«Իհարկե, որոշ տեղերում ադրբեջանական ուժերն առաջ են եկել, բայց այդ հատվածը ռազմական գիտության տեսանկյունից ծիծաղելի փոքր է». Արծրուն Հովհաննիսյան

«Իսկանդերը» դա ինչ-որ աբսոլյուտ զենք չի, այն հրթիռ է հրթիռների նման: «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ արձագանքելով այն պահանջներին, թե ինչու հայկական կողմը գործի չի դնում «Իսկանդերը»:

«ՊԲ սպառազինության մեջ «Իսկանդերի» նման զենքեր կան, որոնք իրենց գործն անում են: Մարտագլխիկի առումով «Իսկանդերը» շատ նման է «Տոչկա-Ու»-ին, ուղղակի հեռահարությունը մեծ է, և թռիչքի հետագիծը բարդ է: Այսինքն, խոցելը, հայտնաբերելն «Իսկանդերին» շատ ավելի բարդ է, քան «Տոչկա-Ու»-ին: Բայց, օրինակ, մարտագլխիկը նույն «Տոչկա-Ու»-ի մարտագլխիկի չափ է՝ 480 կգ: Հետևաբար, յութուբյան գովազդներից ընկալված աբսոլյուտիզմն այս կամ այն զենքի նկատմամբ՝ կլինի «Իսկանդեր» թե «Պանցիր», որ կրակեց և վերջ՝ մոլորակը կործանվելու է, իհարկե, այդպես չի»,- նշել է նա:

Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին՝ Ադրբեջանի կողմից այս կամ այն բնակավայր, տարածք «գրավելու» հետ կապված, Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ Ադրբեջանի ամբողջ զինված ուժերը 100.000-ից ավելի անձնակազմ է, ինչը ՊԲ-ից մեծ է մի քանի անգամ, ավելին, ադրբեջանական կողմը գերազանցում է նաև սպառազինության քանակով:

«Այո, որոշ զինատեսակների որակական և քանակական առումով ինքը գերազանցում է հայկական բանակին, և դա գաղտնիք չէր ոչ մեկի համար»,- շեշտել է ՊՆ ներկայացուցիչը՝ հիշեցնելով, որ Թուրքիան լիովին օգնում է Ադրբեջանին, և ոչ միայն զուտ կառավարման, խորհրդատվության տեսքով, այլ զինատեսակներով, հետախուզությունով, խոցման միջոցներով, ընդ որում, էլի գերճշգրիտ և նորարար: Եվ այդ տանդեմին հայկական բանակը շատ մեծ հաջողությամբ դիմակայում է:

«Իհարկե, որոշ տեղերում ադրբեջանական ուժերն առաջ են եկել: Իրականում այդ տեղերը, այդ հատվածը, որ իրենք առաջանում են, ես անուններ չեմ տա, դա ռազմական գիտության տեսանկյունից ծիծաղելի փոքր է՝ կիրառված ուժերի, կորուստների և ժամանակի կտրվածքով: Այն խնդիրը, որ դասական պատերազմների ժամանակ մեկ գունդը, այսինքն, մինչև 1500 հոգանոց անձնակազմ, պիտի կատարի 2-3 օրվա ընթացքում, ադրբեջանական երկու կորպուսները մոտ 20.000 անձնակազմով չեն կարողանում կատարել 15 օրում՝ ունենալով այդքան ահռելի տեխնիկական, հետախուզական և այլ առավելություններ: Եվ այսքանից հետո մենք ստիպված ենք լինում հաճախ մանևրել, նահանջել՝ ըստ նպատակահարմարության, մյուս տեղը գնալ առաջ: Սա առանձին քննարկման առարկա սարքելը շատ սխալ երևույթ է: Մենք չենք թաքցնում, չենք ասում, որ էսինչ բնակավայր չեն մտել, չեն վերցրել, բայց ամեն օր ինձ հարցնել՝ Թալիշն իրենց վերահսկողության տա՞կ է, թե՞ ոչ, Հադրութ իրանք մտա՞ն, թե՞ դուրս եկան: Դա սխալ է, մի ֆիքսվեք, թե կոնկրետ էսինչ բնակավայրն այս պահին ինչ վիճակում է: Շատ հաճախ ադրբեջանցիները կիրառում են տեղեկատվադիվերսիոն համատեղ օպերացիա. գնում են մերձռազմաճակատային մի բնակավայր, մտնում են, նկարվում, դրոշը դնում, հետո մերոնք արագ հակահարված են հասցնում, կամ նույնիսկ սովորական հրետանին խփում է իրենց, փախնում են այդտեղից: Բայց կարևորը, որ էդ նկարը դրոշով հայտնվեց սոցցանցում, ՀՀ-ում էլ ոչ մեկն ինֆորմացիան չի փակել, և միանգամից հայտնվում է այստեղ»,- ընդգծել է Հովհաննիսյանը՝ շարունակելով, որ Ադրբեջանի խնդիրը եղել է Արցախը գրավելը, և հարց տվել՝ հիմա Արցախը գրավե՞լ են, թե՞ չէ:

«Չեն գրավել: Հետևաբար, մարդկանց պետք է կերակրել նման բաներով, ուրիշ տարբերակ Ադրբեջանը չունի»,- եզրափակել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը:

Տեսանյութեր

Լրահոս