Հայաստանի վարկանիշը կրկին իջեցվել է

Անցած տարվա բարելավումից հետո, միջազգային հայտնի վարկանշային կազմակերպություններից մեկը՝ ի դեմս «Ֆիթչ» ընկերության, կրկին իջեցրել է Հայաստանի, այսպես կոչված, ֆինանսական վարկանիշը։ Թե դա ինչ է ենթադրում, դեռ կանդրադառնանք։

Մինչ այդ նշենք, որ չնայած երբեմն Հայաստանում չափից դուրս ոգևորությամբ են ընդունվում միջազգային վարկանշային կազմակերպությունների գնահատականները, այնուհանդերձ, մեր պարագայում դրանց նշանակությունը շատ ավելի փոքր է, քան կարելի է պատկերացնել։ Անշուշտ, վատ է, որ նվազեցվել է Հայաստանի վարկանիշը, բայց պետք է ընդունել, որ վարկանշային գնահատականները միշտ չէ, որ ունենում են այն ազդեցությունը, ինչ ակնկալվում է առաջին հայացքից։

Դրան մենք բազմիցս ականատես ենք եղել։ Ականատես եղանք նաև վերջին 2 տարիներին, երբ միջազգային կազմակերպություններն իրար հերթ չտալով՝ բարելավեցին Հայաստանի վարկանշային դիրքերը։ Եվ ի՞նչ շահեց դրանից մեր տնտեսությունը։ Կարելի է ասել՝ ոչինչ կամ գրեթե ոչինչ։

Ինչո՞ւ է այդպես։ Այս հարցի պատասխանը պետք է փնտրել ոչ թե միջազգային կազմակերպությունների գնահատականներում, այլ մեր տնտեսության մեջ։

Միջազգային վարկանշային կազմակերպությունների գնահատականներն ազդում են, առաջին հերթին՝ օտարերկրյա պոտենցիալ ներդրողների վարքագծի վրա։ Ըստ այդմ, նրանք կառուցում են իրենց քաղաքականությունը։

Երբ հայտարարվում է երկրի ֆինանսական վարկանշի վատացման մասին, բնականաբար, ներդրողները սկսում են զգուշանալ իրենց գործողություններում։ Մի բան, ինչը նվազեցնում է տնտեսության մեջ, ինչպես նաև՝ ֆինանսական հատվածում օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունը։

Այս առումով Հայաստանի վարկանշի վատացումը, անկախ ամեն ինչից, բացասական գործոն է նոր նեդրումների համար։ Առավել ևս, որ մինչ այդ էլ իրավիճակը, մեղմ ասած, բարվոք չէր։ Դրա վկայություններից մեկն էլ այն է, որ տնտեսության մեջ իրականացվող արտաքին ֆինանսական ներարկումների ծավալն անընդհատ կրճատվում է։ Այդպես է եղել նաև վերջին տարիներին, երբ միջազգային վարկանշային կազմակերպությունները Հայաստանի դիրքերի բարելավում էին գրանցում։ Նույնիսկ այդ պարագայում մեր տնտեսության ներդրումային ակտիվությունը ցածր էր։

Ենթադրվում է, որ վարկանշային ցուցանիշների նվազեցումն ինչ-որ չափով կխորացնի այդ միտումը։ Թեև էական ազդեցություններ չեն լինելու։ Այսպես թե այնպես, ներդրումային հոսքերի մեծ ակտիվություն չկա, որ հիմա պիտի դադարի։

Այնպես որ, վարկանիշների հետ կապված մեծ ակնկալիքներ կամ լուրջ բացասական սպասումներ տնտեսության իրական հատվածում իրականացվող ներդրումների առումով չպետք է ունենալ։ Հիմնական պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում արժեթղթերի շուկան շատ թույլ վիճակում է և, որպես այդպիսին, չի ծառայում տնտեսության մեջ օտարերկրյա կապիտալի ներգրավմանը։

Մինչ հիմա մեր տնտեսության մեջ իրականացվող ներդրումները հիմնականում թելադրված չեն եղել միջազգային վարկանշային կազմակերպությունների գնահատականներով։ Դրանում դեր են կատարում բոլորովին այլ գործոններ։

Ուստի, անկախ նրանից՝ Հայաստանի վարկանշային ցուցանիշները կվատանա՞ն, թե՞ կլավանան, դրանցով պայմանավորված՝ ներդրողների հետաքրքրությունները, եթե այդպիսիք կան, մեծ փոփոխությունների չեն ենթարկվի։

