«Թուրքերը գրավեցին Ադրբեջանը». Արթուր Եղիազարյան

Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանի կարծիքով՝ Ադրբեջանը կանգ կառնի այն ժամանակ, երբ հասնի հաջողության: «Եթե այս կռվում ապրիլյանի նման զինադադարային ինչ-որ վիճակ լինի, ապա ադրբեջանցին նորից պատրաստվելու է և մի քանի տարի անց նորից է փորձելու, այսինքն՝ ինքն իր առջև խնդիր է դրել: Եվ եթե տեսնենք՝ թուրք-ադրբեջանցիները իրենց նպատակին հասնելու համառություն ունեն: Պետք է այնպես ջախջախվեն, որ ուղղակի մոռանան ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու մասին»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Արթուր Եղիազարյանի խոսքով՝ պանթուրքական համաշխարհային միավոր ստեղծելու միակ խոչընդոտը Հայաստանն ու Արցախն են. «Պատրվակ բերելով բանակցային գործընթացի չլինելը՝ փորձեցին հենց այս ընթացքում լուծել այդ հարցը: Եթե նայենք Թուրքիայի ակտիվությունը, Թուրքիան փորձում է ԵԱՀԿ համանախագահներին դուրս մղել և այս խնդրի մեջ ներքաշել Ռուսաստանին, այսինքն՝ դարձնել թուրք-ռուսական որոշելիք հարց, ինչպես 100 տարի առաջ էր: Կարծես արդեն նշմարելի է, որ հայկական Զինված ուժերը թուրքերի և ադրբեջանցիների նախնական մտադրությունը ձախողել են»:

Ռազմական փորձագետն ընդգծեց՝ Ադրբեջանն արդեն կարելի է դիտել որպես վիլայեթ՝ Թուրքիայի համար. «Եթե նայում ենք, նույնիսկ այս 10 օրվա գործողությունների մեջ չեն երևում Ադրբեջանի պաշտպանության նախարարը, ԳՇ պետը, տեսնում ենք թուրք բարձրաստիճան զինվորականների ներգրավվածությունն այս պրոցեսների կազմակերպման մեջ: Այս ռազմական գործողությունների ձեռագրի մեջ ակնհայտ է, որ նախորդ ադրբեջանական ձեռագիրը չէր: Ադրբեջանի մորթու մեջ թաքնված՝ Թուրքիան է գործում: Սա, կարելի է ասել՝ ոչ թե տեղանքով ասած՝ արցախաադրբեջանական պատերազմ է, այլ՝ թուրք-հայկական: Նրանք ունեն մի քանի պլաններ՝ մինիմալ և մաքսիմալ, փորձելու են ինչ-որ մի հարցով իրենց օգտին լուծել, բայց էլի եմ կրկնում՝ կարծես բոլոր պլանների իրագործումը հայկական Զինված ուժերն արդեն կանխել են, և մնում է, որ հետագայում կարողանան դիվանագիտական դաշտում ամրագրել»:

Նրա դիտարկմամբ՝ պետք է պատերազմական փուլը մեկընդմիշտ ավարտել. «Այս պատերազմը պետք է այնպես ավարտվի, որ թուրքերն իրենք էլ համոզված լինեն, որ դեռ երկարատև չեն կարող ռազմական ճանապարհի մասին մտածել: Եթե չասեմ՝ վերջնական ջախջախենք, որովհետև պատմության մեջ քիչ են լինում դեպքեր, երբ պատերազմի արդյունքում պետությունները վերանում են, բայց կարող է դրան էլ հանգեցնել այս ամենը, և ես միայն ուրախ կլինեմ, որ դրան հանգեցնի: Եթե մենք լուրջ հաջողություններ գրանցենք, ապա Ադրբեջանի սիրիացում կգնա, և կարող է այդ պետությունը փլուզվել»:

Արթուր Եղիազարյանը շեշտեց՝ պետք է Արցախի ճանաչման գործընթաց սկսվի. «Արդեն սաղմերը կան, մենք պետք է այս ուղղությամբ աշխատենք: Ակնհայտ է, որ հայկական բանակը ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի դեմ է պատերազմում, այլև համաշխարհային ահաբեկչության դեմ: Սա քաղաքակրթությունների բախում է, և հայկական բանակը լուծում է համաշխարհային խնդիր. Սրանով պետք է ջարդենք այդ ահաբեկչության ողնաշարը, որը կարծես էլի ստացվում է: Մինչ այս կռիվները հիմնականում ասում էին՝ եթե գնանք Արցախի ճանաչմանը, ապա ստացվում է, որ այլևս բանակցելու բան չկա, սա էր հայկական կողմին տարիներով հետ պահում Հայաստանին՝ ճանաչել Արցախը: Հիմա խոչընդոտ չկա. ես կարծում եմ, որ սա հենց այն պահն է, որ Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը: Թուրքերը պատրվակը տվեցին: Դրանով մենք կբացենք միջազգային հարթակում Արցախի ճանաչման գործընթացի ճանապարհը»:

Նա ընդգծեց, որ Ադրբեջանը թուլացել է, քանդվում է. «Թուրքերը ոչ թե հայկական որևէ բան գրավեցին, այլ գրավեցին Ադրբեջանը. Նախիջևանը չասեմ, որ վաղուց թուրքական տարածք էր, հիմա, կարելի է ասել, թուրքական ռազմաքաղաքական ազդեցությունն էլ ավելի մեծացավ և որոշիչ դարձավ բուն Ադրբեջանի տարածքում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս