«Սա շատ լավ լուր է ամբողջ հայության համար». Դավիթ Բաբայան
«Արցախը պինդ է, կանգուն է, բոլորը վճռական են մինչև վերջ պաշտպանելու մեր հայրենիքի սահմանները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով՝ թշնամին կորուստներ է տվել մի շարք հատվածներում. «Նրա մեծածավալ հարձակման փորձը լիակատար ձևով ձախողվել է: Մեծ ստորաբաժանումներ են վերացվել: Սա շատ լավ լուր է ամբողջ հայության համար: Ճիշտ է՝ հակառակորդի կողմից շարունակվել է ահաբեկչական գործողությունը, այն, ինչ մենք միշտ ասում էինք, ինչպես որակում էինք Ադրբեջանին՝ որպես ահաբեկչական երկիր, ևս մեկ անգամ ապացուցվեց: Նրանք այսօր ամբողջ գիշեր հրթիռակոծում և ռմբակոծում էին Ստեփանակերտը, մի շարք բնակավայրեր, գյուղեր և քաղաքներ: Կան ավերածություններ, կան տուժածներ, բայց որևէ ձևով մեր ժողովուրդը իր կամքը և վճռականությունը չի կորցնում: Կանգնելու ենք մինչև վերջ»:
Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ այսօրվա դրությամբ ակտիվանում է միջազգային ներգրավվածությունը. «Այն գործընթացները, որին մենք ականատես ենք լինում, թույլ են տալիս մեզ կանխատեսել, որ մոտ ապագայում՝ շատ շուտ, կլինեն ավելի մեծ ճնշումներ և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի վրա: Իհարկե, ամենամեծ ճնշումը ՊԲ և հայոց բանակի գրագետ, ճիշտ գործողություններն են ռազմի դաշտում, ինչ արդյունքները գրանցել ենք նաև այսօրվա ընթացքում»:
Նա ասաց, որ հիմա համառ մարտերը շարունակվում են, կան տեղեր, որտեղ համեմատաբար ավելի հանգիստ է, կան տեղեր, որտեղ ակտիվությունը շարունակվում է:
«Այն, ինչ հիմա անում են Արցախը և Հայաստանը, փաստորեն պայքար է ողջ քաղաքակիրթ աշխարհի համար. այստեղ է վճռվում Փարիզի, Լոնդոնի, Վաշինգտոնի, Մոկսվայի, Թեհրանի, Պեկինի, Դելիի ճակատագիրը՝ մոտակա տարիների ընթացքում, որովհետև Թուրքիայի և Ադրբեջանի հանցավոր քաղաքականության նպատակը ոչ միայն Արցախն ու Հայաստանն են, եթե իրենք հասնեն իրենց նենգ և անմարդկային նպատակներին, ապա Բոսֆորից մինչև Վոլգա, մինչև ույբուրական տարածքներ կստեղծվի ահաբեկչական խալիֆայություն, այնուհատեև կսկսվի ներթափանցումը Արևմտյան Եվրոպա և Ամերիկա: Սա լավ հասկանում են, և մենք տեսնում ենք, որ նույնիսկ անկախ մեծ տերությունների միջև առկա բարդ հարաբերությունների՝ մենք տեսնում ենք կոնսոլիդացված մոտեցում տվյալ հարցում: Եվ այս վերջին հայտարարությունը՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի նախագահների կողմից, ևս մեկ անգամ դա ապացուցում է: Մենք տեսնում ենք նաև, որ ուժեղանում է տարբեր երկրների վճռականությունը՝ անմիջական հարվածներ հասցնել ահաբեկիչներին:
Այն, որ Ռուսաստանի արտաքին հետախուզությունը հրապարակել է, որ ահաբեկիչների ներթափանցման մեծ վտանգ կա՝ դեպի Ռուսաստան, այն, ինչի մասին մենք խոսել ենք 5-6 օր առաջ, և այն, որ նրանք պատրաստվում են հարվածել Սիրիայում ահաբեկիչների հենակետերին, սա նշանակում է, որ իսկապես արդեն նոր որակ է ստանում համաշխարհային կոալիցիայի աշխատանքը: Այսօր հարվածում են ահաբեկիչներին Սիրիայում, վաղը 100 տոկոսով հարվածելու են մեր տարածաշրջանում տեղակայված ահաբեկիչների ճամբարներին, ինչն ինքնին ցույց է տալիս, որ միջազգային հանրության դիրքորշումն ու քայլերը արդեն նոր որակ են ստանում»: