Ռուսաստանն ու Թուրքիան հակամարտող կողմերին կարող են օգնել դիվանագիտությամբ, ոչ թե զինյալներ ուղարկելով․ ԵԽ էստոնացի պատգամավոր

«ԼՂ հակամարտության միակ երկարատև լուծումը կարող է լինել փոխադարձաբար ընդունելի և համաձայնեցված լուծումը»,- այս մասին քիչ առաջ Եվրախորհրդարանում ծավալված քննարկման ժամանակ ասաց ԵԽ էստոնացի պատգամավոր Ուրմաս Պաե Ռենեն` անդրադառնալով Արցախյան հակամարտության գոտում բռնկված պատերազմական գործողություններին։

Նա նշեց, որ անընդունելի է օգտագործել բռնություններն ու սպանությունները միջազգային հարաբերություններում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև։ «Դուք կարող եք պարտադրել ինչ-որ բաներ և փոփոխություններ մտցնել, երբ ունես ուժ, բայց ակնհայտ է, որ նման փոփոխությունները  երկարատև չեն։ Միակ երկարատև լուծումը կարող է լինել փոխադարձաբար ընդունելի և համաձայնեցված լուծումը, դա նշանակում է՝ բանակցություններ, խոսակցություններ միմյանց հետ, դա նշանակում է՝ դիվանագիտություն»,- ասաց ԵԽ պատգամավորը։

Նա այն կարծիքին է, որ հակամարտող երկրների քաղաքական իշխանությունների գործողությունների հետևանքով տուժում են հասարակ մարդիկ, քանի որ տեղի են ունենում սպանություններ, մարդիկ զրկվում են իրենց տնից։

Նրա որակմամբ՝ բռնությունը ծնում է  բռնություն, և սա կունենա երկարաժամկետ և երկարատև հետևանքներ։

Ուրմաս Պաե Ռենեի խոսքով, եթե այլ հետաքրքրված կողմեր, ինչպես Թուրքիան  և Ռուսաստանը, ցանկանում են ինչ-որ բան ներդնել այս հակամարտությունում, ապա կա ճանապարհ, բայց ոչ ուղարկելով զինյալներ կռվելու  հակամարտության գոտում կամ դրանով աջակցելով կողմերից մեկին։

«Նրանք կարող են օգնել դիվանագիտությամբ կամ առաջ մղելով բանակցային գործընթացը»,- նման կարծիք հայտնեց պատգամավորը` շարունակելով, որ  բռնությունը պետք է դադարեցվի։

Նրա խոսքով, ԵՄ ԱլԳ ծրագրով փորձել է նպաստել հասարակությունների մերձեցմանը և  ցույց տալով, որ հասարակություններին բարգավաճում բերելու միակ ճանապարհը  խաղաղ ճանապարհն է։ «ԵՄ-ն պետք է շարունակի օգնել Հայաստանին և Ադրբեջանին գտնել ճանապարհ, բայց դա պատերազմի ժամանակ չի կարող լինել»,- ասաց էստոնացի պատգամավորը։

Տեսանյութեր

Լրահոս