Այս պահին ոչ միայն անհատական առողջության հարցն է, այլև կարևոր է, որ թիկունքն լինի ամուր. Վարդուհի Պետրոսյան

«Բավականին ծանր է վիճակը՝ կապված պատերազմական իրավիճակի և համավարակի տարածման հետ: Սրա վերաբերյալ Միացյալ Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղարի ուղերձում առանձին նշվել է, որ անհրաժեշտ է կասեցնել պատերազմը, քանի որ դրա հետևանքով համավարակն ավելի է  տարածվում»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասաց ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևը՝ փոխանցելով, որ խնդրի վերաբերյալ ելույթ է ունեցել նաև ԱՀԿ տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը՝ նշելով, որ պետք է դադարեցնել կրակը, որովհետև դա ծանրացնում է  առողջապահական համակարգի վիճակը:

«ԱՀԿ-ում արտակարգ իրավիճակները գնահատելու համար մշակած է սանդղակ՝ 0-3 միավորի սահմանում, և տվյալ պահին իրավիճակը՝ պայմանավորված զինված հակամարտությունով, գնահատվել է 2 միավոր, ինչը նշանակում է, որ ԱՀԿ-ն նման դեպքում լիազորված է ավելացնելու Հայաստանին ուղղված աջակցությունը: Այս պահին Առողջապահության նախարարության հետ քննարկվում է  առաջին օգնության պարագաներ տրամադրելու  հնարավորությունը, հետո առանձին քննարկումներ կլինեն, հավանաբար կարիք կլինի նաև ՀՀ հրավիրել մասնագետների թիմեր, ինչպես արված էր նախկինում: Մեր գրասենյակի կողմից արդեն կապ է հաստատված միջազգային փորձագետների հետ, ովքեր արտակարգ իրավիճակներում աջակցության տրամադրման մասնագիտացում ունեն, մի քանիսը ՀՀ-ում է, մի քանիսին էլ կհրավիրենք»,- նշեց Եգոր Զայցևը:

Նա հույս հայտնեց, որ, երբ սկսվի պատվաստումների ծրագիրը, իրավիճակը փոփոխված կլինի: Եվ այն պահին, երբ անհրաժեշտ քանակով պատվաստուկները հասանելի լինեն՝ Հայաստանի Հանրապետությանը դրանք կտրամադրվեն:

Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան, հանրային առողջապահության մասնագետ Վարդուհի Պետրոսյանն էլ հորդորեց  քաղաքացիներին՝ հետևել կանոններին, ընդգծելով, որ այս պահին ոչ միայն անհատական առողջության հարցն է, այլև կարևոր է, որ թիկունքը լինի ամուր:

«Եթե զինվորները, կամավորականները գնում են ռազմաճակատ, ապա ավելի քիչ մարդիկ են մնում թիկունքում: Եվ մենք ուղղակի մեզ թույլ չենք կարող տալ, որ մարդիկ, ովքեր թիկունքում պետք է գործը, տնտեսությունն առաջ տանեն, հիվանդանան»,- ասաց  Վարդուհի Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է վիրուսի վարքագծի փոփոխությանը՝ Վարդուհի Պետրոսյանը նշեց, որ տարբեր տարիքի մարդկանց մոտ այն տարբեր է. կապ ունի, թե ուղեկցող ինչ հիվանդություններ ունեն, ավելորդ քաշ ունե՞ն, թե՞ չէ, գենետիկ ինչ կառուցվածք ունեն, և այլն:

Ախտանշանները ևս տարբեր են լինում:

Լուսանկարը՝ Մեդիա Կենտրոնի

Տեսանյութեր

Լրահոս