Ռազմական դրության ժամանակ զորամասի հրամանատարն է որոշում, թե որ ստորաբաժանումն ուղարկի մարտական վերականգնման շրջան

Սեպտեմբերի 27-ից թուրք-ադրբեջանական ահաբեկիչների կողմից սանձազերծված պատերազմը բոլորիս կյանքը փոխեց, և արդեն մեկ ամիս հայ մարդը, Մայր Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում մեկ հոգս, մտածմունք ու երազանք ունի՝ խաղաղ ու պաշտպանված Արցախ տեսնել:

Այդ նպատակին են միտված բոլոր ռեսուրսները՝ մարդկային ուժի, ֆինանսական մուտքերի, սոցիալական աջակցության տեսքով ու օգնություն հասցնելու որևէ այլ եղանակով:

Հենց առաջին օրվանից, երբ Հայաստանում հայտարարվեց ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք, բազմաթիվ հայորդիներ, առանց սպասելու զինկոմիսարիատից ծանուցման, մեկնեցին առաջնագիծ, ընդհանուր առմամբ չեղան նաև զորահավաքից խուսափողներ:

Սակայն, որքան էլ մեծ է հայրենիքի սահմանների պահպանությանն անմնացորդ նվիրվելու ձգտումը, մարդկային օրգանիզմի հնարավորություններն անսպառ չեն, և արդեն մեկ ամիս առաջնագծում գտնվող մեր կամավորականներն ու պահեստայիններն օբյեկտիվորեն հոգնել են, ոմանք հիվանդ են, հատկապես, որ նրանց շարքերում քիչ չեն տարեցները:

Եվ եթե հաշվի առնենք Հայաստանում և Արցախում մոլեգնող կորոնավիրուսային իրավիճակը, պատկերը, թերևս, ամբողջական կլինի:

Վերջին օրերին հատկապես 168.am-ի խմբագրություն հաճախակի են դարձել պահեստազորային ու կամավորական խմբերի զանգերը հերթափոխ կազմակերպելու խնդրանքով: Բոլորն էլ միաբերան նշում էին, որ պատրաստ են կրկին մեկնել ռազմաճակատ, սակայն կարիք ունեն փոքր-ինչ հանգստանալու և ուժերը վերականգնելու:

Հարցի առնչությամբ Պաշտպանության նախարարությունից մեզ տեղեկացրին, որ ռազմական դրության ժամանակ զորամասի հրամանատարն է որոշում, թե որ ստորաբաժանումն ուղարկի մարտական վերականգնման շրջան:

Ճշգրտող հարցին՝ այսինքն՝ որևէ ժամկետ չկա՞ սահմանված մարտական հերթափոխի առնչությամբ, և փաստորեն օրենքը դա չի՞ կարգավորում, ՊՆ-ից պատասխանեցին, որ զորամասի հրամանատարության որոշմամբ, ելնելով մի շարք հանգամանքներից, գործողություններում ներգրավված անձնակազմը կարող է տեղափոխվել մարտունակության վերականգնման շրջան և փոխարինվել համազորային պահեստուժով, ինչը հնարավորություն է ընձեռում երկար մարտերում ընդգրկված անձնակազմին վերականգնել ուժերը, հանգստանալ, ստանալ համապատասխան ցուցումներ՝ այս կամ այն խնդիրն ավելի արդյունավետ կատարելու համար։

«Ռազմական դրության պայմաններում տուն վերադառնալ օրենքով նախատեսված չէ»,- նշեցին Պաշտպանության նախարարությունից:

Եվս մեկ անգամ նշենք, որ որևէ մեկը չի բողոքում դժվարությունից, պարզապես մարդկայնորեն երևի թե կարելի է հասկանալ, որ մարդիկ նույն արդյունավետությամբ չեն կարող պայքարել մեկ ամիս շարունակ, և միգուցե Պաշտպանության նախարարությունում, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ հատկապես կորոնավիրուսային ներկա իրողությունների համատեքստում, հետևողական լինեն պահեստազորային ու կամավորական ջոկատներին հանգիստ տրամադրելու և կազդուրվելու հնարավորություն տալու հարցում:

Տեսանյութեր

Լրահոս