Ինչից է վախենում Ռուսաստանն Արցախյան պատերազմում և ինչու հրապարակայնորեն չի միջամտում. Մեկնաբանում է Կայծ Մինասյանը
«Արցախյան պատերազմին զուգահեռ՝ դիվանագիտական ջանքերը ծավալվում են մի քանի ուղղությամբ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ֆրանսաբնակ քաղաքական վերլուծաբան Կայծ Մինասյանը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության գոտում տեղի ունեցող պատերազմին զուգահեռ ներդրվող դիվանագիտական ջանքերին ու դրանց արդյունավետությանը:
Նա նշեց, որ այն դիվանագիտական խառնաշփոթը, որն այսօր կա Արցախյան հակամարտության շուրջ, հասկանալի է, քանի որ ընթանում է պատերազմ, իսկ Ղարաբաղյան պատերազմը հայրենական պատերազմ է և բացարձակապես այլ նշանակություն ու հետևանք կարող է ունենալ տարածաշրջանի ու աշխարհի համար, քան Սիրիայի ու Լիբիայի պատերազմները:
«Ինչո՞ւ, որովհետև Սիրիայի և Լիբիայի պարագայում գործ ունեինք քաղաքացիական պատերազմների հետ, պետություն չկա թե Սիրիայում, թե Լիբիայում, խոսքը նաև ինքնիշխան պետության մասին է, ազգային բանակ չկա, իսկ Ղարաբաղում այլ տեսակ պատերազմ է, որովհետև ունենք ազգային բանակ Ադրբեջանում և ազգային բանակ Արցախում և Հայաստանում, մեր տարածաշրջանի պետությունները քանդված պետություններ չեն, ինքնիշխան են, և Հայաստանը ռազմավարական գործընկերություն ունի Ռուսաստանի հետ, իսկ Ադրբեջանը՝ Թուրքիայի հետ, իսկ Թուրքիան լինելով ՆԱՏՕ-ի անդամ և միջամտելով Արցախյան հակամարտությանը՝ հարվածի տակ է դնում ողջ կառույցը և անդամ երկրներին: Դիվանագիտական գործընթացում, բացի ԵԱՀԿ Մինսկի խմբից, կարևոր է երկրորդ ուղղությունը՝ Աստանայի գործընթացը՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ: Ջիհադիստների ներկայությունն Ադրբեջանի տարածքում շատ վտանգավոր է թե Ռուսաստանի, թե Իրանի անվտանգության համար, ուստի Ռուսաստանը և Իրանն ավելի աշխույժ դիվանագիտություն են վարում: Այսինքն՝ Էրդողանը կա՛մ գիտի՝ այս ամենն ինչ հետևանքներ է ունենալու, և անպատասխանատու է, կա՛մ չի հասկանում, թե որքան վտանգավոր խաղ է խաղում տարածաշրջանում, և խենթ է:
Դա կարող է վերաճել պատերազմի ոչ միայն Կովկասում, այլև ուրիշ վայրերում, այդ պատճառով է, որ իսկապես Արևմուտքի պետությունները պետք է «ապտակեն» Էրդողանին, և մյուս կողմից՝ պատժեն Ալիևին՝ «ականջից քաշեն», որովհետև բոլորը գիտեն, եթե ոչ Ցեղասպանություն, գոնե մաքրագործման ծրագիր ունեն հայերի հանդեպ Կովկասում, և դա ոչ միայն սարսափելի է, այլև անհնար, քանի որ այսօր մենք հզոր բանակ ունենք, և դա հնարավոր չէ: Դիվանագիտական գործընթացն արդյունք չի ապահովում, որովհետև մարտական գործողությունները շարունակվում են, և հայերը ցանկանում են հակահարձակում սկսել, որի իրավունքն ունեն ու ճիշտ են ասում, քանի որ այդպես կարող է վերջնականապես լուծվի այդ հարցը»,- ասաց Կայծ Մինասյանը:
