«Եթե չլինի հայոց պետականությունը, Վրաստանի պետականության գոյությունը օրերի հարց է». Դավիթ Բաբայան
«Թշնամին թիրախավորում է բացառապես քաղաքացիական օբյեկտներ, և սա ռազմավարություն է, սա իրենց հոգու կառուցվածքն է, իրենց փիլիսոփայությունը, աշխարհայացքը, այսինքն՝ ահաբեկել մեզ, ոչնչացնել քաղաքացիական օբյեկտները, թիրախավորել դպրոցները, մանկապարտեզները, որպեսզի փորձ կատարի մեր ժողովրդի կամքը կոտրել. Չի՛ ստացվելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ ընդգծելով՝ ինչքան թշնամին նման պահվածք է ցուցաբերում, այնքան ավելի կարծր ենք դառնում:
«Այն, ինչ արեցին Ալիևն ու Էրդողանը՝ վերջին ժամանակահատվածի ամենամեծ հանցագործները, նրանք մեծ հարված հասցրին նաև բանակցային գործընթացին, ձևաչափին, ամեն ինչին: Այսպիսի հանցագործությունների համար նրանք անպայման պետք է պատիժ կրեն: Ցանկալի է, որպեսզի այդ պատիժը լինի միջազգային դատարաններում, որովհետև եթե մի երկիր, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, համագործակցում է ահաբեկիչների հետ՝ առանց իրենց գործընկերներին տեղյակ պահելու, մտնում է պատերազմ, վտանգում է ամբողջ աշխարհը՝ երրորդ համաշխարհային պատերազմով, այդ երկրի ղեկավարը պետք է կրի պատասխանատվություն: Կրելու են պատասխանատվություն, Աստծո առջև կրելու են նրանք, նրանց ընտանիքները, սերունդները, բայց սա այլ հարց է: Այս պահի դրությամբ թիրախավորում են միմիայն քաղաքացիական օբյեկտները, ենթակառուցվածքները, ամեն ինչ անում են, որպեսզի մաքսիմալ վնաս հասցնեն մեր բնակիչներին»,- ասաց նա:
Նա նշեց, որ հայկական կողմը պետք է շատ զգույշ լինի և հարյուր տոկոսանոց փաստեր հավաքի, թե որ երկիրն իրեն ինչ կերպ է պահել այս ընթացքում:
«Մենք Վրաստանը, վրաց ժողովուրդը համարում ենք մեզ բարեկամ, ունենք ընդհանուր ճակատագիր: Եթե չլինի հայոց պետականությունը, Վրաստանի պետականության գոյությունը օրերի հարց է: Եվ եթե ինչ-որ մեկը Վրաստանում մտածում է, որ կարող են իրենք առանց հայոց պետականության, առանց նույն Արցախի (թեպետ իրենք չեն ճանաչում), կարող է լինի երաշխավորված, սխալվում են, որովհետև Վրաստանը նույնպես դառնալու է թիրախ՝ ահաբեկչության և պանթուրքիզմի: Հետևաբար, ես ավելի քան համոզված եմ՝ վրաց ժողովուրդն այս ամենը ավելի, քան լավ է պատկերացնում: Եվ վաղը իրենք նույնպես թիրախավորվելու են: Եթե մենք պայքարում ենք քաղաքակիրթ աշխարհի համար, պայքարում ենք նաև Վրաստանի համար, որ վաղը իրենք չդառնան թիրախ: Իսկ իրենք եթե թիրախավորվեն, դա լինելու է վրաց պետականության վերջը: Այս պահի դրությամբ եկեք՝ սպասենք, բոլոր փաստերը հավաքագրենք, և երբ ամեն ինչ ավարտվի, այդ ամենի մասին մենք պարտավոր ենք խոսել, որպեսզի հետագայում որևէ խնդիր երկու բարեկամ, եղբայրական ժողովուրդների միջև չլինի»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը: