Սիրիան COVID-19-ի դեմ ռուսաստանյան պատվաստանյութի մատակարարումներ է խնդրում

Սիրիան COVID-19-ի դեմ ռուսաստանյան պատվաստանյութի մատակարարումներ է խնդրում, Մոսկվայի հետ բանակցություններ են անցկացվում այդ հարցի շուրջ, ծավալը կորոշի ավելի ուշ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:

«Ինչպես ես հասկանում եմ, այդ պատվաստանյութը դեռ հասանելի չէ համաշխարհային շուկայում, բայց մենք պատրաստվում ենք Ռուսաստանի իշխանությունների հետ քննարկել, թե երբ այն կկարողանա հասնել Սիրիա: Դա շատ կարեւոր է»,-ասել է Ասադը:

Այն հարցին, թե պլանավորում է արդյոք Դամասկոսը ռուսաստանյան պատվաստանյութի մատակարարումներ խնդրել, նա պատասխանել է՝ հաստատորեն: «Որոշակիորեն՝ այո:

Այժմ դա անհրաժեշտ է»: Ինչ վերաբերում է մատակարարումների ծավալին, Սիրիայի ղեկավարի խոսքով, դա կախված է այն բանից, թե ինչ քանակությամբ պատվաստանյութ հասանելի կլինի:

«Նաեւ հարկավոր է Սիրիայի առողջապահական մարմինների հետ քննարկել, թե որքան է մեզ հարկավոր… Սիրիայում բոլորը հետաքրքրված են ռուսաստանյան պատվաստանյութով եւ այն բանով, թե այն երբ հասանելի կլինի»,-նշել է Ասադը: Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը: Դա լուծույթ է՝ միջմկանային ներարկման համար:

Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով:

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքագլխի սոցիալական զարգացման հարցերի գծով տեղակալ Անաստասյա Ռակովան հայտնել է, որ սեպտեմբերի 7-ից Մոսկվայում սկսվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հետգրանցումային հետազոտությունները, իսկ սեպտեմբերի 9-ից պատվաստում են ստացել առաժին մասնակիցները:

Ընդամենը հետազոտությանը կմասնակցի 40 հազար կամավոր, որոնցից 10 հազարը պլացեբո կստանան: Դա անհրաժեշտ է պատվաստանյութի արդյունավետությունն ստուգելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս