Ռուսաստանը չի գնա պատերազմի Ադրբեջանի դեմ, Ռուսաստանը մեկ ելք ունի․ Ալեքսանդր Ռար

«ԵՄ-ն չգիտի՝ ինչպես հանգցնի հետսովետական «հրդեհները»»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց գերմանացի վերլուծաբան Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության գոտում բռնկված պատերազմական գործողություններին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի տարածած հայտարարությանը, Լավրով-Չավուշօղլու բանակցություններին, ինչպես նաև ՀԱՊԿ-ի դերին։

Ալեքսանդր Ռարն ասաց, որ եվրոպական տեսանկյունից այն, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում՝ աղետ է, հետսովետական տարածքում շատ են հակամարտությունները, Ուկրաինայում պատերազմ է ընթանում, Ղարաբաղի շուրջ ևս պատերազմ է, և ԵՄ-ն չգիտի, թե ինչպես կարող է հանգցնել այս «հրդեհները»։

«Մենք տեսանք, որ ԵԱՀԿ ՄԽ նախագահները հայտարարություն տարածեցին՝ կոչ անելով անհապաղ հրադադար հաստատել, բայց մենք հասկանում ենք՝ ի՞նչ դրանից, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները չեն կարողանում դադարեցնել ռազմական գործողությունները և լուծել հակամարտությունը, ուստի բավական տխուր իրավիճակ է։ Արևմուտքում այս ամենի վերաբերյալ միասնական վերաբերմունք չկա, ինչպես Լիբիայի, Սիրիայի, Ուկրաինայի մասով։ Տեսնում ենք, որ Ֆրանսիան Հայաստանի կողմից է, ԱՄՆ-ն զուսպ և հավասարակշռված դիրքորոշում է ստանձնել, տեսնում եմ, որ գերմանական մամուլն անկեղծորեն գրում է, որ ԼՂ-ն միջազգային իրավունքով Ադրբեջանին է պատկանում, 10 տարի այդպես չէին գրում գերմանական ԶԼՄ-ները, և դա կապված է Ղրիմի հետ, նրանք վախենում են, որ, եթե լեգալիզացնեն ԼՂ-ն Հայաստանի հետ, ապա Ղրիմն էլ կլինի Ռուսաստանի հետ։ Այսինքն՝ այս հակամարտության առնչությամբ շատ են խնդրահարույց հանգամանքները։ Կարծում եմ, ամեն դեպքում ԵՄ-ն հասկանում է, որ պետք է լուրջ քայլեր ձեռնարկել, և սառեցված վիճակում թողնելը ևս լուծում չէ, վտանգները չափազանց շատ են, և եթե այսօր «հանգցնեն» առանց լուծման, վաղը կրկին բռնկում է լինելու։ ԵԱՀԿ ՄԽ-ն ստիպված կլինի ավելի լուրջ վերաբերվել իրեն վստահված գործին»,- նման կարծիք հայտնեց Ռարը։

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Թուրքիան ցանկանում է դառնալ տարածաշրջանային տերություն և, իհարկե, շատ ինքնավստահ է գործում, Թուրքիայի նոր դերը նպաստում է Թուրքիայի ամրապնդմանը, Թուրքիան չի վախենում Արևմուտքի հետ հարաբերություններում հնարավոր խնդիրներից, ՆԱՏՕ անդամ երկրների հետ այդ հարցով, ինչպես նաև Միջերկրական ծովում խնդիրներից, Թուրքիան զգում է, որ ԵՄ-ից ուժեղ է, ԱՄՆ-ի հետ չի վիճի, իսկ Ռուսաստանի հետ՝ կպայմանավորվի։

«Նրանք հասկանում են, որ ոչ մի դեպքում ռազմական գործողություններ չպետք է թույլ տալ ավելի մեծ տերությունների մասնակցությամբ, Թուրքիան կհասկանա, որ Ռուսաստանի նման միջուկային տերության հետ չպետք է կռվել, Թուրքիան ներկայումս ավելի ինտենսիվ կերպով է առաջ մղելու իր շահերը, քան վերջին տարիներին, Թուրքիան ամրապնդվել է, իրեն սահմանափակված չի զգում արևմտյան պատժամիջոցներից կամ այլ քայլերից, ստեղծում է իր կայսրությունը։ Ռուսաստանը ևս չի կարող պատերազմել Թուրքիայի հետ, պետք է պայմանավորվեն, այլ տարբերակ չկա»,- ասաց Ռարը։

Հարցին, թե լինելով ՀԱՊԿ անդամ երկիր, ունենալով անվտանգության ռուսական երաշխիքներ՝ Հայաստանի տարածքը ենթարկվում է ռազմական ոտնձգությունների, ՀԱՊԿ-ը և Ռուսաստանը ե՞րբ կարձագանքեն Հայաստանի դեմ ուղիղ ռազմական ագրեսիային, Ռարը պատասխանեց, որ Ռուսաստանը չի գնա մեծ պատերազմի Ադրբեջանի հետ, քանի որ կներքաշվի Թուրքիան, Թուրքիան ՆԱՏՕ անդամ է, որն էլ իր հերթին՝ սկսելու է ամերիկացիներից օգնություն խնդրել։

«Ուստի, եթե խոսենք ռուսական շահերի մասին, ապա այդ շահերից է բխում կանգնեցնել հակամարտությունը, այլ ելք չունի Ռուսաստանը, իսկ ՀԱՊԿ-ը հետաքրքիր, բարդ կազմակերպություն է։ Միջինասիական իսլամական երկրները, որոնք ՀԱՊԿ կազմում են, երբեք չեն գնա Ադրբեջանի դեմ, ուստի ՀԱՊԿ-ը՝ որպես կազմակերպություն, միասնական չի կարող հանդես գալ, ինչպես և՝ ՆԱՏՕ-ն բազում հարցերում։ Ես չգիտեմ՝ ի՞նչ կլինի, եթե ուղիղ լայնածավալ հարձակում սկսվի հայկական տարածքի վրա, չեմ կարծում, որ Ադրբեջանը դրան կհասնի, քանի որ հասկանում է, որ այդ դեպքում Հայաստանը Ռուսաստանի գործընկերն է, Հայաստանը կարող է օգնություն խնդրել Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից, ուստի ինձ թվում է, որ պատերազմական գործողությունները կենտրոնացած կլինեն Ղարաբաղում, և, իհարկե, Ադրբեջանը փորձելու է Արևմուտքում հասնել նրան, որ Արևմուտքն ավելի բարձր ու բարձր ճանաչի, որ դա Ադրբեջանին է պատկանում միջազգային իրավունքով։ Ամփոփելով ասեմ, որ ՄԽ համանախագահության հովանու ներքո ԵՄ-ն ակտիվություն կցուցաբերի, և անհրաժեշտ կլինի, որ Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվեն»,- ասաց Ռարը։

Տեսանյութեր

Լրահոս