Հարձակվելով ԼՂ-ի վրա՝ Թուրքիան փորձում է շոշափել Մեծն Թուրանի գաղափարի իրագործման հիմքերը, ինչը մեծ սպառնալիք է Ռուսաստանի համար․ ռուս թուրքագետ
«Թուրքիան փորձում է իրագործել Մեծն Թուրանի գաղափարը, Արցախում պատերազմը այդ գաղափարի իրագործման հիմքերը շոշափելուն է ուղղված, և դա մեծ սպառնալիք է Ռուսաստանի համար»,- այս մասին այսօր 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս թուրքագետ, արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության գոտում տիրող իրավիճակին, տարածաշրջանում Թուրքիայի աճող դերին, այդ ֆոնին Ռուսաստանի նոր դիրքավորման անհրաժեշտությանն ու հնարավոր զարգացումներին։
Նա նշեց, որ հակամարտության սկզբից Ռուսաստանը ջանում է դիրքավորվել կողմերից հավասար հեռավորության վրա։ Ըստ նրա, Ռուսաստանը, բնականաբար, հիշում է Հայաստանի առջև իր պարտավորությունների մասին, և քանի դեռ չկա հարձակում ՀՀ տարածքի վրա, փորձում է իրավիճակը հարթել այլ եղանակներով, եթե լիներ հարձակում Հայաստանի նկատմամբ, ապա միանշանակորեն ուժի մեջ կմտնեին Ռուսաստանի պարտավորությունները՝ նախատեսված հայ-ռուսական պայմանագրով, և այդ մասին Մոսկվան խոսում է։
Ըստ նրա՝ Ռուսաստանը հասկանում է, որ, եթե չզբաղեցնի այն դիրքորոշումը, ինչ ներկայումս է զբաղեցրել, չի կարողանալու ընդհանրապես որևէ ազդեցություն ունենալ Ադրբեջանի նկատմամբ և կանգնեցնել նրան։
«Սրանից է ելնում ընդհանուր առմամբ Ռուսաստանի դիրքորոշումը։ Ռուսաստանն աջակցելով կողմերից մեկին՝ չի ունենա որևէ ազդեցություն մյուսի նկատմամբ։ Սրան հավելեմ նաև այն, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, միջնորդ, և դրանով սահմանափակված է իր ավելի ակտիվ դերակատարությունը կողմերից մեկի օգտին, հատկապես, երբ Ադրբեջանը պահանջում է գործընթացին միացնել Թուրքիային, որը կատեգորիկ անթույլատրելի է, քանի որ Թուրքիան հակամարտության կողմ է փաստորեն, քանի որ լիարժեքորեն աջակցում է Ադրբեջանին։ Եվ հենց այս ամենով էլ պայմանավորված է Ռուսաստանի դիրքորոշումը։ Պարզ է, որ Թուրքիայի ներգրավում կարգավորման գործընթացին հնարավոր չէ իր դիրքորոշման պատճառով, դա անթույլատրելի է։ Ընդհանուր առմամբ, հենց Թուրքիան հանդիսացավ գլխավոր կազմակերպիչը այն գործողությունների, որոնք տեղի ունեցան, դա Թուրքիայի հարձակումն էր Լեռնային Ղարաբաղի վրա։ Հենց Թուրքիան հրահրեց Ադրբեջանին նմանատիպ քայլերի, Թուրքիան ավիացիոն աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին, մասսայաբար անօդաչու սարքեր է տրամադրում Ադրբեջանին այդ ռազմական գործողությունների համար, ոչ միայն Թուրքիան, Իսրայելը ևս ջանացել է։ Այսինքն՝ այսպես թե այնպես, Թուրքիան ակտիվորեն վառեց այս հակամարտությունը։ Սա Էրդողանին անհրաժեշտ է, քանի որ Թուրքիան Մերձավոր Արևելքում չստացավ այն ազդեցությունը, որը նախատեսում էր ստանալ, նրա դիրքերն այդ գոտում սասանվեցին, և Թուրքիան փորձում է այս ուղղությամբ վերականգնել կորցրածը։
