Իրաքն անվավեր է դարձրել միջազգային կոնսորցիումի հետ գազի հանքավայրի շահագործման պարտավորագիրը
Իրաքն անվավեր է դարձրել էլ Մանսուրիայի գազի խոշոր հանքավայրի շահագործման համաձայնագիրը, որն ավելի վաղ ձեռք էր բերվել երեք պետությունների ընկերությունների միջազգային կոնսորցիումի հետ: Այդ մասին, ինչպես հաղորդել է Իրաքի INA լրատվական գործակալությունը, հոկտեմբերի 15-ին հայտարարել է Իրաքի նավթի նախարար Իխսան Աբդել Ջաբերը։
«Նավթի նախարարությունը,- ասել է նախարարը,- չեղյալ է հայտարարել Դիյալայի նահանգում գտնվող էլ Մանսուրիայի հանքավայրի շահագործման պարտավորագիրը միջազգային կոնսորցիումի հետ, որի մեջ են մտնում ընկերություններ Թուրքիայից, Հարավային Կորեայից եւ Քուվեյթից»: Համաձայնությունների չեղարկման պատճառների մասին Աբդել Ջաբերը չի տեղեկացրել:
Իրաքի նախարարը նաեւ նշել է, որ կառավարությունը «մի շարք միջազգային ընկերությունների հրավիրել է մասնակցելու էլ Մանսուրիայի շահագործման նոր մրցույթին»: Ինչպես նշել է Աբդել Ջաբերը, նավթի նախարարությունը կընտրի նոր գործընկեր, որը «կտրամադրի հանքավայրի շահագործման եւ մշակման համար ավելի լավ տեխնիկական լուծումներ, որպեսզի առավելագույն տնտեսական հատույց երաշխավորվի պետության համար»:
Նախարարի տվյալներով ՝էլ Մանսուրիայի հանքավայրում բնական գազի պաշարները գնահատվում են 4,5 տրիլիոն խորանարդ մետր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: