Հյուսիսային Կորեան աղբ տեղափոխող ավելի քան 150 փուչիկ է ուղարկել Հարավային Կորեա. Yonhap
Հյուսիսային Կորեան աղբ տեղափոխող ավելի քան 150 փուչիկ է ուղարկել Հարավային Կորեա։ Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով երկրի զինվորականներին։
Ըստ Հարավային Կորեայի Շտաբների պետերի միացյալ կոմիտեի՝ մայիսի 28-ի գիշերվանից ի վեր փուչիկները հատել են սահմանը և ընկել երկրի տարբեր վայրերում՝ հասնելով մինչև իսկ երկրի հարավ-արևելքում գտնվող Հարավային Գյոնսանգի նահանգ։
Ընկած փուչիկները տեղափոխել են տարբեր տեսակի աղբ, ինչպես օրինակ՝ պլաստիկ շշեր, մարտկոցներ, կոշիկի մասեր և նույնիսկ գոմաղբ։ Ըստ Շտաբների պետերի միացյալ կոմիտեի՝ աղբը հավաքվել է՝ մանրամասն վերլուծության համար:
«Հյուսիսային Կորեայի այս գործողություններն, ակնհայտորեն, խախտում են միջազգային իրավունքը և լրջորեն սպառնում են մեր ժողովրդի անվտանգությանը։ Խստորեն զգուշացնում ենք Հյուսիսային Կորեային անհապաղ դադարեցնել իր անմարդկային և գռեհիկ արարքը», – հայտնել են Շտաբների պետերի միացյալ կոմիտեում։
Բնակիչներին խորհուրդ է տրվել ձեռք չտալ ընկած առարկաներին և դրանք հայտնաբերելու դեպքում տեղեկացնել իրավապահ մարմիններին։
Այս միջադեպից առաջ Հյուսիսային Կորեան նախազգուշացրել էր, որ գործողություններ կձեռնարկի և թղթի թափոններ ու աղբ կնետի միջկորեական սահմանից այն կողմ՝ ի պատասխան Հարավային Կորեայի ակտիվիստների կողմից Փհենյանի դեմ թռուցիկների ուղարկման:
Ըստ Yonhap-ի՝ տարիներ շարունակ Հարավային Կորեա փախած հյուսիսկորեացիները և ակտիվիստները տարբեր թռուցիկներ են ուղարկում Հյուսիսային Կորեա՝ երկրի բնակիչներին կոչ անելով ապստամբել Փհենյանի վարչակարգի դեմ։ Հյուսիսային Կորեան բազմիցս կոչ է արել վերջ դնել թռուցիկների ուղարկման այս արշավին։ Այս խնդիրը վաղուց լարվածության առիթ է եղել երկու Կորեաների միջև, որոնք տեխնիկապես դեռ պատերազմի դրության մեջ են, քանի որ 1950-1953 թթ․ պատերազմն ավարտվել է զինադադարով, բայց ոչ խաղաղության համաձայնագրով։