Ադրբեջանին աջակցելով և Ադրբեջանի հաղթանակի կամ առաջընթացի դեպքում դա կներկայացվի՝ որպես Թուրքիայի ձեռքբերում, ինչն էլ կմեծացնի Թուրքիայի ազդեցությունն այս հատվածում։ Մենք տեսնում ենք նաև, թե ինչ է տեղի ունենում տարածաշրջանում, ահաբեկիչներ են բերվել՝ թուրքմեններ, սիրիական ջիհադիստներ, ԻՊ-ի մնացորդներ և այլ ջիհադիստական կազմակերպություններ, կան հստակ ապացույցներ, և Ռուսաստանն ունի հետախուզական տվյալներ, այդ մասին խոսեցին բոլոր գերտերությունները և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը զայրացրեց Անկարային, այդ մասին տվյալների է տիրապետում Սիրիան, Ռուսաստանը, և հստակ տվյալներ են դրանք, թե որ կազմակերպություններից են բերվել այդ ահաբեկիչները»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։
Նա նաև ասաց, որ Ռուսաստանը ջանաց կանգնեցնել, ռուսական տեսանկյունից պետք է սա իսկապես դադարեցնել, առավել ևս, երբ ՌԴ-ից տեսանելի է, որ պատերազմն այլ ձևաչափի է, քան այն եղել է անցյալում, քանի որ ներկայումս դրանում առավելապես ներգրավված են անօդաչուներ, հրթիռներ, դա նոր երևույթ է ԼՂ հակամարտության գոտում։ Նրա խոսքով, բոլոր պաշտոնական տեսանյութերից ակնհայտ է նաև, որ Արցախի ՊԲ-ն եղել է պաշտպանական դիրքերում՝ փորձելով կասեցնել հարձակումը։
«Անձնապես ինձ համար Ադրբեջանի քաղաքականությունն ավանտյուրիստական է, բոլոր փաստերը ցույց են տալիս, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը, դա պատերազմ է, լուրջ պատերազմ է, և փորձերը՝ ապացուցել, որ այնտեղ չկան թուրքեր, ջիհադիստներ այն դեպքում, երբ կան օբյեկտիվ տվյալներ, անընդունելի են»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։ Նրա խոսքով, թեև կողմերը կորուստներ են կրում, նրանք տրամադրված են վճռական, և այստեղ լավ է, որ Ռուսաստանը ևս վճռական է այն հարցում, որպեսզի ձեռք բերված պայմանավորվածությունները Մոսկվայում հրադադարի շուրջ գործեն, և ՌԴ-ն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ, և կլինեն արդյունքներ։ «Այնուամենայնիվ, եթե այստեղ լինեն արդյունքներ, ամեն ինչ ցույց է տալիս, որ կսկսվի բանակցային գործընթաց, որը հեշտ չի լինելու։ Բայց այս պահին կարևորը պատերազմը դադարեցնելն է»,- նկատեց նա։
Ռուս թուրքագետը հույս ունի, որ ՌԴ իշխանությունները տեսնում են թուրքական իշխանության աշխարհաքաղաքական նկրտումները, որոնք մեծ սպառնալիք են նաև Ռուսաստանի համար։ «Եթե Թուրքիան կամ կողմերից որևէ մեկը հարձակվի Հայաստանի վրա, Ռուսաստանի պարտավորությունները գործելու են լիարժեք, կան պայմանագրեր, ՌԴ-ն մշտապես դրանք կատարում է։ Սրանում կասկած չկա։ Սակայն այս պահին դեռ Ռուսաստանի համար կարևոր է ազդել Թուրքիայի վրա, որը նա անում է, որպեսզի նրան ետ բերի հակամարտությունը սրելուց։ Ես տեսնում եմ Թուրքիայի իշխանությունների փորձը՝ իրագործել գլխավոր գաղափարներից մեկը՝ Մեծ Թուրանի գաղափարը՝ Ադրիատիկից մինչև Խաղաղ օվկիանոս։ Սրանում հետաքրքրված են թուրքական քաղաքականության աջակողմյան թևի ուժերը, այդ թվում՝ հայտնի գորշ գայլերը։ Սա այս գաղափարի իրագործման նախապատրաստական փուլը կարող է լինել, Թուրքիան փորձում է շոշափել հիմքերն այս գաղափարի իրագործման համար՝ այս ազգային իդեալի իրագործումից առաջ, Հայաստանը մշտապես կանգնել է պանթուրքիզմի գաղափարի իրագործման ճանապարհին, իսկ ներկայումս երկու հայկական պետություն կա, բայց այդ գաղափարը վտանգ է նաև Ռուսաստանին, քանի որ ռուսական տարածքի կեսը թյուրքական ինքնավար մարզեր են, ուստի Ռուսաստանը չի կարող անտարբեր լինել Թուրքիայի այս ձգտումների նկատմամբ։ Հուսով եմ, մեր իշխանությունը դա սկսում է հասկանալ ու գիտակցել, հետևություններ անել»,- ասաց նա։