Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը դատապարտում է Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի թիրախավորումը
Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը դատապարտում է Սուրբ Ղազանչեցոցի թիրախավորումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:
Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը (WMF), տեղեկանալով, որ ԼՂ հակամարտության հետևանքով վնասվել է Արցախի Սուրբ Ամենափրկիչ Մայր տաճարը, բացարձակապես անընդունելի է համարում մշակութային ժառանգության որևէ նմուշի միտումնավոր ոչնչացում:
Որպես Ղազանչեցոց եկեղեցական համալիր հայտնի տաճարը կառուցվել է 19-րդ դարում, ապա վերակառուցվել 1990-ականներին՝ պատերազմից հետո, և դարձել տարածաշրջանի վերածննդի խորհրդանիշ:
«Ամբողջ աշխարհում ծավալած մեր գործունեության միջոցով ականատես ենք եղել, թե մշակութային ժառանգության ոչնչացումն ինչպիսի անդառնալի կորուստ է ինչպես տեղական համայնքների, այնպես էլ համաշխարհային պատմության տեսակետից, քանի որ ընդմիշտ խզում է մեր կապերը անցյալի հետ` վերքեր հասցնելով ժողովուրդների ինքնությանը:
Ուստի, մենք կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն և զերծ մնալ մշակութային ժառանգության վայրերը որևէ կերպ թիրախավորելուց: Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը հավատարիմ է բոլոր համայնքների հետ համագործակցելու միջոցով համայն աշխարհում մեր ընդհանուր պատմությունը պահպանելու իր առաքելությանը»,-նշված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 11-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 165 անօդաչու թռչող սարք, 510 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4719 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 525 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։