Անդրադառնալով հոկտեմբերի 5-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի Թուրքիա կատարելիք այցին ու Թուրքիայի նկատմամբ ՆԱՏՕ-ի հնարավոր ճնշումներին Թուրքիայի Ղարաբաղյան միջամտությունը սահմանափակելու ուղղությամբ՝ Կայծ Մինասյանն ասաց, որ այդ այցը լավ նշան է: Նրա կարծիքով՝ Թուրքիան շահագործում է Գերմանիայի և ԱՄՆ-ի լռությունը:
«Չեմ ասում, թե այս երկրները համաձայն են Թուրքիայի հետ, բայց Էրդողանն այդ պասիվությունից օգտվում է: Եթե Ֆրանսիան Կանադայի, Հունաստանի, Գերմանիայի և ԱՄՆ-ի հետ նախաձեռնություն սկսի ավելի աշխույժ ու կոշտ ձևով, որպեսզի Թուրքիային նստեցնեն սեղանի շուրջ և հաշիվ պահանջեն՝ ոչ միայն հարձակման, այլև տարածաշրջան ջիհադիստներ մտցնելու համար: Բացի այս ամենը, Արևմուտքի համար ոչ միայն Սիրիան է կարևոր, Լիբիան, Ղարաբաղը, բայց Արևմուտքը հասկանում է, որ գործողությունների հաջորդ թատերաբեմը Բալկանյան երկրներն են, և դա շատ վտանգավոր է Արևմուտքի համար»,- ասաց Մինասյանը:
Ինչ վերաբերում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական ջանքերին՝ զանգեր համանախագահ և հակամարտող երկրների ղեկավարներին, նոր առաջարկներ, ապա Կայծ Մինասյանը գտնում է, որ Ֆրանսիան շատ հետաքրքիր «կեցվածք է ընդունել»:
Ըստ նրա՝ նախ Ֆրանսիան հասկացավ, որ հայերը մինչև վերջ են գնալու, որովհետև դա կյանքի, փրկության պատերազմ է հայերի համար, և տեսնելով, որ հայերի հակահարձակում սկսելով՝ այս ամենը վստահաբար բոլոր մայրաքաղաքների վրա կանդրադառնա, և Ֆրանսիան ցանկանում է անպայման լեզու գտնել, համագործակցել Ռուսաստանի հետ հանուն տարածաշրջանի խաղաղության:
«Կարծում եմ, որ Մակրոնը Ղարաբաղյան հարցը դրականորեն օգտագործում է, որպեսզի առիթ ունենա Ռուսաստանի հետ համագործակցել, որովհետև Մակրոնի վերջին նախաձեռնությունը Լիբանանում ոչ մի արդյունքի չհանգեցրեց, և Ֆրանսիան իբրև ՄԽ համանախագահ երկիր՝ կարող է քաղաքական նախաձեռնություններով հանդես գալ: Չի բացառվում, որ Մակրոնը դրական արդյունքի հասնի այս գործընթացում՝ Լիբանանում պարտության փոխարեն, ինչո՞ւ, որովհետև խոսում է թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ: Ֆրանսիան իմանալով, որ Ռուսաստանը չի կարող միայն դիվանագիտական գործընթացում ներկա լինել, իր խաղն է խաղում, ուստի Ֆրանսիան ավելի ակտիվ ձևով է մասնակցում դիվանագիտական գործընթացում, իսկ թե ինչ տեսակ առաջարկ, նոր մոդել, նախաձեռնություն կներկայացնի՝ հայտնի չէ: Հավանաբար Արցախի Հանրապետության ներկայացուցիչների ներկայությունն այս գործընթացում ինքնաբերաբար տեղին է և օրինավոր է, որովհետև տեսանք, որ Ադրբեջանի բլից-կրիգ պատերազմը չհաջողվեց մինչ այսօր: Չնայած թուրք-ադրբեջանական դժգոհություններին՝ Ֆրանսիան իր գործն է անում, Ֆրանսիայի կողմից ոչ մի սխալ չի եղել»,- ասաց Կայծ Մինասյանը:
Հարցին, թե ինչո՞ւ այս անգամ, հատկապես, երբ լայնածավալ պատերազմ է ծավալվել Արցախյան հակամարտության գոտում, Ռուսաստանի բարձր ղեկավարությունը կոնկրետ նախաձեռնություններով հանդես չի գալիս, ինչպես նախկինում, Կայծ Մինասյանը պատասխանեց, որ Ռուսաստանն ու Թուրքիան համագործակցում են և լարված հարաբերություններ ունեն թե Սիրիայում, թե Լիբիայում:
Նրա որակմամբ, Թուրքիան Ղարաբաղում երրորդ ճակատը բացեց, որպեսզի խանգարի Ռուսաստանին իր ազդեցության գոտում:
«Թուրքիան ցանկանում է սադրել Ռուսաստանին, որպեսզի ստատուս-քվոն փոխվի տարածաշրջանում, և Ադրբեջանն առիթից օգտվելով՝ սկսեց լայնածավալ պատերազմ հայերի դեմ: Իսկ Ռուսաստանը դիլեմայի առջև է: Եթե Ռուսաստանը շարունակի հակաարևմտյան ոճը Թուրքիայի հետ, նշանակում է՝ Ռուսաստանը քաջալերում է Թուրքիայի շահերը Կովկասում, որը ռուսների համար անհնար է:
Մյուս կողմից՝ եթե Ռուսաստանը շեշտը դնի ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևորության վրա, նշանակում է՝ ցանկանում է Արևմուտքի հետ լեզու գտնել, բայց եթե այդպես է, նշանակում է, որ Թուրքիան պետք է դուրս մնա Ղարաբաղից և շրջանից, իսկ այս դեպքում էլ Ռուսաստանը մտավախություն ունի, որ թուրքերը կարող են սադրանքի դիմել Սիրիայում կամ Լիբիայում: Ռուսաստանի համար կարևոր է սկզբունքային քաղաքականությունը, և, որպեսզի լինի կայունություն ու ազդեցություն այս տարածաշրջանում: Կարևոր է, որպեսզի ողջ աշխարհը ճանաչի Ռուսաստանին՝ որպես գլխավոր դիվանագիտական ուժ Հարավային Կովկասում, քանի որ թե հայերի, թե ադրբեջանցիների հետ համագործակցում է, բայց մյուս կողմից էլ՝ ուղիղ ռմբակոծում չկա Հայաստանի տարածք, և Ռուսաստանը չի կարող միջամտել, Արցախը Հայաստանից դուրս է՝ ըստ ռուսների: Բայց սա վտանգավոր խաղ է, քանի որ, երբ թուրքերը ջիհադիստներ տեղափոխեցին Կովկաս, այն ժամանակ ռուսներն ասացին, որ Թուրքիան հատել է կարմիր գիծը, և շատ հավանական է, որ հրապարակային բեմում Ռուսաստանը չեզոք դիրքորոշում է պահպանում, իսկ կուլիսներում այլ կերպ է իրեն դրսևորում: Դա, ամենայն հավանականությամբ, այդպես է»,- ասաց Մինասյանը:
Ամփոփելով իր խոսքը՝ ֆրանսաբնակ քաղաքագետն ասաց, որ հայերն այլ տարբերակ չունեն, քան հաղթելը, որովհետև սա հայերի փրկության պատերազմն է: Ժամանակն է, որպեսզի միջազգային համայնքը վճարի իր պարտքը հայերի առջև և շեշտը դնի այդ պարտքի վրա, որովհետև 100 տարի Ցեղասպանությունից հետո, Հայաստանի Հանրապետության քանդումից հետո՝ 1920 և 1923 թվականներին՝ այդ 8 տարվա ընթացքում միջազգային համայնքը տարբեր պատասխանատվությամբ երեք անգամ սպանեց հայ ժողովրդին, մեր տղաները ցույց են տալիս, որ այլևս Դուք՝ թուրքեր, Դուք՝ Ռուսաստան, Դուք՝ եվրոպացիներ, Դուք՝ ամերիկացիներ, պետք է պարտք վճարեք հայ ժողովրդին, այլ տարբերակ չկա»,- ասաց Կայծ Մինասյանը: