«Երեկ առավոտյան ադրբեջանական սոցցանցերում տարածվեց մի հեշթեգ՝ «Գերագույն գլխավոր հրամանատար, պատասխան տո՛ւր մեզ»». թուրքագետ

Թուրքագետ Վարուժան Գեղամյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ երեկ նկատել է, թե ինչպես են ադրբեջանցիները սոցցանցերում, մի շարք հարցերի պատասխաններ ստանալու ակնկալիքով, հեշթեգերով դիմում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Ադրբեջանում այս օրերին ինֆորմացիան խիստ սահմանափակ է, իսկ Ալիևը դարձել է տեղեկատվության հիմնական աղբյուրներից մեկը: Ըստ թուրքագետի՝ «#AliBaşKomandanCavabVerBizə» հեշթեգը, որը բառացի թարգմանվում է՝ «Գերագույն գլխավոր հրամանատար, պատասխան տո՛ւր մեզ», տարածվել է երեկ առավոտյան, երբ ադրբեջանական մամուլը հայտնել էր, թե հայկական կողմը հարվածել է Գյանջային: Այս տեղեկությունը ՀՀ Պաշտպանության նախարարությունը և Արցախի պաշտպանության բանակը հերքել են:

«Ի սկզբանե այս հեշթեգով ժողովրդական լայն զանգվածները դիմում էին նախագահ Ալիևին՝ ակնկալելով վերջինիս կողմից պատասխան, թե երբ է նա հրաման տալու պատասխան հարված հասցնելու Հայաստանին՝ վերջինիս «պատժելու ու վերջնական ոչնչացնելու» համար։ Սակայն օրվա ընթացքում աստիճանաբար այս հեշթեգով սկսեցին հայտնվել հաղորդագրություններ, որոնցում ժողովուրդն իր զայրույթն էր արտահայտում Ալիևի ռեժիմի նկատմամբ և պատասխան էր պահանջում բոլոր մեղքերի ու հանցագործությունների համար, այդ թվում՝ տասնյակ զոհերի ու պատերազմը տանուլ տալու համար: Այս առումով զուգահեռ տարածում գտավ ևս մեկ հեշթեգ՝ «Ոչ մեկի հորը պարտական չենք»՝ ակնհայտորեն ակնարկելով Հեյդար Ալիևին և նրանից ժառանգություն ստացած Իլհամ Ալիևին»,- գրել է Գեղամյանը:

168.am-ը թուրքագետից հետաքրքրվեց, թե ստեղծված տրամադրությունները միտում ունե՞ն ավելի առարկայական դառնալու, օրինակ՝ պատերազմից հետո վերաճելու այլ գործողությունների:

«Պատերազմից հետոյի մասին խոսելն անհնար է, քանի որ չգիտենք, թե պատերազմն ինչքա՞ն կտևի: Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք կարո՞ղ է վերաճել այլ բանի, այո, այդպիսի սաղմեր կան, բայց խոսել, թե ո՞ր կողմ կգնա, դժվար է, քանի որ այս պահին դրա համար անհրաժեշտ մեծ քանակով տեղեկություն չկա, և իրավիճակի մանրամասն գնահատում չեմ կարող անել՝ ելնելով օբյեկտիվ պատճառներից»,- ասաց Վարուժան Գեղամյանը:

Մեր հարցին, թե հնարավո՞ր են բողոքի ցույցեր Ադրբեջանում, թուրքագետը պատասխանեց, որ այս պահին դա զուտ օրենսդրորեն հնարավոր չէ՝ հաշվի առնելով, որ բազմաթիվ քաղաքներում գործում են ոչ միայն արտակարգ դրության և ռազմական դրության ռեժիմներ, այլև պարետային ժամ: Իսկ ի՞նչ կարծիք ունեն ստեղծված իրավիճակի մասին Ալիևի իշխանության ընդդիմադիրները, որոնք Ադրբեջանից դուրս են բնակվում, մեր հաջորդ հարցին թուրքագետը պատասխանեց.

«Ադրբեջանական դաշտը, այդ թվում՝ դրսում ապրող «ընդդիմադիր» զանգվածը, հանդես չի գալիս Արցախի նկատմամբ Ադրբեջանի նկրտումների դեմ, այսինքն՝ իրենք ևս սատարում են Ադրբեջանի քաղաքականությանը՝ Արցախը նվաճելու, միևնույն ժամանակ՝  մեղավոր համարելով Ալիևին, որ վերջինս բավականաչափ ջանք չի ներդրել, որ այդ հարցն ավելի արագ լուծվի: Անկախ քաղաքական իշխանությունից՝ Ադրբեջանում հասարակության մեծագույն մասն Արցախը դիտարկում է՝  որպես կարևորագույն խորհրդանիշ: Արցախի հարցով դիրքորոշումը լեգիտիմության կարևորագույն աղբյուր է հանդիսանում ադրբեջանական իշխանությունների համար, և հավանաբար այսպիսին էլ կլինի իրավիճակը, եթե ինչ-որ մի օր Ադրբեջանում փոխվի իշխանություն»,- ասաց Գեղամյանը:

Թուրքագետի խոսքով՝ Ադրբեջանում կան նաև մարդիկ, որոնք խաղաղության կողմնակից են, սակայն նրանք մեծ թիվ չեն կազմում:

«Կան, բայց դրանք մարգինալ խմբեր են, այսինքն՝ նրանք որևէ կերպ կրիտիկական զանգված չեն և չեն ազդում ընդհանուր տրամադրությունների վրա»,- ասաց Գեղամյանը:

Տեսանյութեր

Լրահոս