Հունաստանում կորոնավիրուսի պատճառով երկարացրել են սահմանափակումների գործողությունը
Հունաստանի իշխանությունները կորոնավիրուսի տարածումը կասեցնելու նպատակով մինչեւ հոկտեմբերի 12-ը երկարացրել են սահմանափակումների գործողությունը, որոնք մտցվել էին մայրաքաղաքի Ատտիկայի տարածաշրջանում: Այդ մասին հաղորդել է պաշտոնական կառավարական թերթը։
Միջոցառումները սահմանվել էին սեպտեմբերի 21-ին՝ վարակվածների թվի կտրուկ աճի առնչությամբ եւ գործել են մինչեւ հոկտեմբերի 4-ը: Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը սեպտեմբերի 24-ին հառուստաուղերձում հայտարարել է, որ երկիրը գտնվում է համավարակի դեմ պայքարի օրհասական փուլում: Նրա խոսքով՝ կառավարությունը մտադիր չէ երկրորդ անգամ ամբողջական կարանտին սահմանել, բայց բնակչությունը պետք է պահպանի իշխանությունների կարգադրությունները: Ատտիկայում արգելվել է հասարակական սննդի ձեռնարկությունների, դիսկոտեկների, բարերի, կաբարեների, գիշերային ակումների եւ ժամանցային հաստատությունների աշխատանքը կեսգիշերվանից մինչեւ առավոտյան ժամը հինգը: Դադարեցված է հաստատություններում եւ բացօթյա համերգների անցկացումը: Դադարեցված են ֆիլմերի ցուցադրությունները փակ կինոթատրոններում, չեղարկվել են թատերական ներկայացումները: Թույլատրված է ոչ ավելի, քան ինը մարդու հավաքվելը հաստատություններում, ինչպես նաեւ բացօթյա: Հարսանիքներին, հուղարկավորություններին, մկրտություններին կարող է ներկա գտնվել առավելագույնը 20 մարդ, թեեւ դեռ օգոստոսին թույլատրված էր մինչեւ 100 հյուր:
Սրճարաններում սեղանների առջեւ պետք է լինի ոչ ավելի, քան վեց մարդ: Կեսգիշերվանից մինչեւ առավոտյան ժամը հինգը դադարեցվել է տարբեր խանութների աշխատանքը, օրինակ՝ կրպակների, մինի-մարկետների եւ այլն: Բանջարեղենի շուկաներում կիսով չափ կրճատվել է վաճառատեղերի քանակությունը, վաճառասեղանների միջեւ նվազագույն տարածությունը երեք մետր է: Իշխանությունները պլանավորում են ուժեղացնել ստուգումները եւ պատժամիջոցներն այն գործատուների եւ աշխատակիցների նկատմամբ, որոնք չեն պահպանում անպատական պաշտպանության միջոցներն աշխատավայրում, այսինքն՝ դիմակների պարտադիր կրումը: Այժմ օրական անցկացվում է 40 հազար ստուգում: Բնակչության խոցելի խմբերը եւ 65 եւ ավելի բարձր տարիքի քաղաքացիներին հանձնարարվում է սահմանափակել տեղաշարժը հաջորդ 24 օրվա ընթացքում: Նրանք պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ, խուսափեն մարդկանց հետ շփումներից, բացի մերձավորներից, եւ ձեռնպահ մնան հասարակական տրանսպորտով ուղեւորություններից, հաղորդել է, ՌԻԱ Նովոստին: