Նիկոլ Փաշինյան․ փողոցի հերոսն ու պետության հակահերոսը
Պետական կառավարման որևէ կացութաձև ունի անհրաժեշտ նվազագույն պայմաններ, առանց որոնց առկայության՝ այն կարող է չարիք դառնալ ցանկացած պետության համար։ Դա վերաբերում է նաև, իսկ գուցե առաջին հերթին՝ ժողովրդավարությանը։
Ժողովրդավարությունը, այո, եղած կառավարման համակարգերից լավագույնն է, բայց մեր պարագայում՝ ոչ ամենալավը։ Որովհետև ժողովրդավարության համար անհրաժեշտ բազմաթիվ պայմաններից են մի կողմից՝ կայացած քաղաքական համակարգի առկայությունը, մյուս կողմից՝ քաղաքացու, բառի ամենաբովանդակային իմաստով՝ քաղաքացու գոյությունը։ Ահա այդ քաղաքացին, իրավատեր քաղաքացին, պատասխանատու քաղաքացին, պահանջատեր քաղաքացին է իրական ժողովրդավարության հիմքը։ Այդ իմաստով քաղաքական համակարգի առկայությունը որքան էլ կարևոր, սակայն գուցե երկրորդական պայման է, քանի որ վերը նշված չափանիշերին համապատասխանող քաղաքացու առկայության պարագայում քաղաքական համակարգն անխուսափելիորեն կկայանա՝ որպես նույն այդ քաղաքացու իրավունքների ու պատասխանատվության արտահայտման միջոց։
Որքանո՞վ է ՀՀ քաղաքացին՝ հպարտ, կամ ոչ այնքան, համապատասխանում այդ չափանիշերին, այն չափանիշերին, որոնց դեպքում միայն կարող է ժողովրդավարությունը լինել կառավարման արդյունավետ միջոց։ Որքան էլ ցավալի է խոստովանել, ՀՀ քաղաքացին անհուսորեն հեռու է այդ չափանիշերից։ ՀՀ քաղաքացու հավաքական կերպարը ոչ թե ժողովրդավարության արարող կամ մատակարար է, այս սոսկ պարզունակ սպառող։ Եվ հանուն արդարության պետք է խոստովանել, որ Հայաստանի քաղաքացին այդպիսին է եղել գործնականում միշտ, սկսած խորհրդային ժամանակներից՝ մինչև նորանկախ հանրապետություն։
Քաղաքացիական պահանջատիրություն՝ որպես այդպիսին, Հայաստանում չի եղել երբեք։ Պահանաջատիրության, թերևս, միակ ու եզակի օրինակն ազգային հարցերում մեր ունեցած պահանջատիրությունն է, որը գործնականում կապ չունի քաղաքացիական պահանջատիրության հետ։ Դրա պատճառներից մեկը կամ գուցե հետևանքն այն է, որ տարիներ, տասնամյակներ շարունակ մենք ունեցել ենք և ունենք ցուցափեղկային ժողովրդավարություն՝ կայացած նոմինալ ինստիտուտներով, սակայն չենք ունեցել և չունենք ժողովրդավարության գլխավոր անկյունաքարը՝ քաղաքացուն։ Չենք ունեցել այդ քաղաքացուն ու չունենք, որովհետև տարիներ, տասնամյակներ շարունակ այդ քաղաքացին իշխանությունների կողմից դիտվել է ոչ թե՝ որպես նպատակ, այլ՝ որպես միջոց։
Նախորդ իշխանություններն այդ քաղաքացու ձայնը գնել են՝ ապահովելով իշխանության վերարտադրությունը, «նոր Հայաստանում» գնվել է այդ նույն քաղաքացու ոչ թե ձայնը, այլ հոգին, քաղաքացիները մանիպուլյացվել են այնքան ու այնպես, որ էլեկտորալ գործընթացում նրանք դրսևորել են փսիխոտիկ վարքագիծ՝ դակելով իրենց փսիխոզի հասցրածների իշխանությունը։ Փողոցի իշխանությունը։
Ասվածից, իհարկե, չի բխում, թե պետք է հրաժարվել ժողովրդավարությունից կամ մտածել որևէ այլ կառավարման կարգի մասին։ Ոչ, բնականաբար։ Սակայն, եթե մենք ցանկանում ենք, որպեսզի ժողովրդավարությունը հանդես գա ոչ թե՝ որպես դիսֆունկցիա, ինչպիսին որ է այսօր, այլ ունենա արդյունավետ գործառութային նշանակություն, պետք է կարողանանք գոյացնել ժողովրդավարության իրական կրողին՝ քաղաքացուն՝ անհատապես, և հասարակությանը՝ հավաքականորեն։
Նոմինալ առումով դա, առաջին հերթին՝ պահի իշխանության խնդիրն ու առաքելությունն է, որը, սակայն, հակամետ է այդ նույն իշխանության քաղաքական, հատվածական շահին, քանի որ իրավատեր հասարակությունը ցանկացած վատ իշխանության համար առաջին թշնամին է՝ բառի դրական իմաստով։ Ավելի խորքային առումով՝ այդ քաղաքացու ու հասարակության կերտումն էլիտաների խնդիրն ու առաքելությունն է՝ սկսած մասնագիտական էլիտաներից՝ մինչև, այսպես կոչված, ազգային սերուցք հանդիսացող հավաքական էլիտա։ Դրա ձևավորումը ևս համամետ է իշխանության շահերին, քանի որ, օրինակ, գործող իշխանությունը խարսխված է բացառապես մեկ անձի հեղինակության վրա, այն չի ճանաչում որևէ այլ հեղինակություն և պայքարում է ցանկացած այլ հեղինակության դեմ։
Նիկոլ Փաշինյանն իրենից կերտել է միակ «հերոսի» կերպարը, որը պահպանում է իր իսկ կերտած ամենատարբեր հակահերոսների կերպարների միջոցով։ Բայց այս իրավիճակից ելքը ոչ թե «հերոսի» մեխանիկական փոփոխությունն է, ոչ թե մեկ «փրկչին» մեկ ուրիշով փոխարինելու մոլորությունը, այլ հասարակության մեջ հեղինակությունների ինստիտուտների ձևավորումը, ինչը երկարաժամկետ հատվածում կդառնա որակյալ քաղաքացու ու հասարակության կայացման միջոց։
Ժողովրդավարությունը համակարգերի կառավարման կացութաձև է, մինչդեռ Հայաստանում այն խարսխվել է անձի վրա։ Եվ դա կառուցվել է այնպես, որ ոչ թե այդ անձն է ծառայում համակարգին, այլ համակարգը՝ անձին։ Արդյունքում՝ Հայաստանում իրականում գործում է ավտորիտար համակարգ՝ պարուրված ժողովրդավարության շղարշով։
Այդ առումով ժողովրդավարությունը Նիկոլ Փաշինյանի համար դարձել է սեփական ավտորիտար իշխանությունն ամրապնդելու գործիք։ Հասարակությանը թվում է, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իր իշխանություն է, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը հասարակությանն օգտագործում է բացառապես սեփական իշխանությունը պահպանելու համար։ Որովհետև սա ոչ թե իրավատեր քաղաքացիների միություն է, այլ ժողովրդավարությունը մակերեսորեն սպառողների հավաքականություն, որը դատում է ոչ թե մտքով, այլ «դուխով»։
Հենց «դուխը», այսինքն՝ հասարակության հակաբանականությունն է Նիկոլ Փաշինյանի իշխանության գրավականը, որովհետև «դուխն» իր ծագումնաբանությամբ հակաքաղաքացիականություն է, քաղաքացիականության հիմքը միտքն է ու բանականությունը, որը Հայաստանում այսօր, առավել քան երբևէ, բռնաբարված է անդառնալիորեն։
Հարություն Ավետիսյան