Կարծում եմ՝ Իրանում և ՌԴ-ում լուրջ կվերաբերվեն ահաբեկչական խմբերի ներթափանցման հարցերին Հարավային Կովկաս. Քաղաքագետ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, կարևորելով տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը, տարածաշրջանի պետությունների մեջ շահավետ համագործակցությունը և պայքարը միջազգային ահաբեկչության դեմ՝ հոկտեմբերի 11-ին կոչ էր արել Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի իշխանություններին՝ ստեղծել համատեղ Հակաահաբեկչական կոորդինացիոն կենտրոն՝ տարածաշրջան ներթափանցած միջազգային ահաբեկիչներին, նրանց տեղաբաշխման կետերը և համապատասխան ռազմակայանները հայտնաբերելու և համատեղ չեզոքացման ծրագրեր մշակելու համար: Ավելի վաղ՝ հոկտեմբերի 6-ին, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորելու կոչ էր արել:
ՌԴ Պետդումայից արձագանքել են կոչին՝ մասնավորապես նշելով, որ դա այս պահին իմաստից զուրկ է, քանի որ այդկերպ կարող է զուր անցնել Մոսկվայում սկսված երկխոսությունը: Այս մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Վիկտոր Վոլոդացկին:
«Անհրաժեշտ է կատարել բոլոր որոշումները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում: Անիմաստ է որևէ լրացուցիչ կոմիտե կամ կենտրոն ստեղծել, քանի որ ամբողջ երկխոսությունը, որն այսօր սկսել է կառուցվել, կկորչի: Նրանց որոշումները կարող են համատեղելի չլինել այն որոշումների հետ, որոնք ընդունվելու են աշխատանքային խմբի կողմից, որի շուրջ համաձայնության են եկել արտգործնախարարները»,- ասել է Վոդոլացկին:
168.am-ի հետ զրույցում Օրբելի կենտրոնի վերլուծաբան, քաղաքագետ Կարեն Վերանյանն ասաց․
«Հակաահաբեկչական կենտրոն ստեղծելու առաջարկը ողջունելի և կարևոր է, որովհետև, ըստ էության, թե՛ ՌԴ-ում, թե՛ Արևմուտքում 10-ամյակներ շարունակ հակաահաբեկչական գործողություններում ներգրավված են ԱՄՆ-ը, Եվրոպան: ՌԴ-ի համար էլ, օրինակ, Հյուսիսային Կովկասը ժամանակին էլ, այսօր էլ մեծ ռիսկային գոտի է:
Պատահական չէ, որ վերջին օրերին Հյուսիսային Կովկասում Ռուսաստանը սկսել է շատ ակտիվ նախաձեռնել հակաահաբեկչական գործողություններ: Կարծում եմ՝ Իրանում և ՌԴ-ում լուրջ կվերաբերվեն ահաբեկչական խմբերի ներթափանցման հարցերին Հարավային Կովկաս, որովհետև սա իրենց անմիջական կենսական շահերի գոտին է: Ռուսաստանն ու Իրանը հստակ հասկանում են, որ այդ ահաբեկչական խմբերը Թուրքիայի աջակցությամբ և Իսրայելի անուղղակի ներգրավվածությամբ կարող են շատ լուրջ վտանգ ներկայացնել, առաջին հերթին՝ Իրանի տարածաշրջանային, սահմանային անվտանգության համար և փոխել Հարավային Կովկասում առկա ուժային նախկին վերադասավորվածությունը: Արձագանքները, կարծում եմ՝ շատ լավ ընկալվել են, այլ բան է, որ պաշտոնական, արարողակարգային հայտարարություններ պետք է հնչեն, լրիվ այլ բան է, թե հետկուլիսային ինչպիսի գործընթացներ են տեղի ունենում ՌԴ-ում և Իրանում»։
Իրանագետ Գարիկ Միսակյանն էլ անդրադառնալով հոկտեմբերի 11-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ մամլո ասուլիսի ժամանակ արված հայտարարությանը, որ Արցախի անկախությունը ճանաչելու համար դիմելու է միջազգային կառույցներին և աշխարհի բոլոր երկրներին, ու, իհարկե, այստեղ մենք տեսնելու ենք այն երկրների ցանկը, որոնք հարգում են մարդու իրավունքները, կամ ընդհանուր առմամբ աշխարհը կտեսնի այն երկրների ցանկը, որոնք աջակցում են տեռորիզմին, նշեց, որ չնայած պաշտոնական որևէ արձագանք դեռևս չկա, սակայն Արցախի նախագահի ելույթը տեղ է գտել իրանական մամուլում, օրինակ՝ ԻՌՆԱ-ում, որը Իրանի կառավարության պաշտոնական կայքն է, ինչպես նաև պաշտոնական ռադիո-հեռուստաընկերությունների կայքերում: Նաև տեսանյութն է տարածվել՝ համապատասխան տիտրերով:
«Իրանում, ընդհանուր առմամբ, շատ բարձր մակարդակում՝ և՛ արտաքին գործերի նախարարի, և՛ նախագահի մակարդակում, դատապարտվել է ահաբեկիչների ներգրավումն արցախյան պատերազմում և նրանց հաստատումը Կովկասում: Իսկ փորձագիտական ու վերլուծական շրջանակներում բազմաթիվ հրապարակումներ են եղել այդ թեմայով: Նշվել է, որ դրանք վտանգում են Իրանի ազգային անվտանգության շահերը»,- հավելեց Գարիկ Միսակյանը:
Ինչ վերաբերում է «Region Monitor»-ի ձեռքում հայտնված ևս մեկ գաղտնազերծված ձայնագրությանը, որն ապացուցում է, որ սիրիացի վարձկան ահաբեկիչներն այս օրերին կռվում են Ադրբեջանի բանակի կազմում և մասնակցում են Արցախի դեմ սանձազերծված ագրեսիային, ինչպես նաև խոսում են հնարավորության դեպքում Իրան փախչելու մասին, իրանագետը նկատեց.
«Այդ ձայնագրությունը հայկական մամուլից վերցվել և տարածվել է իրանական մամուլում ու լայն արձագանք է գտել այնտեղ: Իրանի ռազմական ղեկավարության, բանակի հրամանատարության կողմից հնչել են նաև հայտարարություններ, որ Իրանի սահմանն անցնել փորձող ցանկացած ոք ոչնչացվելու է: Այսինքն, նկատի ունեն ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներին: Այս ամեն ինչից կարելի է եզրակացնել, որ Իրանում բավականին լուրջ են վերաբերվում այս խնդրին»: