«Պետական կառույցների կողմից տրամադրվող կացարանները դեռևս ամբողջությամբ գործի չենք դրել». Զարուհի Բաթոյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի խոսքով՝ Արցախից ժամանակավորապես տեղափոխված քաղաքացիների տեղավորման խնդիրները լուծվում են տարբեր կամավորական խմբերի և նախարարության համակարգման միջոցով:
«Սոցիալական աջակցությամբ շտապ մի քանի կամավորական խմբեր են գործում: Հիմնականում մենք քաղաքացիներին տեղավորել ենք մասնավոր սեկտորի կողմից տրամադրված կացարաններում, հյուրանոցներում: Սննդի հարցը ևս լուծվում է քաղաքացիների աջակցությամբ՝ մարզպետարանների հետ համագործակցությամբ: Պետական կառույցների կողմից տրամադրվող կացարանները դեռևս ամբողջությամբ գործի չենք դրել, այսինքն՝ դրանց մեծ մասն ազատ է, մենք այս պահին անընդհատ զարգացնում ենք համակարգերը, քաղաքացիներին հաշվառելու, նրանց կարիքներին արձագանքելու համար»,- խորհրդարաանում լրագրողների հետ զրույցում ասաց Զարուհի Բաթոյանը:
Նախարարը շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին՝ աջակցության համար, և կոչ արեց, որ իրենց աջակցությունը համակարգված տրամադրեն, և, եթե ունեն ռեսուրսներ, որոնք ուզում են ծառայեցնել արցախցիներին, ապա դա անեն պետական մարմինների, նախարարության և մարզպետարանների միջոցով, քանի որ այնտեղ կարիքներն ավելի լավ գիտեն:
Ինչ վերաբերում է համացանցում հայտնված տարբեր աջակցությունների մասին հայտարարություններին, նախարարն ասաց, որ այդ ամենն ինքնաբուխ ու ապակենտրոն է:
«Ինչ վերաբերում է պետական կացարաններին, ապա դրանց մեծ մասը պատրաստ է, որոշակի խնդիրներ կան, որոնք մենք ընթացքում լուծում ենք, բայց այս պահին դրանց անհրաժեշտությունը չկա, սակայն մենք ամեն ինչի պետք է պատրաստ լինենք»,- ասաց Զարուհի Բաթոյանը:
Անդրադառնալով օրերս համացանցում արված իր գրառմանը՝ կաթսաներով ակցիա անցկացնելու վերաբերյալ, Զարուհի Բաթոյանն ասաց, որ այդ ամենն ապատեղեկատվություն է: «Ես չեմ խոսել կաթսաների մասին, ես ասել եմ երգով աջակցելու մասին»,- եզրափակեց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում