Պետք է հավաքագրենք բոլոր նյութերը՝ ներկայանալու ՄԻԵԴ, որպեսզի իրականացնենք մեր հայկական Նյուրնբերգը. Արամ Սարգսյան
«Արցախի պաշտպանության կոմիտեն Ազգային ժողով և Կառավարություն է ներկայացրել մի շարք առաջարկներ, և առաջինը հետևյալն է. եթե Հայաստանը և Արցախը դիմում են միջազգային հանրությանը, թե՝ ճանաչե՛ք Արցախի Հանրապետության անկախությունը, ապա առաջին քայլը մենք պետք է անենք»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ հայտնելով, որ իրենք ժամանակին մշակել են իրավական փաթեթ, որով հիմնավորվում է, թե ինչու է Արցախի Հանրապետությունը ձևավորվել լեգիտիմ ճանապարհով՝ ԽՍՀՄ օրենքներին և միջազգային նորմերին համապատասխան: Իսկ սա հիմք կհանդիսանա մի շարք երկրների համար:
Երկրորդ տարբերակը, ըստ նրա՝ միացումն է:
«Եղբա՛յր, սկսե՛ք քննարկում, որ նրանց համար ազդակ հանդիսանա: Առավել ևս, որ միջազգային հանրությունն է մեզ ասում՝ գնացե՛ք ճանաչեք, եթե դուք չեք ճանաչել, մեզանից ո՞նց եք պահանջում: ԱԺ-ն իր որոշումը որպես ամբողջական մի հարց՝ իրավունք ունի ներկայացնել Միավորված Ազգերի Կազմակերպությանը, հիմնավորել և նշել, որ դեռ միջանկյալ կարգավիճակ է պահանջվում Արցախի Հանրապետությանը: Միջանկյալ, որովհետև ինքն է ամենավերջին սուբյեկտը, որ իրավունք ունի հանրաքվեով իրականացնել իր իրավունքը, այն է՝ մնում է անկախ պետությո՞ւն, թե՞ միանում է Հայաստանին»,- նշեց Արամ Սարգսյանը:
Դեմոկրատական կուսակցության նախագահը հավելեց նաև. «Հաշվի առնելով այն վանդալիզմը, որն իրականացնում է Ադրբեջանը և արդեն մեր սրբություններին է հարվածում, օրինակ՝ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն, պետք է հավաքագրենք բոլոր նյութերը՝ ներկայանալու Մարդու իրավունքների միջազգային դատարան, որպեսզի իրականացնենք մեր հայկական Նյուրնբերգը: Սա 100 տարվա ընթացքում է եղել, ոչ թե երեկ: 100 տարի է՝ թուրք էթնոսը փորձում է ոչնչացնել հայ ազգը»:
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն էլ, շարունակելով գործընկերոջը՝ նկատեց.
«Հենց այն պահին, երբ քո փաստագրական նյութն այդքան հարուստ է, այն շատ ավելի ազդեցիկ է, քան հետո: Երկրորդ՝ ցեղասպանական վտանգի մասին առաջինը ոչ թե մենք, այլ ասել են Եվրոպական խորհրդարանը, ԱՄՆ Կոնգրեսը և այլ կառույցներ: Սա՝ մինչև ԽՍՀՄ փլուզումը, որից հետո հայկական կողմը լռել է այդ առումով, ինչը հանցագործության նման մի բան է, իսկ միջազգային հանրության համար բավարար էր ԽՍՀՄ փլուզումը: Միջազգային պրակտիկայում արդեն նախադեպեր կան: Մենք պետք է հստակեցնենք, որ Կոսովոն չի ճանաչվել այն առումով, որ ինքնորոշման իրավունքի ներքո է: Ինքնորոշման իրավունքը ճանաչելու նախադասությունն անգրագիտություն է: Դա անմիջական գործող նորմ է: Մյուսը Արևելյան Թիմորն է: Խոսքն ինքնորոշման և անկախանալու մասին է:
Ես առաջարկում եմ կոնկրետ, նախ և առաջ՝ դիմել այն 12 պետություններից մի քանիսին, որոնք 1991թ. դեկտեմբերին իրենց շատ անորոշ կոչերով դրել են հիմք, որ Ադրբեջանն այսօր հոխորտա ու ասի, թե՝ սա իմ տարածքն է: Այդ պետություններից են Մեծ Բրիտանիան, Բելգիան, Իտալիան, Իսպանիան, Հունաստանը, Նիդեռլանդները, Պորտուգալիան: Պետք է աշխատել կետային: Ոչ թե միջազգային հանրությունը, այլ պետությունը պետք է ճանաչի պետությանը: Ցեղասպանական վտանգի ներքո սա միակ հաղթական քայլն է»: