«Կառավարությունը պետք է օգնի, որ գործարարները չմնան առանց հումքի». տնտեսագետը՝ թուրքական ապրանքների ներկրման արգելքի մասին
ՀՀ Կառավարության որոշմամբ՝ 2020թ.-ի դեկտեմբերի 31-ից 6 ամսով կարգելվի թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը սա քաղաքական որոշում է համարում, քանի որ տնտեսական հիմնավորում առայժմ չկա: Տնտեսագետի պնդմամբ՝ թուրքական ապրանքների ներմուծման թեման պարբերաբար ակտուալ է դարձել, սակայն պետական մակարդակով առաջին անգամ է նման արգելք դրվում:
«Քանի որ մենք Թուրքիայի հետ պաշտոնապես չունենք դիվանագիտական հարաբերություններ, ըստ էության մենք նաև չունենք Թուրքիայի հետ պաշտոնապես տնտեսական հարաբերություններ: Թուրքիայի արտահանման կառուցվածքում Հայաստանը զրո է, այսինքն՝ մեր արտահանումը կատարվում է Վրաստանի միջոցով: Թուրքիան ինքը Հայաստանի նկատմամբ կիրառում է խիստ առանձնացված մոտեցում: Այստեղ, եթե խնդիր լինի, կարող է Վրաստան-Հայաստան զուտ առևտրային հարաբերություններում խնդիր լինել, բայց դա լուծելի է»,- ասաց Վահագն Խաչատրյանը:
Տնտեսագետի պնդմամբ՝ կորոնավիրուսով պայմանավորված՝ թուրքական ապրանքների ներմուծումն արդեն իսկ կրճատվել է: Նախորդ տարվա 268 մլն դոլարի համեմատ՝ ներմուծման ծավալը կրճատվել է 13 տոկոսով՝ դառնալով 139 մլն դոլար: Խաչատրյանը վստահեցնում է՝ կրճատումը կշարունակվի նաև մինչև արգելքի ուժի մեջ մտնելը: Մինչ այդ, տնտեսագետի պնդմամբ՝ պետք է մտածել՝ ինչպե՞ս օգնել այն տնտեսվարողներին, որոնք իրենց գործունեությունը կապում էին Թուրքիայի հետ:
«875 անուն ապրանք է ներմուծվում Թուրքիայից, տարբեր տեսակի՝ գյուղատնտեսական մթերքներից սկսած, վերջացրած արդյունաբերական տարբեր տեսակի ապրանքներով, թեթև արդյունաբերության, էլեկտրոնիկայի, համարյա ամեն ինչ կա: Գերակշռող է ցիտրուսի ներկրումը, 2019-ին կազմել է 5 մլն դոլար: Ցիտրուսը մեծ պրոբլեմ չի կարող լինել, կարող ենք առանց դրա էլ ապրել, մեր միրգը կբավարարի, բայց ցիտրուսի այլընտրանքային հնարավորություններ էլ կան՝ Հունաստանը, կամ այլ երկրներից կարող ենք գտնել: Դրա փոխարեն՝ կան ապրանքատեսակներ, որոնք կարող են խնդիրներ առաջացնել, հատկապես շինարարության բնագավառում, նաև հումքի, մեր թեթև արդյունաբերության զարգացումը կամ կազմակերպումը պայմանավորված է հումքով: Տրանսպորտային կամ այլ հանգամանքներից ելնելով՝ ձեռնտու էր Թուրքիայից ներկրել հումքը՝ կտոր, թել և այլն: Սա խնդիր է առաջացնելու»,- ասաց Վահագն Խաչատրյանը:
Տնտեսագետի խոսքով՝ հայկական արտադրողները թեթև արդյունաբերության բնագավառում, հատկապես՝ տեքստիլ արդյունաբերության ոլորտում, վերջին 4 տարիներին շատ ակտիվ և որակյալ աշխատում են: Ընդ որում՝ բավարարում են ոչ միայն ներքին պահանջարկը, այլև արտահանում են: Խաչատրյանի պնդմամբ՝ պետք է օգնել գործարարներին լուծել հումքի հարցը, և այստեղ մեծ անելիք ունի ՀՀ Կառավարությունը, որը պետք է սկսի համագործակցել այն երկրների հետ, որտեղից կարող է Թուրքիայից ներկրվող ապրանքի համար փոխարինիչներ գտնել:
«Լրջագույն խնդիր ունի անելու մեր Կառավարությունը, որը պետք է օգտագործի իր հնարավորությունները, այդ թվում՝ ԵԱՏՄ, միգուցե՝ ԱՊՀ շրջանակներում, որովհետև շատ փոխարինիչներ կարելի է գտնել Ուզբեկստանից, մի մասը կարելի է գտնել Չինաստանից: Կառավարությունը պետք է օգնի, որ գործարարները չմնան առանց հումքի: Մոտ 6-7 հազար մարդ է աշխատում թեթև արդյունաբերության բնագավառում, բավականին հաջող, ներկայանալի»,- ասաց տնտեսագետը:
Վահագն Խաչատրյանը նկատեց, որ թուրքական ապրանքի նկատմամբ սահմանափակումներ կիրառել է նաև Սաուդյան Արաբիան, որն իր գործարարներին հանձնարարել է ոչ միայն դադարեցնել թուրքական ապրանքների ներմուծումը, այլև փակել իրենց բիզնեսը Թուրքիայում, վաճառել ունեցվածքն ու վերադառնալ Սաուդյան Արաբիա: Տնտեսագետի պնդմամբ՝ Հայաստանը կարող է օգտվել ստեղծված իրավիճակից:
«Մենք կարող ենք Սաուդյան Արաբիայի շուկա մտնել, քանի որ այդ նույն թուրքական թեթև արդյունաբերության արտադրանքն էր այնտեղ ճանաչված և վաճառվում էր, մենք՝ որպես այլընտրանքային տարբերակներ, պետք է Սաուդյան Արաբիայի շուկան լուրջ ուսումնասիրենք, այդտեղ անելիք ունենք, հեռավորությունը շատ մեծ չէ, տրանսպորտային խնդիրների առումով մատչելի է, ինքնաթիռներ կան, ցամաքայինն էլ հնարավոր է իրականացնել: Մեր արտաքին դիվանագիտական կորպուսն անելիք ունի»,- ասաց Խաչատրյանը:
Ըստ տնտեսագետի վերլուծության՝ Հայաստանն իր տնտեսության զարգացման համար պետք է օգտվի նաև այն հանգամանքից, որ ունի Իրանի պես հարևան:
«Մենք Իրանի հանգամանքն ըստ էության շատ դեպքերում մոռանում ենք, իր հզոր պոտենցիալը բոլոր առումներով չօգտագործելը, չգիտեմ՝ ինչպե՞ս գնահատել: Հարևան այդպիսի երկիր ունենք, որը նավթային, գազային մեծ հումք ունի, և այդ հնարավորությունից չենք օգտվում: Ոչ մի դեպքում պրոբլեմներ չստեղծելով Ռուսաստանի և Գազպրոմի հետ, ոչ մի դեպքում, կարող ենք ավելի մատչելի գազ ստանալու համար հարցը քննարկել ևս մեկ անգամ երկու երկրների հետ էլ: Նպատակը պետք է լինի մրցունակ արտադրանք ունենալը, որ կարողանանք ներքին շուկայում, ԵԱՏՄ շուկայում և ընդհանրապես ավելի մեծ տարածաշրջանում արտադրանք ունենանք իրացնելու, մեր զարգացման պոտենցիալը դրա մեջ է»,- ասաց Խաչատրյանը:
Տնտեսագետը նաև նկատեց, որ կորոնավիրուսով և պատերազմական վիճակով պայմանավորված՝ Հայաստանի տնտեսության զարգացման ամենաարդյունավետ տարբերակներից մեկը մոտակա 5 տարիներին մնում է հանքարդյունաբերությունը, սակայն պետք է այդ ընթացքում գտնել այլընտրանք: