ՀՀ տրանսպորտային, տնտեսական բլոկադան ոչ միայն շարունակվելու է, այլև ավելի է խորանալու՝ ստանալով նոր ծավալներ ու բովանդակություն. փորձագետ

Մենք այսօր գտնվում ենք անորոշության և անտեր վիճակում: Այս մասին Ազգային ժողովում ասաց ԱԺ արդեն անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Նա նկատեց՝ հասկացանք, պարտվել ենք, բայց հիմա խնդիրներ կան, որ չեն լուծվում: «Ինչն է մեր խնդիրը, ինչու ենք մենք կազմաքանդվել: Ես ահազանգեր ստացա,  որ խնդիր ունենք այս պահին Քարվաճառի սահմանին, երեկ դրված Քարվաճառի դարպասները այսօր արդեն կոտրվել են, և իրենք առաջ են գալիս: Դա, մեղմ ասած, խայտառակություն է»,- ասաց նա և նշեց, որ այդ ինֆորմացիան հաստատվել է, իսկ հանք ներխուժելու մասին ինֆորմացիան չհաստատվեց:

«Եթե այս ընթացքում պարզվի, որ ազերիները մտել են ոսկու հանք, Սոթքը արդեն Վարդենիսի տարածք է, եթե այնտեղ ներխուժել են, սա լրջագույն խնդիր է»,- ասաց նա:

Նա կոչ արեց պաշտպանել վարդենիսցիների իրավունքները, մարդիկ միայնակ են մնացել:

Պաշտպանության նախարարությունը, սակայն, հերքեց տեղեկությունը՝ հայտնելով. «Տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի զինվորականներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը` չեն համապատասխանում իրականությանը»:

 «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանը 168.am-ի հետ զրույցում խոսելով ռիսկերի մասին՝ ասաց.

«Նախ և առաջ պետք է փաստենք, որ արցախյան պատերազմը պարունակում է  հստակ տնտեսական բաղադրիչ, որն առավելապես կառուցված է նաև ոսկու հանքերի վրա, որոնցով հարուստ է Արցախը: Այստեղ հարկ է ընդգծել նախևառաջ Զանգելանի ոսկու հանքերը, որոնց մասով արդեն կան որոշակի պայմանավորվածություններ միջազգային ընկերությունների  հետ, որոնցից առանցքայինը բրիտանական ծագում ունեցող անգլոասիական արդյունահանման ընկերությունն է, որը առաջիններից մեկն է, ի դեպ, որ ողջունեց Զանգելանի անցումը Ադրբեջանին՝ պատերազմի օրերին:

Ինչ վերաբերում է Սոթքին, ապա ակնհայտ է, որ, թեև այս տեղեկատվությունը հերքվում է, բայց այդ ռիսկերը չենք կարող մինիմալի հասցնել՝  մի շատ պարզ պատճառով: Թեև այսօրվա իշխանությունները  խոսում են հետագայում ապաշրջափակման, տրանսպորտային և տնտեսական միջանցքների ապաշրջափակման և ինտեգրացիոն մեծ  նախագծերի մասին, այնուամենայնիվ ակնհայտ է, որ մենք ընդամենը այս պահի դրությամբ ջախջախիչ պարտությամբ ավարտել ենք 6-րդ սերնդի պատերազմը՝ թևակոխելով 7-րդ սերնդի պատերազմի շրջան, որի ժամանակ թշնամու համար մեկ խնդիրն է լինելու մեր տնտեսական պարալիզացումը, տնտեսության մաքսիմալ սնանկացումը և որպես  հետևանք՝ նաև սուբյեկտության վերացումը: Սա ակնհայտորեն այն նպատակներն են, որոնք հետապնդում են ադրբեջանցիները՝ իրենց մեծ եղբոր՝ Թուրքիայի հետ միասին»:

Վահե Դավթյանն ընդգծեց՝ այս պարագայում խնդիրը, հատկապես՝ Քարվաճառի ուղղությամբ, դիտարկում է երկու ուղղությամբ:

«Առաջինը ոսկու հանքերն են և այն, ինչ այսօր տեղի ունեցավ: Այն շատ կարևոր ազդակ է, այդ ռիսկերով պետք է զբաղվել, և երկրորդը դա այն է, ինչ անվանում են հիդրոահաբեկչություն: Մենք գիտենք, որ Քարվաճառում են սկիզբ առնում Արփա և Որոտան գետերը, որոնք առանցքային նշանակություն ունեն Սևանի համար, և մենք կարող ենք անգամ կանխատեսել  մի այնպիսի սցենար, երբ կամ ադրբեջանական կողմը արհեստականորեն կփոխի այդ գետերի  հուները՝ վնաս հասցնելով Սևանին, կամ կփորձի այդ գետերն օգտագործել քիմիական կամ այլ տեսակի թափոններ Սևան հասցնելու նպատակով: Նման փորձ, ի դեպ, առկա էր, հատկապես՝ խորհրդային տարիներին: 1980-ական թթ. 2-րդ կեսին մենք գիտենք, որ ադրբեջանական կողմը նպատակային էկոլոգիական աղետ էր ստեղծել արցախյան որոշ գետերում, որոնք անցնում էին հայերով բնակեցված գյուղերով: Պատահական  չէ, որ ղարաբաղյան շարժման նախաշեմին 1987-88թթ. ԼՂԻՄ-ը ամբողջ Անդրկովկասում բացարձակ առաջատար էր ուռուցքաբանական հիվանդությունների դինամիկայի մակարդակով:

Եվ այս ռիսկերը այսօր չենք կարող հաշվի չառնել, երբ Ադրբեջանը ապահովելով իր համար ռազմավարական շատ կարևոր առաջխաղացում բոլոր ուղղություններով՝ այնուհետև փորձելու է տնտեսական պարալիզացման  աշխատանքները՝ ՀՀ ուղղությամբ: Այսինքն` թիրախում արդեն Հայաստանի Հանրապետությունն է: Հետևաբար, մենք պետք է ոչ միայն շարժվենք, այլ ձևակերպենք պատասխանատու կառավարություն, որը պատրաստ է օբյեկտիվորեն գնահատել արտաքին ռիսկերը և չտարածելու տրանսպորտային ապաշրջափակման առասպելները: Ես վստահ եմ, որ ՀՀ տրանսպորտային, տնտեսական բլոկադան ոչ միայն շարունակվելու է, այլև ավելի է խորանալու՝ ստանալով նոր ծավալներ ու բովանդակություն»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Տեսանյութեր

Լրահոս