
Թաքնված կրիպտոմայներների գրոհները հայաստանցի օգտատերերի վրա կտրուկ նվազել են

Թաքնված կրիպտոմայներները 2020-ի ապրիլ-հունիսին գրոհել են հայաստանցի օգտատերերի համակարգիչների 1,35%-ին այն դեպքում, երբ այդ ցուցանիշը Վրաստանում կազմել է 1,23%, իսկ Ադրբեջանում՝ 1,26%։
Թաքնված կրիպտոմայներների գրոհների 2019-ի երկրորդ եռամսյակում ենթարկվել է հայաստանցի օգտատերերի համակարգիչների 2,49%, Վրաստանում դրանք գրանցվել են օգտատերերի 2,22%-ի, իսկ Ադրբեջանում՝ 2,53%-ի մոտ։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն, թաքնված կրիպտոմայներները 2020-ի ապրիլ-հունիսին ամենաշատը գրոհել են Աֆղանստանի (4,08%), Եթովպիայի (4,04%) և Ուզբեկստանի (2,68%) օգտատերերին։
2020-ի երկրորդ եռամսյակում ընկերության լուծումները հայտնաբերել են մայներների 3672 նոր մոդիֆիկացիա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7156-ի դիմաց։
Թաքնված կրիպտոմայներներով գումար ձեռք գցող կիբեռհանցագործները գնալով ավելի շատ են կողմնորոշվում դեպի զարգացող շուկաները։ Տնային օգտատերերի և ընկերությունների սարքերի վրա աշխատող կրիպտոմայներները գործում են առավելագույնս աննկատ։ Դրանցից պաշտպանվելու համար փորձագետները խորհուրդ են տալիս չբացել անծանոթ հասցեներից եկած հաղորդագրություններին և նամակներին կցված ֆայլերը (նիշք), կանոնավոր կերպով կատարել բոլոր կարևոր ֆայլերի կրկնօրինակում և նորացնել բոլոր սարքերի ծրագրային ապահովումը, ինչպես նաև կիրառել հատուկ գործիքներ, որոնք ավտոմատ կերպով հայտնաբերում են խոցելիությունները և ներբեռնում ու տեղադրում դրանք փակող թարմացումները։
Ընկերություններին անհրաժեշտ է բոլոր համակարգիչների և սերվերների վրա գործարկել պաշտպանական լուծումներ, կանոնավոր կերպով աուդիտի ենթարկել կորպորատիվ ցանցի տեղեկատվական անվտանգությունը՝ անոմալիաների բացահայտման նպատակով։ Դա վերաբերում է նաև ցանցահենների ոչ այնքան ակնհայտ թիրախներին, ինչպիսիք են հերթի կառավարման համակարգերը, POS-տերմինալները և առևտրային ավտոմատները։ Պարտադիր է հավելվածների կառավարման գործառույթով հուսալի պաշտպանական լուծումների կիրառումը՝ օրինական հավելվածներում վնասաբեր գործողությունների բացահայտման համար։ Աշխատանքային կայանների պաշտպանության և աշխատակիցների կողմից անցանկալի ծրագրերի գործարկումը կանխելու նպատակով հարկ է կիրառել Default Deny տեխնոլոգիան։
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն