«ԱԱԾ-ն քաղաքական պատվեր է կատարել». Բագրատ Եսայան

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանն Ազգային անվտանգության ծառայությունում է։ Ավելի վաղ ԱԱԾ հրավիրվելու մասին նա գրառում էր արել և նշել. «Երեկ ԱԱԾ հաղորդագրության մեջ զետեղված էր իմ լուսանկարը, և ես ներկայացվել էի՝ որպես նոյեմբերի 9-10-ի գիշերը ԱԺ և կառավարության շենքեր ներխուժման կազմակերպիչներից և մասնակիցներից մեկը։ Ավելին, փորձ է արվել այս դեպքերը կապել ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, այն ներկայացնելով՝ որպես պետական հեղաշրջման փորձ։
Այսօր, ժամը 16:00-ին ներկայանալու եմ ԱԱԾ՝ պահանջելով կամ ներկայացնել համապատասխան հիմնավորումներ, կամ հերքում տարածել»։

ԱԱԾ մտնելուց առաջ Բագրատ Եսայանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ, եթե իրեն մեղադրանք չառաջադրեն, ապա ԱԱԾ պետից պահանջելու է ծառայողական քննություն սկսել՝ պարզելու, թե ով է պատրաստել և տարածել տվյալ հաղորդագրությունն այդ հիմնարկի անունից։

«Ես պատրաստվում եմ դիմել նաև Մարդու իրավունքների պաշտպանին, քանի որ ակնհայտորեն խախտվում են մարդու իրավունքները, անմեղության կանխավարկածը։ Պատրաստվում եմ դիմել դատարան՝ պատվի, արժանապատվության վիրավորումը հիմք ընդունելով։ Որպես վկա՝  ինձ մեկ անգամ հարցաքննել են, բայց ոչ այս էպիզոդով՝ ՀՀ կառավարության և խորհրդարանի շենք ներխուժելու, գույք փչացնելու, ԱԺ բակից ավտոմեքենաներ գողանալու և այլ դրվագներով, բնականաբար, ես որևէ հարցի չեմ պատասխանել։ Բնութագրում եմ սա՝ որպես անհավասարակշիռ վարչապետի քաղաքական հանձնարարությունը կատարելու փորձ։ Իմ քննիչը շատ վիրավորվեց իմ բնութագրումից, որ ԱԱԾ-ն կատարում է քաղաքական պատվեր, և տվեց երկրորդ հարցը, որտեղ հիմնական բովանդակությունն այն էր, թե ԱԱԾ-ն երբեք նման պատվեր չի կատարել։ Վկա ենք հիմա, որ ԱԱԾ-ն քաղաքական պատվեր է իրականացրել երեկվա հաղորդագրությամբ։ Երեկվա հաղորդագրությունը նաև արդյունք էր այն բացարձակ ապօրինությանը, որն անցկացրել է անհավասարակշիռ անձը՝ Կառավարության շենքում, հրավիրելով դատավորների ու դատախազների»,- շեշտեց Բագրատ Եսայանը։

Նա նաև նկատեց՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում՝ քրեական որոշակի հոդվածներով քաղաքական հետապնդում, ականատես են եղել 90-ականներին, ականատես են նաև հիմա։

«Հիմա ես ներս եմ մտնելու ու պահանջելու եմ ներկայացնել այն մեղադրանքը, որն առաջադրել են ինձ և որը հիմք է հանդիսացել այդ տեսանյութը տեղադրելու և տվյալ հաղորդագրությունը տարածելու համար։ Եթե ինձ հիմա մեղադրանք չառաջադրեն, ես կմտածեմ, որ այդ ամենը կեղծ է»,- հավելեց նա։

Տեսանյութեր

Լրահոս