«Պուտինն էլ է ասում՝ Արցախը հռչակեք ՀՀ տարածք, մենք գանք օգնենք». Հրանտ Խաչատրյան

«Պուտինն էլ է ասում՝ Արցախը հռչակեք ՀՀ տարածք, մենք գանք օգնենք։ Էլ ո՞նց ասի՝ «ՄԻԱՑՈՒՄ»: И ежу понятно !»: 168.am-ի հետ զրույցում ասաց ԳԽ նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանը՝ անդրադառնալով ՌԴ արտաքին գերատեսչության արձագանքին՝ ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի:

«Հիմա ԼՂՀ անկախության ճանաչումն ընկալումների առումով լրիվ համարժեք է միացումին,  բայց միացումն ավելի հեշտ է, արագ ու շահավետ»,- շեշտեց Հրանտ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ հաշվի առնելով մարտական գործողությունների ՀՀ սահմանին մոտենալու, ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին՝ սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը:

Իր հերթին՝  ՌԴ ԱԳՆ-ն հիշեցրել է՝ «սույն Պայմանագրի մի շարք հոդվածներ ենթադրում են կոնկրետ գործողություններ միմյանց տարածքների դեմ զինված հարձակման սպառնալիքի կամ ագրեսիայի ակտի ի հայտ գալու դեպքում:

Պայմանագրի պահանջներին համապատասխան՝Ռուսաստանը Երևանին կտրամադրի անհրաժեշտ բոլոր օժանդակությունները, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք»:

«Ձգձգվող անհավասար, արյունալի, ջլատող պատերազմի անորոշության պայմաններում Հայաստանի հետ Արցախի վերամիավորման անհապաղ վերահռչակումը ձեռք է բերել մեկ նոր կարևոր իմաստ. այն կարող է դառնալ համաշխարհային իներցիաները հաղթահարելու, քաղաքական քննարկումների ու դիվանագիտական հարաբերությունների նոր մակարդակով նոր իրավիճակ ստեղծելու հզոր խթան: Կարճ ձևակերպմամբ՝ «ՄԻԱՑՈՒՄԸ»  որպես  հաղթական քաղաքական «ձիու քայլ»՝ կարող է լինել դե ֆակտո վերամիավորված ու առանց բացառության այդպես էլ ընկալվող Հայաստանի կողմից։ Դրանով առաջին հերթին կազատենք մեզ բարեկամ երկրների մտահոգ իշխանությունների «ձեռքերը»՝ պաշտպանել ոչ միայն՝ չճանաչված Արցախի բնակչության հումանիտար իրավունքները, այլև՝ ՄԱԿ-ի անդամ Հայաստանի կազմում դե յուրե «հայտնված» Արցախի բոլոր իրավունքները միջազգային իրավունքի ողջ ծավալով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԳԽ նախկին պատգամավորը:

Հրանտ Խաչատրյանի խոսքով, ակնհայտ է՝ նման սցենարը միայն դռնփակ հարթակներում, օպերատիվ իրավիճակի վերաբերյալ կարևոր հանգամանքների հաշվառմամբ պիտի լինի, թեպետ  արդեն վաղուց «պետական գաղտնիք չէ, որ միացումը հայ ժողովրդի անվտանգության ու կայուն զարգացման երաշխիքն է»:

Տեսանյութեր

Լրահոս