Ճիշտ ժամանակն է՝ արաբներն ատելով ատում են թուրքին. Հայ-արաբական միջազգային իրավական խորհրդի գլխավոր քարտուղարը՝ ՀՀ և Արցախի նախագահների առաջարկի մասին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 10-ին հարցազրույց է տվել արաբալեզու Alghad TV հեռուստաընկերությանը` անդրադառնալով Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային: Նախագահն ասել է, որ Թուրքիան ցանկանում է ավելի կարևոր գործոն դառնալ աշխարհում և պարտադրում է իր ներկայությունը Կովկասում՝ փորձելով վերացնել գոյություն ունեցող ստատուս-քվոն ոչ միայն՝ Արցախի և Ադրբեջանի միջև, այլև՝ առհասարակ Կովկասում: Հայաստանի նախագահն առանցքային է համարել Թուրքիայի մասնակցության դադարեցումը և այդ հարցում կարևորել է միջազգային հանրության, միջազգային կազմակերպությունների և ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների դերը: Լրագրողի առաջարկով դիմելով արաբական աշխարհին՝ նախագահ Սարգսյանը նշել է. «Հայաստանը, այս տարածաշրջանը դիմակայում է մեծ վտանգների, և ժամանակն է, որ բարձրացնեք ձեր ձայնը և պաշտպանեք ճշմարտությունը, կայունությունը ու խաղաղությունը տարածաշրջանում»:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ հոկտեմբերի 11-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ շեշտեց. «Ոտնահարվում են համամարդկային արժեքներն Արցախում, ընթանում է խաղաղ բնակչության բնաջնջման գործընթաց, և այսքանից հետո ակնկալում են Արցախի կողմից համաձայնել իրենց կողմից պարտադրված կամ ձևակերպված պահանջների հետ: Դա չի լինելու: Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս: Իսկ եթե առաջիկա 1-2 օրվա ընթացքում մենք չզգանք Ադրբեջանի պատրաստակամությունը` խաղաղ ճանապարհով հարցի լուծման, դիմելու եմ առաջին հերթին Հայաստանի իշխանություններին` ճանաչելու Արցախի անկախությունը, միջազգային կառույցներին և աշխարհի բոլոր երկրներին: Իհարկե, այստեղ մենք կտեսնենք այն երկրների ցանկը, որոնք հարգում են մարդու իրավունքները, կամ ընդհանուր առմամբ աշխարհը կտեսնի այն երկրների ցանկը, որոնք աջակցում են տեռորիզմին»:

Հայ-արաբական միջազգային իրավական խորհրդի գլխավոր քարտուղար Վահե Մահշիկյանը 168.am-ի հետ զրույցում խոսելով նախագահների հայտարարությունների մասին՝ փաստեց.

«Արաբական երկրների մեծ մասը դեմ է Թուրքիայի վարած քաղաքականությանը: Ճիշտ ժամանակն է, որ արաբական պետությունները պրոհայկական դատի օգտին դիրքեր որդեգրեն: Իսկ ինչ վերաբերում է Արցախի կոչին, ապա այն հեռվից չի հասնի: Նախ՝պետք է Հայաստանը նման քայլ անի, նախադեպ ստեղծի, և պատվիրակով շրջեն արաբական մի շարք երկրներում և պահանջը ներկայացնեն երկրների իշխանություններին: Օրինակ, Սիրիան ստեղծել է նման գործի նախադեպ: Ճանաչելով Աբխազիայի անկախությունը, որը նույն կարգավիճակն ունի, ինչ Արցախը, դիվանագիտական կապեր ստեղծեցին իրար միջև ու առանց վիզայի մուտքի համաձայնագիր ստորագրեցին. այլ ոլորտների վերաբերյալ ևս: Ուրեմն անկարելի չէ, բայց հետևից լուրջ գնալ է պետք»:

Վահե Մահշիկյանի խոսքով՝ ՀՀ ԱԳՆ-ն այս գործը պետք է կազմակերպի դեսպանների միջոցով:

«Ծրագիրը հաջողություն կունենա, քանի որ ճիշտ ժամանակն է՝ արաբներն  ատելով ատում են  թուրքին: Բայց իրենք առաջինը քայլ չեն անի, Հայաստանի և Արցախի իշխանությունները քայլ պիտի անեն: Մենք՝ տեղի հայերս,  թիկունքից ենք աշխատում: Ես անձամբ շոշափեցի Սիրիայի հանրային կարծիքը, մարդիկ համաձայն են: Նման լուրջ նպատակի համար  ուղղակի աշխատանք է տարվում: Եթե մտադիր են ձեռնարկել, Աստված առաջ, Սիրիայից սկսենք, կհաջորդի Լիբանանը»,- հավելեց Հայ-արաբական միջազգային իրավական խորհրդի գլխավոր քարտուղարը:

Անդրադառնալով Թուրքիայի միջնորդությամբ Ադրբեջան ահաբեկիչներ ուղարկելուն՝  Վահե Մահշիկյանը նկատեց.

«Նորություն չէ, տասը տարի է՝ Սիրիան միջազգային ահաբեկչության դեմ է պայքարում:  Հարյուր-հազարավոր ահաբեկիչներ Սիրիա բերեց Թուրքիայի նախագահ, միջազգային ահաբեկչության հովանավոր էրդողանը: 2015թ. այս օրերի պես ռուսական զորքն օգնության հասավ և ջախջախեց միջազգային ահաբեկիչների մեծ մասին: Այսօր բավականին հանգիստ ենք: Ես 2014թ. կոչ էի հղել Հայաստանի իշխանություններին, որ Սիրիայի հետ փոխպաշտպանության դաշինք կնքեն ահաբեկչության դեմ, այսինքն, եթե Հայաստանի վրա Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից հարձակում լիներ՝ Սիրիան կհասներ օգնության, և՝ հակառակը»:

Տեսանյութեր

Լրահոս