Ինչու են մարդիկ սկսել ավելի քիչ առևտուր անել

Սոցիալական իրավիճակը Հայաստանում լավ չէ, ու դա ազդել է առաջին հերթին առևտրի, մասնավորապես, մանրածախ առևտրի ծավալների վրա։ Նվազել են շրջանառությունները։ Եկամուտների կրճատման հետևանքով՝ մարդիկ սկսել են ավելի քիչ գնումներ կատարել։

Մանրածախ առևտուրը մեր երկրում այս տարի 15 տոկոսով կրճատվել է։ Տուժել են շուկայի բոլոր մասնակիցները։ Բայց ամենամեծ կորուստները կրել են առևտրի փոքր օբյեկտները կամ, այսպես կոչված, կրպակները։

Կրպակային առևտուրն այս տարվա առաջին 3 եռամսյակներին նվազել է ավելի քան 22 տոկոսով։ Եվ, որ ավելի վատ է, այդ միտումը վերջին ամիսներին ոչ միայն պահպանվել է, այլև խորացել։ Մասնավորապես սեպտեմբերին կրպակներում առևտուրը գրեթե 40 տոկոսով քիչ է եղել անցած տարվա նույն ամսվա համեմատ։ Հոկտեմբերի կամ պատերազմական շրջանի տվյալները դեռևս հայտնի չեն, բայց ենթադրվում է, որ միտումները խորացել են։ Պատերազմի օրերին, երբ ի հայտ եկած վտանգների հետևանքով անորոշությունները չափազանց բարձր էին, շատերը ստիպված էին հետաձգել իրենց գնումները։

Կրպակային առևտրի կրճատումը նշանակում է, որ նվազել են առևտրի այդ հատվածում ընդգրկված տնտեսվարողների եկամուտները։ Թեև այդ եկամուտներն առանց այդ էլ մեծ չէին, այնուհանդերձ ակնհայտ է, որ ճգնաժամն ամենամեծ հարվածը հասցրել է հենց այս խմբում ընդգրկվածներին։

Կրպակային առևտրով զբաղվողների վիճակը նախկինում էլ մի բան չէր, հիմա ավելի է վատացել։ Տարիներ շարունակ Հայաստանում տեղի է ունենում առևտրի կենտրոնացում՝ փոքրերն աստիճանաբար իրենց տեղը զիջում են խոշորներին։ Եվ սա՝ այն դեպում, երբ դրանք ունեն լուրջ սոցիալական նշանակություն։

Այս հատվածում զբաղված են բավական մեծ թվով մարդիկ, որոնք այդ ճանապարհով փորձում են լուծել իրենց առօրյա խնդիրները։ Դրանց շրջանառություններն այնպիսին չեն, որ թույլ տան մտածել խնայողություններ կուտակելու կամ գործունեությունն ընդլայնելու մասին։

Որքան էլ մշտապես խոսվել է փոքր առևտրի ոլորտում զբաղվածներին խոշորներից պաշտպանելու մասին՝ մինչև հիմա ձեռնարկված քայլերը բավարար չեն եղել դրա համար։ Տարօրինակ չէ, որ այսօր էլ շարունակվում է փոքրերի դուրսմղումը շուկայից։

Մանրածախ առևտրի ծավալները կրճատվել են նաև առևտրի այլ օբյեկտներում։ Որպես այդպիսին, մյուս ամենատուժած հատվածը սպառողական ապրանքների շուկաներն են։

Սպառողական ապրանքների շուկաներում առևտուրը կրճատվել է գրեթե 21 տոկոսով։ Պետք է ենթադրել, որ դրանում մեծ բաժին ունեն հատկապես տոնավաճառները։ Համավարակի պատճառով մի պահ այստեղ առևտուրը գրեթե կանգ էր առել։ Հետագայում այն աստիճանաբար վերականգնվեց, սակայն դեռևս շատ հեռու է նախորդ տարվա ծավալներին հասնելուց։

Թեև, ի տարբերություն կրպակային առևտրի, սպառողական ապրանքների շուկաներում վերջին ամիսներին ակտիվությունն անհամեմատ ավելի բարձր է եղել։ Մասնավորապես, սեպտեմբերին, նախորդ տարվա սեպտեմբերից, շրջանառությունների կրճատումը 7 տոկոսի սահմաններում է։

Ոլորտում ամենաակտիվը միշտ էլ եղել են խանութները։ Բայց առևտրի պասիվացումը չի շրջանցել նաև դրանց։ Երեք եռամսյակների տվյալներով, շրջանառությունների նվազումը տատանվում է 14-15 տոկոսի սահմաններում։

Նշենք, որ խանութներին բաժին է ընկնում մանրածախ առևտրի ավելի քան 80 տոկոսը։

Համեմատության համար ասենք, որ կրպակների շրջանառությունը կազմում է ընդհանուր առևտրի ընդամենը 1,8 տոկոսը։ Սպառողական ապրանքների շուկան զբաղեցնում է իրականացվող առևտրի հազիվ 3,9 տոկոսը։

Համեմատաբար քիչ «կորուստներ» է կրել գյուղատնտեսական մթերքների շուկաների միջոցով կազմակերպվող առևտուրը։ Այստեղ ևս տեղի է ունեցել շրջանառությունների անկում, բայց ավելի քիչ չափով։ Բացասական տարբերությունը նախորդ տարվանից գրեթե 5 տոկոսի սահմաններում է։

Առևտրի այլ օբյեկտների դեպքում էլ ունենք շրջանառությունների գրեթե 16 տոկոսանոց նվազում։

Մանրածախ առևտրի ոլորտի ընդհանուր պատկերն ահա այսպիսին է եղել այս տարվա ընթացքում։ Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ բոլոր հատվածներում տեղի է ունեցել սպառողական պահանջարկի բավական լուրջ կրճատում։ Պետք է ենթադրել, որ դրա վրա որոշակի ազդեցություն է ունեցել ոչ միայն ներսից, այլև դրսից ներկայացվող պահանջարկը։

Խոսքը հատկապես զբոսաշրջային հոսքերի միջոցով ներքին շուկայում ձևավորվող պահանջարկի մասին է։ Այս տարի համավարակի ու սահմանների փակ լինելու հետևանքով, որին բախվեցինք դեռևս տարվա սկզբից, կտրուկ կրճատվել է զբոսաշրջիկների հոսքը Հայաստան։ Եթե անցած տարվա առաջին 3 եռամսյակներում այցելուների թիվը հասնում էր գրեթե 1,5 միլիոնի, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում կազմել է ընդամենը 327 հազար։ Ունենք 78 տոկոսին հասնող կրճատում։

Այս գործոնն իր ուղղակի ազդեցությունն է թողել նաև ծառայությունների ոլորտի առանձին ճյուղերի վրա։ Դրա ցայտուն արտահայտություններից մեկը հյուրանոցային բիզնեսի կոլապսային վիճակն է։ Շրջանառությունը 3 եռամսյակում ռեկորդային նվազում է արձանագրել. նախորդ տարվա համեմատ առկա է ավելի քան 76 տոկոսանոց նվազում։

Պակաս տխուր իրավիճակ չէ հանրային սննդի պարագայում, որտեղ ունենք 42 տոկոսանոց անկում։

Ռեստորանային բիզնեսը ևս կաթվածահար վիճակում է։ Շրջանառությունները կրճատվել են գրեթե կիսով չափ։

Խաղային բիզնեսը, որը վերջին տարիներին ծաղկում էր և դարձել էր ծառայությունների ճյուղում բարձր աճի ապահովման հիմնական գրավականներից մեկը, կորցրել է իր երբեմնի փառքը։ Այստեղ ևս անկումային իրավիճակ է։ Առկա է շրջանառությունների 8 տոկոսին մոտ կրճատում։

Այս պայմաններում բնական է, որ ծառայությունները դադարել են աճ արձանագրել։ Ոլորտի ընդհանուր անկումը 12 տոկոսի շրջանակներում է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս