով

Մեր կառավարության տնտեսական (ու ոչ միայն տնտեսական) գործունեության մասին բոլոր հոդվածները կարելի է սկսել անգլիական հին անեկդոտով: Անգլիացին նամակ է թելադրում. «Պարոն, քանի որ իմ գործավարը կին է, ես չեմ կարող նրան թելադրել այն բառերը, որոնցով կդիմեի Ձեզ: Ավելին, քանի որ ես ջենթլմեն եմ, չեմ կարող ինձ թույլ տալ որևէ մեկի մասին մտածել այդ բառերով: Բայց քանի որ Դուք ոչ կին եք, ոչ ջենթլմեն, վստահաբար հասկացաք, թե ինչ եմ մտածում Ձեր մասին»:

Իմ պարագային, բացի բարոյական նորմերից, մամուլի մասին օրենքն էլ է որոշակի արգելք կառավարության տնտեսական գործունեության մասին բաց-բաց գրելու համար: Իշխանությունների սիրելի թեման մինչև վերջերս աշխատատեղերի թեման էր: Երբեմն առասպելական թվեր էին հրապարակվում:

Օրինակ, 2018թ․ համար զբաղվածների 1 մլն 48.5 հազար քանակ հայտարարվեց: Հաջորդ տարի զբաղվածներից պաշտոնական ցուցանիշն ավելի մեծ էր՝ 1 մլն 77.4 հազար: Այսինքն՝ անցած տարի զբաղվածների քանակը ավելացել էր 28.9 հազար մարդով: Բայց պետք չէ շտապել՝ ենթադրելով, որ այդքանով պակասել է գործազուրկներից քանակը: Այս ոլորտում բոլորովին ուրիշ թվեր են:

Պաշտոնական վիճակագրությունը 2018-ին 245.4 հազար գործազուրկ էր հաշվարկել (դա մեր աշխատուժի շուկայի 19 տոկոսն էր): 2019թ․ համար հայտարարվեց գործազուրկների 240.8 հազար թվաքանակ (դա մեր աշխատուժի շուկայի 18.3 տոկոսն էր: Այսինքն՝ գործազրկությունը կրճատվել էր 0.7 տոկոսով): Հիմա տեսնենք, թե այս համավարակային 2020-ի առաջին կիսամյակի մասին ինչ պաշտոնական թվանկարչություն կա:

2020-ի երկրորդ եռամսյակի համար զբաղվածների համարյա նույն թիվն է հրապարակվում, ինչ նախահամավարակային 2019-ի պարագային՝ 1 մլն 77.1 հազար մարդ: Բայց նույնիսկ մեր պաշտոնական իշխանությունների համար է հասկանալի, որ այս թվերը հավատ չեն ներշնչի: Անհնար է, որ տնտեսական համաշխարհային կոլապսի պարագային մեր երկրում զբաղվածների թվաքանակը նվազել է ընդամենը 300 մարդով: Հավանաբար այս թերահավատության «դեմն առնելու» համար զբաղվածների քանակը նշող թվի լրացուցիչ պարզաբանում են մտցրել:

Մեջբերենք բառացի. «50.1 հազար մարդ գտնվել է հարկադիր պարապուրդում»:

Մարդիկ, փաստորեն, չեն աշխատել, հետևաբար՝ աշխատավարձ չեն ստացել, բայց գործազուրկ չեն, այլ «գտնվում են հարկադիր պարապուրդում»: Եվ այս պարզ հնարքը հնարավորություն է տալիս էականորեն կրճատել գործազրկության ցուցանիշը: Այս տարի գործազուրկների թվաքանակն առաջին եռամսյակում 233.6 հազար էր: Իսկ երկրորդ եռամսյակում կովիդ-19-ի մոլեգնման ֆոնին՝ գործազուրկների քանակը նվազել է՝ կազմելով 218.1 հազար մարդ: Բայց նման տվյալներից զատ՝ հրապարակվում է նաև պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակը: Այն ևս կամաց նվազում է: Այս տարվա վերջին թիվը 60 հազար 164 է:

2019-ի 63.4 հազարի դիմաց: Փաստորեն աշխարհի բոլոր երկրների համար տնտեսական լուրջ պատուհաս է: Բոլոր երկրներում համավարակն աշխատատեղերի կրճատման ու գործազրկության պատճառ է դառնում, բացառությամբ մեր երկրի: Մեր երկրում հակառակ թվեր են հրապարակվում: Լավ է, գոնե, ազնվաբար նշում են, որ 50.1 հազար մարդ հարկադիր պարապուրդի մեջ են:

Ինչպես նաև այն, որ մեր 60 հազար պաշտոնապես գործազուրկ գրանցված անձանցից 30 հազարից ավելին գործազուրկ է 3 տարուց ավելի: Իսկ սա արդեն նախորդներից բողոքելու թեմա է: Իսկ դա արդեն մեր ոխերիմ հարևանի անեկդոտն է հիշեցնում. Կարսի թուրք քաղաքապետը հարցազրույց տալով՝ անդադար շնորհակալություն է հայտնում Թուրքիայի գործող իշխանություններին հոգատար վերաբերմունքի ու աջակցության համար և լրագրողի՝  «Իսկ ո՞ւմից եք դժգոհ» հարցին պատասխանում է՝ «ռուսաց ցարական իշխանություններից, որովհետև նրանց արած ասֆալտը 100 տարի հազիվ դիմացավ»:

Տեսանյութեր

Լրահոս