Այլ է իրավիճակը ֆինանսական հատվածի պարագայում։ Վարկանիշի վատացումը դժվարացնում է նոր վարկային միջոցների ներգրավումը։

Դա առաջիկայում կզգան ֆինանսական ինստիտուտները և, առաջին հերթին՝ բանկերը։ Վերջիներս բավականաչափ մեծ ծավալի միջոցներ են ներգրավում միջազգային շուկաներից՝ ներքին տնտեսության մեջ վարկավորում իրականացնելու նպատակով։ Վարկանշային ցուցանիշների վատացումն օտարերկրյա կապիտալի համար ենթադրում է ռիսկայնության ավելացում։ Այն մի կողմից՝ կդժվարացնի նոր միջոցների ներգարվումը, մյուս կողմից՝ կազդի դրանց գնի վրա։ Վարկային կապիտալը կթանկանա։

Նույն խնդրին կարող է բախվել նաև կառավարությունը։ Դժվարանալու է ֆինանսական միջոցների ներգրավումը՝ կապված պարտքի ցուցանիշների վատացման հետ։ Սպասվում է, որ այս տարի կառավարությունը կգերազանցի ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի այն սահմանաչափը, որը ստիպում է շատ ավելի զգուշավոր վարկային քաղաքականություն իրականացնել։

«Ֆիթչի» փորձագետները գնահատել են նաև Հայաստանի այս տարվա տնտեսական աճի պոտենցիալն ու կանխատեսել 6,2 տոկոսանոց նվազում։ Ճիշտ այնքան, որքան կանխատեսել էր Կենտրոնական բանկը։ Այս համընկնումը պատահականությո՞ւն է, թե՞ ունի այլ պատճառներ, այնքան էլ կարևոր չէ։

Հաջորդ տարվա համար վարկանշային ընկերության սպասումները տնտեսությունից դրական են, բայց ոչ նախկինի չափ։ Կանխատեսվում է, որ ՀՆԱ-ն կավելանա 3,2 տոկոսով, ինչը 2,3 տոկոսային կետով ցածր է նախորդ զեկույցում արձանագրված ցուցանիշից։ Տնտեսական աճի ցուցանիշի վատացումը «Ֆիթչի» փորձագետները պայմանավորել են նրանով, որ ակնկալում են արտաքին պահանջարկի ավելի թույլ վերականգնում, այդ թվում` զբոսաշրջության ոլորտում։

ՀՆԱ աճի մի փոքր բարելավում է ակնկալվում 2022թ.։ Խոսքը 4 տոկոս աճի հավանականության մասին է, ինչը կապվում է սպառողների և ներդրողների վստահության ամրապնդման ու զբոսաշրջության ակտիվացման հետ։

Հայաստանի տնտեսության զարգացումների առումով «Ֆիթչի» փորձագետները խնդիրներ են տեսնում ղարաբաղյան հակամարտության հերթական սրացման հետ կապված։ «Թուրքիայի կողմից Ադրբեջանին ուղղված ավելի ուժեղ աջակցությունն ավելացնում է անորոշությունն ու ռիսկը, որ հակամարտությունն այս անգամ ավելի երկար կտևի։ Ընդհանուր կարծիքով, հակամարտությունը կմնա հիմնական տնտեսական գոտիներից դուրս` այդ կերպ սահմանափակելով տնտեսական ազդեցությունը, հաշվի առնելով Հայաստանի տարածք Ադրբեջանի հարձակողական օպերացիաների ներխուժման հնարավորությունը, ինչը կարող է հանգեցնել Ռուսաստանի ռազմական միջամտության ՀԱՊԿ-ի շրջանակում, և միջնորդային ջանքերը կհանգեցնեն հրադադարի, ու կողմերը կարճաժամկետ հեռանկարում կվերադառնան բանակցային գործընթացին։ Սակայն անորոշ է այն աստիճանը, որի շրջանակում զիջումները դիտարկվում են քաղաքականապես ընդունելի։ Կա ժամանակի ընթացքում ռազմական գործողությունների վերսկսման զգալի ռիսկ, ինչը մեծ ռիսկ է մեր տնտեսական ու ֆինանսական կանխատեսումների վատացման համար, հատկապես՝ Հայաստանի տարածքում ցանկացած հակամարտության դեպքում»,- արձանագրել է վարկանշային կազմակերպությունը։

Թե որքանո՞վ կիրականանան այս գնահատականները, շատ վաղ է ասել։ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ագրեսիայի հետևանքով իսկապես տնտեսական անորոշություններն ու ռիսկերն այսօր չափազանց շատ են։ Եվ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս