Ինչու միայն հիմա խուզարկեցին Խաչատուր Սուքիասյանի գրասենյակը. լուրջ գործերը թողած, թիթեռ են նկարում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ «ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրավապահները խուզարկություն են իրականացրել գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերության գրասենյակներից մեկում: Սուքիասյանի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանը հայտնել էր, որ իրավապահները գործողություններ են իրականացրել նրա եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանին պատկանող գրասենյակում: Ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում հայտնի միջադեպի գործով:
Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին մոսկվաբնակ գործարար Օնիկ Կարապետյանը հայտնել էր, թե Խաչատուր Սուքիասյանի կրտսեր եղբայրը Երեւանի Զավարյան փողոցում գտնվող գրասենյակում (Սիլաչի հյուրանոցի հարեւանությամբ) թիկնապահի հետ ծեծի է ենթարկել իրեն։ Եվ, ահա, հուլիսին արված հայտարարության հետքերով 2 ամիս անց խուզարկություն է իրականացվել, եւ, բնականաբար, անպտուղ:
«Ժողովուրդ» օրաթերթը իրավապահ իր աղբյուրներից տեղեկացավ, որ խուզարկության արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել:
Դե, իհարկե, եթե նույնիսկ որեւէ արգելված իր կամ նախաքննությանը հետաքրքրող ինչ-որ բան լիներ Սուքիասյանների մոտ, 2 ամսից ավելի ժամանակ ունեին թաքցնելու, հեռացնելու, հետքերը մաքրելու համար: Ու հիմա հարց է առաջանում՝ ինչու են իրավապահները, լուրջ գործերը թողած, «թիթեռ նկարում»՝ ձեւացնելով, թե գործ են անում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: